Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի հանցագործությունները, մարդու իրավունքների ոտնահարումներն այնքան շատ են, անում է այնպիսի բաներ, որ եվրոպական ինստիտուտները դրանց «տեր լինել» չեն ցանկանում»

Հոկտեմբեր 02,2026 13:00 Share

Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

«Լավ է, թե՝ վատ, շատ կարևոր է, որ մի շարք արձանագրումներ արվեն։ Զեկույցում ամրագրումներն արդյոք բավարարո՞ւմ են մեր ակնկալիքներին, ոչ՝ իհարկե, քանի որ շատ ավելի չոր ձևակերպումներ պետք է լինեին։ Երկու հետևություն պետք է անել. աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան շարունակում է Փաշինյանի՝ այս կամ այն հանցագործությունների վրա աչք փակել և հրապարակային անդրադարձ դրանց չանել, և Փաշինյանի հանցագործությունները, մարդու իրավունքների ոտնահարումները, օրենքի խախտումներն այնքան շատ ու մեծ են, որ նույնիսկ առաջին կետը հաշվի առնելով՝ Եվրոպան ինքն իրեն ապահովագրում է հետագայում ասելու համար՝ մենք զգուշացնում էինք, մենք անաչառ էինք։ Այսինքն՝ կենցաղային լեզվով ասած՝ այնպես է համը հանել, որ գոնե մեղմ ձևակերպումներով եվրոպական այս կամ այն կառույցները չանդրադառնալ չեն կարողանում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից աշնանային նստաշրջանի ընթացքում օրերս ընդունված զեկույցին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Հայկ Մամիջանյանը։

Զեկույցում ընտրությունների քարոզարշավը խիստ առճակատումային է բնութագրվում՝ «բաժանարար հռետորաբանությամբ և ուղեկցվում էր ձայներ գնելու և այլ ընտրախախտումների վերաբերյալ մեղադրանքներով»։ Մասնավորապես ամրագրված է. «Դրանց հետևանքով ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ հարուցվել են բազմաթիվ քրեական վարույթներ, ինչի արդյունքում ընդդիմության բազմաթիվ համակիրներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցությունից։ Սա, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների վրա գործադրված ճնշումը՝ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով, և վերջերս ներդրված սոցիալական ու տնտեսական միջոցառումները մտահոգություններ են առաջացրել քարոզարշավի համար հավասար հնարավորությունների վերաբերյալ»։ Զեկույցով ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԿԸՀ-ի կողմից մի շարք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելը։

Հայկ Մամիջանյանն ուշադրություն հրավիրեց զեկույցում մի քանի այլ արձանագրումների վրա. «Առաջինը վերաբերվում է երկքաղաքացիների քվեարկության իրավունքի հետ կապված սահմանափակումներին։ Սա շատ անգամներ է եղել հայկական ընտրական գործընթացներին վերաբերող զեկույցներում։ Հատկանշականն այն է, որ դրանից հետո ՔՊ-ն անցկացրել է բացարձակ հակասահմանադրական օրենք՝ սահմանափակելով ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց՝ քվեարկելու իրավունքը՝ ելնելով նրանից, թե նրանք ինչքան ժամանակ են եղել ՀՀ-ում։ Ու պակերացնում եք, որ նույնիսկ, եթե սա է հանուն հիշատակման, ապա առավել ևս ինչ արձագանք է լինելու դրան, բայց արդեն հավանաբար հունվարյան առաջընթացի զեկույցում։ ԵԽ-ն նաև արձանագրել է այն փաստը, որ շուրջ 6000 արցախցիներ չեն կարողացել քվեարկել, քանի որ չեն կարողացել ստանալ ՀՀ քաղաքացիություն հերթերի պատճառով։ Առկա է արձանագրում ՔՊ-ի ցույցերի մասնակցությանը՝ գործարարների և վարչական ռեսուրսի կիրառմամբ, առկա է արձանագրում, որ մինչ ընտրությունները տեղի ունեցած որոշ մասսայական միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին մասնավոր կազմակերպությունների և բանկերի կողմից, կարող են դիտվել՝ որպես քարոզչություն, հստակ նշվում է, որ մի շարք օրենսդրական փոփոխություններ, համաներումները, սոցիալական մի շարք գործընթացներ ընտրակաշառք են դիտվում, դիտարկում կա, որ ձայնագրությունների հրապարակումը բացարձակ անհիմն էր՝ կապված քրեական գործերի հետ և խոսում են ընտրողական արդարադատության մասին։ Կարևոր մի արձանագրում ևս կա այդտեղ, որը ուշադրության արժանի է։ Դիտորդները նշում են, որ իրենց այցելած ընտրատեղամասերից 44 տոկոսում կային տարբեր ձևի խախտումներ։ Այսինքն՝ գրեթե կեսում»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կբնութագրի ԵԽԽՎ-ում աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկումները՝ մասնավորապես կառավարության հանդեպ հնչած քննադատությունները եկեղեցու դեմ վարվող քաղաքականության առումով, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Միջազգային գործընկերների ելույթները, իհարկե, գովելի են, բայց դրանք մեր անելիքներն են»։ Հարցին՝ կարելի՞ է այդ ելույթներից եզրակացնել, որ այդպես միանշանակ դրականորեն Փաշինյանի վարած քաղաքականությունը Եվրոպայում չի ընդունվում, ինչպես նախորդ տարիներին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Ե′վ նախորդ տարիներին, ե′ւ հիմա Փաշինյանի «վաճառած» միակ ապրանքը կամ հետաքրքրությունը Եվրոպայի համար հակառուսականությունն է։ Հետևաբար այդ «ապրանքը» Եվրոպան դեռ պատրաստ է գնել։ Բայց միևնույն ժամանակ Փաշինյանն այնպիսի հակաօրենսդրական, հակաիրավական գործողություններ է անում, որ Եվրոպան պատրաստ չէ նախկինի պես լիովին քարտ բլանշ տալ Փաշինյանին ու ամեն ինչ, ինչ անի, ասեն՝ տեր ենք, որովհետև Փաշինյանն անում է  այնպիսի բաներ, որոնց եվրոպական ինստիտուտները տեր լինել չեն ցանկանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել