«Վիճակագրությունն իրականում ոչ միայն տեխնիկական, մեթոդաբանական, այլև համակարգային լուրջ խնդիր է ՀՀ-ում։ Մեր աշխատանքը պետք է հիմնված լինի վիճակագրության վրա՝ ելնելով վերլուծական տվյալներից։ Անկախ նրանից, թե մահվան դեպքը ծառայության հետ կապվա՞ծ է, թե՞ ոչ, միևնույն է՝ պետությունը պարտավորություն ունի, որովհետև երբ ասում ենք, որ մարդուն զորակոչում ենք զինծառայության, այդ թվում պայմանագրային հիմունքներով, մեր առաջին խնդիրն է զինծառայությունը դարձնել ավելի գրավիչ։ Այդ համատեքստում պետությունը բեռ է վերցնում իր վրա՝ այդ թվում՝ սոցիալական երաշխիքների մասով»,- «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված ՀՀ Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը։
Նա, տեղեկացնելով, որ վաղը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում է նախաձեռնել, կարևորեց ԱԺ-քաղաքացիական հասարակություն փոխհամագործակցությունը․ «ԱԺ համապատասխան հանձնաժողովը, բացի վերահսկողական գործառույթից՝ ունի նաև կոմունիկացիայի գործառույթ համապատասխան գերատեսչության հետ։ Խնդիրների լուծումը տեսնում եմ իրար հետ ազատ, թափանցիկ, հաշվետու փոխհամագործակցելու միջոցով»։
Կարդացեք նաև
Ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ խորքային խնդիր է զեկուցումների խնդիրը․ «Ինչ վերաբերվում է զեկուցումներին, չեմ տեսել մի զինվորական, որ վերադասի այցելության ժամանակ ցույց տա, որ թերություններ ունի, ասի՝ այս թերությունն ունեմ»։
Նաև անդրադառնալով ծառայության հետ կապված ներքին կանոնադրական խնդիրներին՝ ասաց․ «Եզակի պետություններից ենք, որ ներքին ծառայության մասին կանոնադրությունն օրենք է։ Չորս-հինգ պետություն կա աշխարհում, ամբողջ աշխարհում իրավական հիմքերը դրված են, կանոնադրությունը առանձին ներքին հրամանների հիման վրա է կազմվում, բայց ՀՀ-ում դա խնդիր է՝ այդ թվում ծառայության առումով նաև»։
Հարցին՝ մի՞թե վերջին ինը ամիսը բավարար չէր համապատասխան միջոցներ կիրառելու համար, որպեսզի կանխվեին բանակում զինծառայողների մահվան դեպքերը, ինչո՞ւ այդ դեպքերով պատասխանատու հայտարարություններ չենք ունեցել, ի՞նչն էր պատճառը և ինչո՞ւ կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկվել և արդյոք արմատական փոփոխություններ պետք չե՞ն ընդհուպ մինչև ՊՆ նախարարի մակարդակով, Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց․ «Չեմ հասկանում՝ ինչու եմ Ձեր բարձրաձայնած հարցի հասցեատերը ես։ Եթե նկատի ունեք արմատական փոփոխություն՝ ՊՆ նախարարի փոփոխություն, ապա ինչո՞ւ եմ ես այդ հարցի հասցեատերը։ Դա քաղաքական որոշման տիրույթում է։ Ձեր նշած արմատական փոփոխությունների ճանապարհը ՀՀ-ում հայտնի է․ հավանաբար պետք է լինի իշխանափոխության գործընթաց, որը տեղի է ունենում ընտրություններով կամ հեղափոխության միջոցով։ Դա ոչ թե վերնագրային, կարգախոսային խոսակցություն պետք է լինի, այլ հիմնված լինի պատշաճ վերլուծությունների վրա»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































