Լրահոս
Օրվա լրահոսը

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը` Սուրբ Էջմիածնի ուխտի օր

Մայիս 05,2016 17:45

Մայիսի 5-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Հարության քառասուներորդ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Համբարձման բերկրառատ տոնը, որի ընթացքում տոնախմբվում է նաև Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ.-ին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության պատմական հիշատակը: Տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ հռչակվել է նաև իբրև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Այս առիթով Մայր Աթոռ էին ժամանել հայաստանյան թեմերի առաջնորդները և բազում ուխտավորներ:

Տերունական օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ Համբարձման տոնի պատգամին` նշելով. «Հարությունից քառասուն օրեր անց Քրիստոս հավաքեց իր աշակերտներին և բարձրացավ Ձիթենյաց լեռը` երկինք համբարձվելու և Հայր Աստծու աջ կողմը նստելու: Համբարձման տոնը, որ մենք տոնում ենք այսօր, մեզ ամեն տարի հիշեցնում է, որ պարտավոր ենք հետևել Քրիստոսի օրինակին, կատարել Աստծու բոլոր պատվիրանները, ապրել այնպիսի կյանքով, որպեսզի երբ ժամանակը գա, կարողանանք համբարձվել, բարձրանալ և նստել Աստծու աջ կողմում»:

Խոսելով Տիրոջ կողմից Համբարձման ժամանակ աշակերտներին տրված պատվիրանի մասին. այն է` քարոզել փրկության Ավետարանը` Եզնիկ արքեպիսկոպոսը ներկայացրեց Հայաստանում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների կողմից իրականացրած քարոզչությունը և Հայոց Եկեղեցու հիմնադրումը:

5---Hambardzman-ton-5
«Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները հաստատեցին Հայ Եկեղեցին, որով հայ ժողովուրդը դարձավ Աստծու ընտրյալ նոր ժողովուրդը: Անշուշտ, մենք հասկանում ենք, որ բոլոր քրիստոնյաներն են Աստծու ժողովուրդ, սակայն ամեն մի Եկեղեցի` ազգային, թե տեղական, իր ամբողջության մեջ Աստծու Եկեղեցին է: Եվ այն վավերական եկեղեցի է մնում այնքան ժամանակ, ինչքան որ ինքն իրեն զգում է Քրիստոսի համաշխարհային Եկեղեցու անբաժան մասնիկը: Եվ մեր ժողովուրդը երկու հազար տարի շարունակ ապրեց քրիստոնեական կյանքով ու արժեքներով: Մեր ժողովուրդը միշտ հիշեց Համբարձման տոնը և զգաց, որ ինքը միշտ պետք է համբարձվի», – նշեց պատարագիչ Սրբազանը:
Այս կապակցությամբ Եզնիկ արքեպիսկոպոսը, անդրադարձ կատարելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, խոսեց նաև հայրենյաց պաշտպանության համար իրենց կյանքն ընծայած զինվորների մասին:
«Նրանք բռնեցին այն ճանապարհը, որ տանում է առ Աստված, նրանք բռնեցին այն ճանապարհը, որ տանում է սրբացման ուղիով, և մենք՝ Հայ Եկեղեցին և հայ ժողովուրդը, այսօր այնպիսի անհատներ ձեռք բերեցինք, որոնց անունը միշտ պիտի գրվի մեր Եկեղեցու պատմության մեջ, որովհետև պաշտպանելով հայոց հողը՝ մենք պաշտպանում ենք Քրիստոսի անունը: Աստված է, որ Հայրենիք հասկացությունը տվել է մարդկությանը, և հայրենիքի պահպանությունը այն պարտադիր գրավականն է, որ ամեն մի ազգի դարձնում է ազգ…», – ընդգծեց Սրբազանը:

Պատարագիչ Սրբազանը նաև իր խորհրդածությունները ներկայացրեց Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի փոխադրության հիշատակի առիթով: Այս կապակցությամբ նա մասնավորապես նշեց. «Դժվարին օրեր էին Կիլիկիայում, և հայ ժողովուրդը, որ այնտեղ երեք հարյուր տարի երկրի տերն էր, կորցնում էր իր իշխանությունը, նաև վտանգված էր Հայոց Աթոռը` ոչ միայն քաղաքական, այլև միջկրոնական հարաբերությունների իմաստով, երբ Արևմուտքը ինչ-ինչ խոստումներով պարտադրում էր մեզ մոռանալ Հայոց Եկեղեցու ավանդույթները: Եվ Հայ Եկեղեցու վարդապետները ոտքի կանգնեցին և ասացին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը պիտի տեղափոխվի և հավիտյանս վերահաստատվի այնտեղ, որտեղ Քրիստոս Ինքը ցույց տվեց, թե այդտեղ պիտի կառուցեք Իմ Եկեղեցին: …Այդ օրվանից Աստծո օրհնությունը Ամենայն Հայոց Հայրապետների միջոցով, Ամենայն Հայոց Հայրապետների ձեռքով օրհնված Մյուռոնի միջոցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարածվում է ամբողջ աշխարհով մեկ` այնտեղ, որտեղ կա հայ հավատացյալ»:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա ժողովուրդը աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու շենացման և Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության համար:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031