Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի ճանապարհը Դոնեցկի «Մետալուրգից» մինչեւ «Մանչեսթեր Յունայթեդ»

Հուլիս 06,2016 13:30

«Մանչեսթեր Յունայթեդի» հզորացումը ամառային տրանսֆերի պատուհանի ընթացքում մասնագետների համոզմամբ արդեն լուրջ սպառնալիք է ԱՊԼ-ի մրցակիցների համար:

Սարսափելի եւ անտանելի Զլատան Իբրաիմովիչից հետո «կարմիր սատանաները» հայտարարեցին անցած մրցաշրջանում գերմանական բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստին՝ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին:

Մխիթարյանի տեղափոխումը բավականին երկար ձգձգվեց: Նրանով հետաքրքրված էին եվրոպական մի քանի գրանդ ակումբներ: Բացի դա, «մեղուները» չէին ցանկանում բաց թողնել իրենց առաջատարին: Սակայն գործարքն ի վերջո կատարվեց: ՄՅՈՒ-ն Հենրիխի համար «Բորուսիային» վճարել է 42 միլիոն եվրո: Ինքը՝ ֆուտբոլիստը, ԶԼՄ-ների վկայությամբ, նոր ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել, նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 12,5 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար ակումբը նրան 8 միլիոն հավելագումար է պատրաստվում վճարել:

Ֆուտբոլային փորձագետները Մխիթարյանի վերջնական կայացումը որպես ֆուտբոլիստ համարում են Ուկրաինայի առաջնությունը, սկզբում՝ Դոնեցկի «Մետալուրգում», այնուհետեւ՝ «Շախտյորում»: Վերջինի կազմում հայ ֆուտբոլիստը դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու, սահմանեց մի շարք այլ ռեկորդներ եւ դարձավ Չեմպիոնների լիգայում աչքի ընկած առաջին հայ ֆուտբոլիստը: Այդ ժամանակ Մխիթարյանին ձեռք բերել ցանկանում էին անգլիական, ֆրանսիական եւ իտալական մի քանի ակումբներ, սակայն սովորաբար խնայող ռեժիմով աշխատող «Բորուսիան» շրջանցեց բոլորին՝ հայ ֆուտբոլիստի համար վճարելով իր պատմության ամենախոշոր գումարը՝ գրեթե 30 մլն. եվրո: Դորտմունդյան առաջին տարին Մխիթարյանի համար անցավ հաջող՝ 9 գոլ եւ 10 գոլային փոխանցում: Իսկ ահա երկրորդ տարին ճգնաժամային էր ինչպես ամբողջ թիմի, այնպես էլ ֆուտբոլիստի համար: Յուրգեն Կլոպի թիմը առաջին շրջանից հետո գտնվում էր մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում: Ճիշտ է, երկրորդ մրցաշրջանում ակումբը գործերը կարգավորեց, բայց դա Մխիթարյանի համար հարված էր ինքնասիրությանը:

Երբ Թոմաս Տուխելը գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Կլոպին, ամբողջ թիմի համար երկրորդ շնչառություն բացվեց: Նոր մարզիչը առանձին զրուցեց Մխիթարյանի հետ, որն արդեն մտածում էր ակումբից հեռանալու մասին: Արդյունքում նրանք ընդհանուր հայտարարի եկան: Տուխելը հիմնավորապես գործի անցավ եւ Մխիթարյանին դուրս բերեց լավագույն մարզավիճակի գագաթ: Ու թեեւ հզոր «Բավարիային» գերազանցել այս անգամ էլ չհաջողվեց, սակայն «Բորուսիայում» շքահանդեսի հրամանատարն արդեն Հենրիխ Մխիթարյանն էր: Նա անցկացրեց իր մարզական կարիերայի լավագույն մրցաշրջանը: Ոչ ոք արդեն չէր կարող չնկատել նրա խփած 11 գոլերը եւ գործնականում կրկնակի ավելի գոլային փոխանցումները: Ու պատահական չէ, որ բունդեսլիգայի իր գործընկեր ֆուտբոլիստները տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին հենց Մխիթարյանին: Քվեարկության արդյունքով հայ ֆուտբոլիստը ստացավ ձայների 31 տոկոսը՝ առաջ անցնելով ոչ ավել, ոչ պակաս՝ Ռոբերտ Լեւանդովսկուց եւ Թոմաս Մյուլլերից:
Ո՞րն էր Մխիթարյանի կերպարանափոխման գաղտնիքը: Տուխելի օրոք «Բորուսիան» սկսեց ավելի երկար ժամանակ տիրել գնդակին, ավելի քիչ բարձրից փոխանցումներ կատարել՝ գնդակն ավելի շատ պահելով խոտածածկին մոտ: Իսկ այս պարագայում Մխիթարյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում: Այստեղ երկրորդ պլան անցավ գերաստղ Մարկո Ռոյսը, որի ստեղծած վտանգավոր պահերը մրցակիցների դարպասի մոտ կրկնակի պակաս էին:

Հենրիխ Մխիթարյանը հեռացավ հավերժ երկրորդ «Բորուսիայից», որին անչափ մեծ օգուտ է տվել: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալը մարտահրավեր է ցանկացած ֆուտբոլիստի համար, իսկ Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ խաղալը՝ երազանք: Բայց Մոուրինիոն մնում է Մոուրինիո՝ անկանխատեսելի մարդ ու մարզիչ: Պորտուգալացի մասնագետի կենսագրության մեջ քիչ չեն դեպքերը, երբ բազմամիլիոնանոց ձեռքբերումները, որ նա շատ է ցանկացել, իրենց չեն արդարացրել: Սակայն Հենրիխ Մխիթարյանն էլ բացառիկ ֆուտբոլիստ է՝ բացառիկ տաղանդավոր ու բացառիկ աշխատասեր: Մնում է հուսալ, որ նա իր արժանի տեղը կգտնի նաեւ Մոուրինիոյի ֆուտբոլում:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

05.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031