Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ որոշ բարձրաստիճան սպաների պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի

Հունիս 06,2016 12:22 Share

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու մասին հարցին: Այս հարցն այսօր կքննարկվի ԱԺ լիագումար նիստում`24-ժամյա ռեժիմով:

Ըստ այդմ, գեներալ-մայոր եւ գեներալ-լեյտենանտ կոչում ունեցող անձանց ծառայության սահմանային տարիքը`60, հավասարեցվում է գեներալ-գնդապետ կոչում ունեցողների ծառայության տարիքին`65, ԱԱԾ ուսումնական հաստատության դասախոսական կազմինը`10 տարի: Առաջարկվող փոփոխություններով, ԱԱԾ-ում խառայության կարող են անցնել նաեւ ոստիկանության, ԴԱՀԿ-ի, ՔԿՀ-ի, արդարադատության պետական ծառայողները, դատախազներ, ԱԱԾ նախկին ծառայողներ: ԱԱԾ-ի կողմից ներկայացված հիմնավորումներում նաեւ նշված է, որ առաջարկվող փոփոխություններով նաեւ հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնողների առանձին բացառիկ դեպքերում պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը առավելագույնը տասը տարով հնարավորություն կտա նրանց հարուստ փորձը երիտասարդներին փոխանցելու:

2 1

Նախագծին դեմ քվեարկեց միայն ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա դեմ է հարցը 24-ժամյա ռեժիմով քվեարկելուն:

Aravot.am-ի դիտարկմանը`գուցե հարցը հրատա՞պ է, մանավանդ, ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ ուժային կառույցներում կադրային խնդիրներ ունենք, մեր զրուցակիցը արձագանքեց. «Կադրերի համալրման խնդիրն այսօր չէ, որ ի հայտ է եկել: Վստահ եմ, որ շատ ու շատ երիտասարդ կադրեր կան, որոնք սպասում են իրենց առաջընթացին: Ուրախ կլինեի, որ ավելի շատ զարկ տային դրսում ուսանած, կարդացած երիտասարդներին շրջանակի մեջ ներառելուն, ոչ թե տանել միայն հին կադրերի վրա հենվելուն: Ի վերջո, հին կադրերով էր ստեղծվել ապրիլյան իրավիճակը»:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ ի պատասխան Aravot.am-ի հարցերի`կադրային խնդի՞ր կա, որ հրատապության կարգով է հարցը բերվում, եւ եթե կա խնդիրը, ինչո՞ւ այն հիմա ի հայտ եկավ. ինչո՞ւ ենք երիտասարդ կադրերի առաջընթացի հնարավորությունների փոխարեն հին կադրերի պաշտոնավարման ժամկետներն ավելացնում, պատասխանեց. «ԱԱԾ համակարգում, ընդհանուր առմամբ, կադրային խնդիր չունենք, բայց պետք է նկատի ունենալ, որ համակարգում կան փորձառու կադրեր, որոնց տարիքային շեմը լրանում է, եւ որոշակի ստարաբաժանումների պարագայում պետք է հնարավորություն տալ, որպեսզի նրանք շարունակեն պաշտոնավարել: Դա կատարվելու է բացառիկ դեպքերում, յորաքանչյուր կոնկրետ դեպք քննարկվելու է նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնական անձի կողմից`ՀՀ նախագահի եւ ԱԱԾ տնօրենի: Այդ թվաքանակը, կարծում եմ, շատ սահմանափակ է լինելու»:

Կորյուն Նահապետյանը կողմ է համակարգում հավասարակշռված կադրային քաղաքականությանը` փորձառուները պետք է շարունակեն աշխատել, իրենց փորձը երիտասարդներին փոխանցելով:

Նա համամիտ չէ, որ այս փոփոխություններում կոռուպցիոն ռիսկ կա: Ասում է, գործող օրենքը բացառիկ դեպքերում պաշտոնավարման երկարաձգման հնարավորություն տալիս է, փոփոխություններով որոշակի ստորաբաժանումներում կոնկրետ ժամկետների մասին է խոսվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930