Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերն ու իրանցիները դեռևս չեն ճանաչում միմյանց, ինչպես հարկն է». Վարդան Ոսկանյան

Մայիս 26,2016 16:53

«Հայ-իրանական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկը մշակութային, գիտական ու կրթական ոլորտներն են: Այս գիտաժողովով նպատակ ենք հետապնդում դրանք հասցնել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին»,- միջազգային արևելագիտական գիտաժողովի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրանագետ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Այսօր ԵՊՀ-ում անցկացված «Պարսից գրականություն և պատմություն» գիտաժողովին ամենամեծ պատվիրակություններով ներկայացել էին Իրանն ու Վրաստանը:

Իրանագետի խոսքով՝ թեև հայերն ու իրանցիները հազարամյակներ շարունակ կողք կողքի են ապրել, սակայն դեռևս չեն ճանաչում միմյանց, ինչպես հարկն է: Նման միջոցառումները, ըստ նրա, նպաստում են այդ բացթողման լրացմանը:

Մեկօրյա գիտաժողովը նվիրված էր արևելագիտության տարբեր խնդիրների, սակայն շեշտը դրված էր իրանագիտության վրա. «Հայաստանում խթանելու ենք կարևորագույն այս ուղղությունը նաև մեր ուսանողների գիտական մակարդակի զգալի բարձրացմամբ, քանի որ երկու երկրների միջև զարգացող տարաբնույթ հարաբերությունները պահանջում են համապատասխան մասնագետներ: Հետագայում մեր պետական կառույցները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները կկարողանան ճիշտ նպատակին ծառայեցնել այդ մասնագետների ունակությունները»,- նշեց Վ. Ոսկանյանը:

«Իրանագիտությունը մեզանում հին ավանդույթներ ունի,- հավելեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը,- ես ուրախ եմ, որ դրանք ոչ միայն պահպանվում, այլև զարգանում են: Մեր բարեկամ երկրի՝ Իրանի մշակութային, քաղաքակրթական ժառանգությունն այսօր էլ արդիական ու հետաքրքիր է ինչպես հայ իրանագետների, այնպես էլ ուսանողների համար»:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը կարծում է, որ նմանատիպ գիտաժողովների ժամանակ անհրաժեշտ է անդրադառնալ անցյալին, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններից օգտվելով՝ ավելի սերտացնել մեր ժողովուրդների հարաբերությունները:

Ւրանցի միջնադարյան բանաստեղծ Սաադի Շիրազիին նվիրված գիտաժողովի ընթացքում դեսպանն անդրադարձավ նաև իրանական գրականության այլ ներկայացուցիչների. «Անվանի բանաստեղծներ Ֆիրդուսին, Սաադին, Խայամը, Հաֆեզը, Նիզամին և մյուսները պատկանում են մեզ բոլորիս, մարդասեր, խաղաղասեր բանաստեղծներ են, այլ կերպ ասած՝ բարեկամության ու խաղաղասիրության դեսպաններ: Հուսով եմ, որ նրանց ստեղծագործություններին ու մտածողությանը հաճախ անդրադառնալը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031