Լրահոս
Օրվա լրահոսը

Ալլա Բունիաթյան. «Պետական թատրոնների ներկայացումները «կասըվի» են». (Տեսանյութ)

Հունիս 13,2016 19:11

Երիտասարդ ռեժիսոր Ալլա Բունիաթյանի կարծիքով` երիտասարդ սերունդը պետական թատրոններ մուտք գործելու հարցում խնդիրներ ունի:

Aravot.am-ի հետ զրույցում Ալլան պատմեց, որ 5 տարի է` սեփական բեմադրություններն է անում, սակայն որևէ թատրոնում չի աշխատել: Նա նշեց, որ ի սկզբանե իրեն վանել է որպես ռեժիսոր որևէ թատրոն մտնելու, այնտեղ որևէ գործունեություն ծավալելու գաղափարը. «Առաջին հերթին գրեթե բոլոր թատրոններում որոշակի սահմանափակումներ կան. կարգեր, որոնց պետք է ենթարկվել, մտնել ստանդարտի մեջ: Խոսքը խորհուրդների մասին չէ, քանի որ խորհուրդներ բոլորս էլ ընդունում ենք: Իմ մեջ պետք է ինչ-որ մի բան հասունանա, ես ուզենամ այդ թեմայի մեջ խորանալ, բեմադրություն անել, և ինձ վանել է այն փաստը, որ հնարավոր է` ինձ ստիպեն, հանձնարարեն բաներ, որոնք չեմ ցանկանա բեմադրել: Եվ երկրորդ խնդիրն այն է, որ բավականին դժվար է մուտք գործել պետական թատրոններ, սա միայն ես չեմ ասում. շատերը կփաստեն, որ երիտասարդ սերունդը այդ հարցում ունի խնդիրներ»:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ Ալլա Բունիաթյանն արդեն երկու տարի է` փորձում է ունենալ, կազմավորել իր սեփական թատրոնը, սակայն դեռ չի հաջողվում. ֆինանսական խնդիրներ կան:

Ալլայի բեմադրած ներկայացումները յոթն են: Այդ ներկայացումները ներկայացվել են մեկ-երկու անգամ ու տեղ չունենալու պատճառով ավարտվել են, քանի որ թատրոնների բեմեր կամ տարածքներ հնարավորություն ունի վարձակալել ընդամենը մի քանի օրով: Նրա կարծիքով` սեփական թատրոն ունենալու միտքը միայն իրենը չէ:

P6120013 P6120015

Շատերն են ինստիտուտն ավարտելուց հետո երազում ու ցանկանում դրա մասին: Ասում է` մեր մենթալիտետի մեջ նստած է «լիդեր լինելը».«Երազելով ոչնչի չես հասնի, պետք է աշխատել: Ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ` որտեղ կարող եմ փորձ անել, դահլիճ գտնել, թեկուզ վատ պայմաններով: Իրականում շատ դժվար է գնալ և վարձակալել մի թատրոն`չունենալով հովանավորներ, չունենալով օգնություն, սեփական ֆինանսները ներդնել: Իհարկե, ներդրել եմ իմ ներկայացումների համար, բայց գործունեությունը հասարակական է: Եթե վարձակալում ես մեկ տարածք մեկ օրով, առավոտից պետք է հասցնես լույսը, ձայնը, դեկորացիան կարգավորել, ու օրվա վերջում բոլորը հոգնում են. ոչ ոք չի ուզում ներկայացում խաղալ: Չի ստացվում որակ»:

Պատահական փնտրտուքների արդյունքում երիտասարդ ռեժիսորը գտել է Մամուլի շենքի նախկին «Երևան թիվիի» դահլիճը, որն այժմ փորձում է կազմավորվել որպես մշակութային կենտրոն: Պայմանավորվածություն է ձեռք բերել նոր թատերախումբ կազմավորել, փորձերը ներկայացնել դահլիճում, ինչպես նաև ներկայացումը: Թատրոնը կոչվելու է «Երևան» երիտասարդական թատրոն: Ալլան նշեց, որ դեռ կազմավորման փուլում են, խումբը բաղկացած է 16 հոգուց. պրեմիերայից հետո արդեն հստակ որպես խումբ կներկայանան. «Խմբիս դերասանների հետ իմ գործունեության ընթացքում աշխատել եմ, նրանցից շատերն իմ ուսանողական ընկերներն են, ոմանք աշխատում են այլ թատրոններում, բայց նաև ժամանակ են գտնում ներգրավվելու այս աշխատանքի մեջ: Իրականում շատ դժվար է. իրենք ունեն իրենց գրաֆիկը, իսկ այստեղ մենք էնտուզիաստներ ենք, չենք վճարում փորձերի համար կամ աշխատավարձ, մարդիկ գտնում են ժամանակ, գալիս են, որ իրականացնենք մեր գաղափարներն ու մտքերը»:

Ալլան հավելեց, որ թատրոնին ֆինանսապես աջակցության համար դիմել է կազմակերպությունների, որոնցից կամ պատասխան չի ստացել, կամ էլ մերժվել է ինչ-ինչ պատճառներով:

Մանրամասները` տեսանյութում:

Մեր այն հարցին, թե ինչ է պակասում այսօր թատրոնում, որ նա իր թատրոնով ուզում է լրացնել, Ալլան պատասխանեց. «Պետական թատրոնների մեծ մասը կամ պահպանել են իրենց հիմնական ներկայացումները, առանց վերաբեմադրելու. այդ ներկայացումներն արդեն սպառվել են: Չունեն նոր շունչ, ասելիք, չունեն խոսք փոխանցելու հանդիսատեսին, դեկորատիվ ներկայացումներն են մնացել: Նոր բեմադրվող ներկայացումները ստեղծված են, որ հանդիսատես ներգրավեն ու բյուջետային խնդիրներ լուծեն. այսպես ասած «կասըվի» են: Հիմնականում ֆրանսիական սիտուացիոն կոմեդիաներ են բեմադրում, որ հանդիսատեսը ժամանակ անցկացնի, ուրախանա: Բայց թատրոնն ունի նաև այլ առաքելություններ: Թատրոնն ինչպես և ցանկացած արվեստ ունի խնդիրներ բարձրացնելու, մարդկանց ներսը մխրճվելու ու նրանց հույզերն արթնացնելու առաքելություն, որը որ մենք շատ քիչ ներկայացումներում կարող ենք տեսնել: Այս բացը պետք է լրացնել: Բեմադրություններում իմ նախընտրություններն ավելի գաղափարական են: Ուզում եմ հասարակությանը հուզող խոշոր գաղափարներ վեր հանել: Մեր թատրոնն ունի նաև նպատակ համախմբելու երիտասարդ սերնդի դերասաններին ու ռեժիսորներին, տալ նրանց ստեղծագործելու և իրենց արվեստով ներկայանալու հնարավորություն»:

Ներկայացման պրեմիերան լինելու է հունիսի 27, 28-ին «Կալիգուլա» ներկայացմամբ` Ալբեր Քամյուի «Կալիգուլա» պիեսի և Մարիո Ջորդանոյի «Սև արկղ» վեպի հիման վրա: Նախատեսվում են հյուրախաղեր մարզերում:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930