Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք կարդալու մշակույթը չի կարող մահանալ

Հունիս 02,2016 14:00

«Մարդը, որն անհագորեն կարդալու ցանկություն ունի, կարծում եմ, չի կարող հագենալ թվային ընթերցանությամբ: Իհարկե, այսօր համատարած թվայնացումը նվազեցրել է տպարանների դերը, այնուամենայնիվ, ինձ թվում է՝ էլեկտրոնային գրքի մեջ հոգի, ծնունդ ու կյանք չկա, եւ այն չի կարող լավագույն տարբերակը լինել ընթերցանության համար»,- ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի տնօրեն Հարություն Գյումուշյանը:

Նա մասնագիտությամբ արաբագետ է, սովորել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում: «Ավարտելուց հետո մոտ երկու տարի աշխատել եմ որպես զինվորական թարգմանիչ (ինչը պարտադիր էր շրջանավարտների համար): Թեեւ անչափ հետաքրքիր էր թարգմանչի աշխատանքը, բայց իմը չէր այն: Եվ 90-ականներին՝ Խորհրդային միության փլուզումից հետո հնարավորություն ընձեռվեց հրաժարվելու այդ մասնագիտությունից»,- ասում է տնօրենը:

Մեր զրուցակցին մշտապես գրավել է տպագրական գործընթացը: «Ընկերոջս հետ հրատարակչություն հիմնեցինք, որը, սակայն, ինչ-ինչ պատճառով որոշ ժամանակ անց փակեցինք: Տարիներ շարունակ զբաղված էի մասնավոր գործունեությամբ: Ի վերջո, կյանքը ետ բերեց դեպի տպագրություն»,- պատմում է պարոն Գյումուշյանը:
Առավոտյան աշխատանքային առօրյան սկսվում է կազմարարական եւ տպագրական բաժիններում, հստակեցվում են օրվա անելիքները, այնուհետեւ` շարունակվում ընթացիկ աշխատանքները: Պարոն Գյումուշյանի համար աշխատավայրը երկրորդ տուն է դարձել, նաեւ՝ ուղղակի իմաստով. կինը եւս այստեղ է աշխատում. «Նա հոգեւոր միջավայրում (Արարատյան թեմում) ավելի վաղ է սկսել աշխատել, եւ այդ ժամանակ ինձ համար անհավատալի էր Մայր Աթոռ գալս»:

Պարոն Գյումուշյանն այժմ զբաղվում է սիրելի աշխատանքով. «Այն իրապես իմն է: Ես հրատարակչական մասից եկա դեպի մյուս ծայրը՝ տպարան, որտեղ ինձ ավելի հոգեհարազատ է. հոգեհարազատ է տպագրական գործընթացը. երբ ինչ-որ բան տպվում է, նոր ծնունդ է կարծես, եւ հաճելի զգացողություն է, երբ դրա մեջ քո ավանդը եւս կա: Երբ նոր ընդունվեցի աշխատանքի, տպարանում շինարարական եւ նորոգման աշխատանքներ էին: Մեծ սպասում ունեինք, թե երբ է աշխատելու տպագրական մեծ մեքենան: Երբ տեսնեիք այն, գուցե թերահավատությամբ մոտենայիք, թե երբեւիցե կարող է աշխատել, բայց նորոգումից հետո արդեն 12 տարի է` ծառայում է, եւ հույս ունեմ՝ դեռեւս երկար կշարունակի ծառայել»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանն ամենահինն է տարածաշրջանում:

Այն հիմնվել է 1771թ. Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի նախաձեռնությամբ եւ կոչվել «Ս. Գրիգոր Լուսավորիչ» անունով: Կառույցը սկզբում եղել է միահարկ: Երկրորդ հարկը կառուցվել է ավելի ուշ եւ ծառայել որպես կացարան: Ներկա տպարանի շենքի հիմնարկեքը կատարվել է 1888թ.-ին, իսկ կառույցն ավարտուն տեսք է ստացել մեկ տարի անց՝ 1889-ին: Որոշ ժամանակ շենքը գտնվել է մեքենատրակտորային կայանի, այնուհետեւ` ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ենթակայության ներքո: 1991 թ. այն վերջնականապես հանձնվել է Մայր Աթոռին եւ հիմնովին վերանորոգվել: 2015թ. լոնդոնաբնակ բարերար Վաչե Մանուկյանի բարերարությամբ շարունակվել են նորոգման եւ բարեկարգման աշխատանքները: Տպարանն առ այսօր շարունակում է հրատարակել հոգեւոր-կրոնական եւ հայագիտական գրականություն: Այն մեծ մասամբ ծանրաբեռնված է Մայր Աթոռի հրատարակչական բաժնի եւ թեմերի պատվերներով:

«Ցավոք, տպագրական հնարավորություններն այս պահին այնքան մեծ չեն, որքան կցանկանայի տեսնել: Այսօր տեխնոլոգիական վիթխարի առաջընթաց է տեղի ունենում, եւ դրան հետեւելը բավական բարդ է, մեծ ներդրումներ են պահանջվում: Տպարանի լիարժեքությունը եւ աշխատանքը շատ բարձր մակարդակով ապահովելու համար դեռ որոշակի սարքերի անհրաժեշտություն կա: Հուսով եմ՝ կլուծվի այս խնդիրը: Այնուամենայնիվ, ձգտում ենք մեր ունեցածով առավելագույնին հասնել: Ինձ համար չկա «չի ստացվում» հասկացությունը. ամեն ինչ ստացվում է, երբ մարդն իրապես ցանկանում եւ ձգտում է դրան: Եվ եղել են դեպքեր, երբ անհնարինը հնարավոր է դարձել»,- ասում է Հարություն Գյումուշյանը:

Մայր Աթոռում աշխատանքային տարիները նաեւ նոր փորձ եւ գիտելիքներ են տվել. «Աշխատելու ընթացքում, է՛լ ավելի հետաքրքրվելով, քրիստոնեությունն ավելի ճիշտ ընկալելու հնարավորություն ունեցա: Բայց պետք է նշեմ, որ, թեեւ խորհրդային շրջանում մերժողական էր կրոնի հանդեպ վերաբերմունքը, այնուամենայնիվ, մեզ դպրոցում դաստիարակել եւ ուսուցանել են, որ հայ մնալու միակ հնարավորություն տվողը եկեղեցին ու ազգն են»:

Պարոն Գյումուշյանը համոզված է, որ տպարանը դեռ ունի իր առաքելությունը. «Ամենամեծ ցանկությունս է, որ Մայր Աթոռի տպարանը գեթ մեր երկրում լավագույնը լինի, ինչպես տարիներ առաջ, երբ տպագրվում էին Էջմիածնի գանձերը եւ շատ այլ հրաշալի հրատարակություններ, եւ այդ ամենը Մայր Աթոռի կնիքն էր կրում: Կուզեմ, որ գա այդ ժամանակը: Եվ դա հնարավոր է, նյութական խնդիրներն ու դժվարություններն էլ հաղթահարելի են»:

 
ՄԱՐԻԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ»

01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930