Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավոր զինծառայող. «Բայց եթե բոլոր մամաները լացեն ու իրենց որդիներին ետ պահեն ծառայությունից, հայրենիքի սահմանները կլացեն». «Հրապարակ»

Մայիս 18,2016 11:59

Զինվորն Ավետիսյան Թեւոսն է, 19 տարեկան է, Մատաղիսի զորամասում է եղել, երբ սկսվել են մարտական գործողությունները։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նա շատ լավ է հիշում։ Ասում է, որ ինքն իրեն մի տեսակ մեղավոր է զգում, որ ինքն այդ ժամանակ կրակն իրենց վրա վերցրած զինվորների մեջ չի եղել։ Ընդամենը մեկ օր հետո՝ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը, կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց մեկ օր առաջ, վիրավորվել է նաեւ ինքը։

«Գիշերը ժամը 4-ի կողմերն էր։ Գողն ու թշնամին, ինչպես գիտենք, գիշերով են գալիս։ Թշնամին անընդհատ կրակում էր, մենք բլինդաժի ներսում էինք, մագազիններն էինք լցնում։ Գիտեինք, որ գալիս են դիրքեր, պատրաստվում էինք հակագրոհի։ Մինամյոտ էին օգտագործում, կրակը կարկուտի պես մեր վրա էր գալիս։ Ու վերջին մինամյոտներից մեկը մեզ բաժին հասավ, հենց դռան առաջ ընկավ, պայթեց, ու բեկորները ներս լցվեցին։ Չորս հոգիս, որ բլինդաժում էինք, վիրավորվեցինք։ Փառք Աստծո, զոհ չենք ունեցել»,- պատմում է Թեւոսը։

Նա սահմանափակվեց միայն այդ դրվագը պատմելով ու հատուկ շեշտեց, որ չնայած ինքն ու իր չորս ծառայակիցները վիրավորվել են, սակայն իր մյուս ընկերներն արժանի պատասխան են տվել թշնամուն։ «Կարեւորը՝ դիրք չենք տվել»,- պնդեցնա։

Զինվորի մարմնի բեկորները չեն հանվել, քանի որ բժիշկները մտավախություն են ունեցել, որ հանելով՝ ավելի շատ կվնասեն, բացի այդ, բեկորները կարող են շարժվել եւ լուրջ խնդիրներ առաջացնել։

«Հիմա տանն եմ, քանի որ խնամքի կարիք ունեմ։ Ապաքինվելուց հետո անպայման պիտի վերադառնամ ծառայության։ Պե՛տք է վերադառնամ։ Բանակում ծառայելը խաղ ու պար չէ, եթե այդպես լիներ, մայրս հետեւիցս չէր լացի, չէր ասի՝ մի բան անենք, չգնաս։ Բայց եթե բոլոր մամաները լացեն ու իրենց որդիներին ետ պահեն ծառայությունից, հայրենիքի սահմանները կլացեն։ Իսկ եթե երկրի ղեկավարության մտքին կար Արցախը տալ, հիմա, վերջին իրադարձություններից հետո, իրենց գլխից մեկընդմիշտ պիտի ջնջեն այդ միտքը, քանի որ մենք իրենց տալ-չտալուն չենք նայելու, մենք մեր հողը մեր ուժերով պահելու ենք։ Մեր հույսը մենք ենք»։

 

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031