Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աշակերտները ևս մեկ անգամ համոզեցին, որ իրենք են այս հողի տերը և պատրաստ են հասնել սահմանագիծ

Մայիս 09,2016 17:02

Անցել է 24 տարի, սակայն կարծես երեկ էր, որ ազգովի հպարտությամբ տոնեցինք Շուշիի ազատագրումը: Իրականացավ մեր ժողովրդի իղձերից մեկը: Հայոց պատմական բերդաքաղաքի ազատագրումը նաև եղավ երաշխիք, որ 10 օր անց կայացավ Բերդաձորի ազատագրումը, ապա՝ Մայր հայրենիք-Արցախ միացումը: Արցախյան շարժման մեր նպատակը Միացումն էր, և այն կայացավ: Կայացավ մարտիրոսների կյանքի գնով, կայացավ բազում ազատամարտիկների մաքառումների, հերոսացման գնով:

Միացումը կայացավ Լաչինի ազատագրումով, մի քաղաք, որ փակել էր մեր ժողովրդի 2 հատվածների կայացումը, մի քաղաք, որը դարձել էր չարի կենտրոն: Եվ ազատագրումից 2 տարի անց Լաչինն ստացավ իր պատմական Բերձոր անունը և դարձավ Արցախի Քաշաթաղի շրջկենտրոնը, որտեղի Խաղաղության հրապարակը մայիսի 9-ին՝ առավոտյան տոնական էր ու մարդաշատ: Այստեղ էր շրջանի ղեկավարությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ դպրոցականներ, ուսուցիչներ, Բերձորի ու հարևան բնակավայրերի բնակիչներ, հյուրեր(նաև՝ առաջնագծից նոր իջած ազատամարտիկներ, ովքեր Երևան էին մեկնում):

Խաղաղության հրապարակի հարևանությամբ է Արցախյան գոյամարտի օրերին նահատակված քաջորդիների հուշահամալիրը, որտեղ 3 խոնարհված պատերին քանդակված է Քաշաթաղի տարածքում մարտիրոսված 300-ից ավելի քաջորդիների անունները: Այցելելով հուշահամալիր՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի պատերի, սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված, «Հատւկ գնդի», Շուշիի ազատամարտում նահատակված հերոսների ու այլ հուշակոթողների մոտ:

4 3-1 2 5-1

Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի աշխատակից Նարինե Մխիթարյանը հայտարարեց հանդիսավոր մասի բացումը, և ներկաներին շնորհավորեցին ու ողջունեցին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգի սաները:

Այս տարվա ապրիլի սկզբին թշնամու կողմից ձեռնարկած աննախադեպ հարձակումը հայոց սահմանի ողջ երկայնքով չի վհատեցրել մեր երեխաներին: Իրենց ելույթում հայ աշակերտները ևս մեկ անգամ համոզեցին, որ իրենք են այս հողի տերը և պատրաստ են հասնել սահմանագիծ ու դառնալ թիկունք առաջնագծի զինվորներին: Հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով, ասմունքով:

Ներկաներին ողջունեց ու Եռատոնի առթիվ շնորհավորեց Քաշաթաղի շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը: Անդրադառնալով ապրիլյան օրերին մեր ժողովրդի համախումբ լինելուն՝ Ստ. Օհանջանյանը նշեց, որ այս պահին էլ շատ քաշաթաղցի կամավորականներ առաջնագծում մեր անդորրն են պաշտպանում ժամկետային զինծառայողների հետ: Շնորհակալություն հայտնեց համախմբման, պատրաստակամության համար՝ մաղթելով, որ հայ ժողովրդի համար նման տոները լինեն հավերժ:

Ներքին Սուսի գյուղական համայնքի Սերոբ Հանեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանն իր ելույթում շնորհավորելով Եռատոնի առթիվ՝ ասաց.

-Հայ ժողովրդին ճակատագիրը փորձությունների հետ տվել է նաև հարատևելու գաղտնիք՝ լուսավորելով Հայոց պատմությունը փառավոր հաղթանակներով:

Խոսելով Շուշի բերդաքաղաքի ազատագրման մասին՝ ասաց.

-Արցախյան գոյամարտի ամենափայլուն էջերից մեկը Շուշիի ազատագրումն էր, որը դարձավ ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակների սկիզբը:

Անդրադարձավ նաև Մեծ հայրենականում մեր պապերի սխրանքին, պատերազմ, որին մասնակցեց շուրջ 700000 հայ, որոնց կեսը տուն չեկավ, 100-ից ավելին դարձավ Սովետական Միության հերոս:

Նույն օրը քաշաթաղցի շատ կամավորականներ մի քանի օրով տուն եկան, իսկ նրանց փոխարինողները մեկնեցին առաջնագիծ: Տոնի մասնակիցների մի մասն էլ շտապեց աշխատատեղ՝ իրականացնելու ճանապարհաշինական, գյուղատնտեսական, շինարարական և այլ կարևոր աշխատանքներ:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031