Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիից վերադարձած զինվորներին ծաղիկներով էին դիմավորում». Հրանտ Մելիք Շահնազարյան

Մայիս 09,2016 16:17

«Շուշիի ազատագրումը կամքի եւ միասնականության հաղթանակ է»,-համոզված է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Հիշեցնենք` նա տեսել է Շուշիի հաղթանակը եւ պատմում է, որ Շուշիից էր հակառակորդն ամեն օր հարվածում Ստեփանակերտին:

«Ստեփանակերտն ամեն օր ոչնչացվում էր Շուշիից, Ջանհասանից եւ Խոջալուից: Քաղաքի մատույցներում պատերազմ էր ընթանում: Ադրբեջանի նպատակն էր` Արցախի սիրտը ոչնչացնել: Այս իրավիճակում օր կար, երբ Ստեփանակերտի վրա 200-300 արկ էր ընկում, խաղաղ բնակիչներ էին զոհվում: Ապրիլին Ջանհասանից եւ Շուշիից լայնածավալ հարձակումներ են սկսվում Ստեփանակերտի վրա: Թշնամին օգտագործում էր ավիացիա, հարձակվում էր նաեւ Շահումյանի ուղղությամբ: Տեղեկություններ կային, որ Աղդամի եւ Ասկերանի ուղղությամբ էլ են հարձակումներ նախապատրաստում: Պատերազմն ամենուր էր, եւ նման իրավիճակում Շուշիի ազատագրումը շատերի համար անիրականանալի էր թվում»,-մայիսի 9-ին «Հայացք» մամուլի ակումբում պատմեց Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, որ 1992թ. մարտին ստեղծվեց Արցախի ինքնապաշտպանության կոմիտեն, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր. «Կազմակերպչական լուրջ աշխատանք է տարվել: Երկու ամսում կոմիտեն Շուշիի շուրջբոլորը հավաքեց ինքնապաշտպանական ջոկատներին եւ դրանք զինեց անհրաժեշտ կերպով, իսկ Քարինտակի անտառներում դաշտային հոսպիտալ էր բացվել: Արկադի Տեր-Թադեւոսյանի ռազմական բարձր տաղանդի շնորհիվ էլ մշակվեց մի գործողություն, որն անթերի իրականացվեց»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի բնորոշմամբ` Ստեփանակերտում ոչ մեկը չէր կասկածում, որ Շուշին կազատագրվի. «Ստեփանակերտում Շուշիից վերադարձող զինվորներին մայիսի 9-ի առավոտյան ծաղիկներով, երգով-պարով ու համբույրներով էին դիմավորում: Շուշիի ազատագրմանը հետեւեց Բերձորի միջանցքի բացումը, եւ Արցախն ազատվեց շրջափակումից: Ստեփանակերտում սով էր. մարտին յուրաքանչյուր բնակչին ամսական 400գր ալյուր եւ գրեթե նույնքան շաքարավազ էր հասնում, որովհետեւ Ստեփանակերտը կտրված էր մյուս գյուղերից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031