Իտալական «Ինտեր»-ը հայտարարել է, որ համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Թիմի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հայազգի 37-ամյա կիսապաշտպանը կմնա «Ներաձուրի»-ի կազմում ևս մեկ տարի՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
«Փորձ, առաջնորդություն, հաղթողի մտածելակերպ, անսասան հանգստություն և վերահսկողություն կիսապաշտպանությունում. չորս հաջողակ մրցաշրջաններից հետո Հենրիխ Մխիթարյանը կշարունակի իր ճանապարհարհը «Ինտեր»-ի հետ», – հայտարարել է Իտալիայի այս տարվա չեմպիոն ակումբը, հավելելով՝ «Ինտեր» ժամանելուց ի վեր Մխիթարյանը իր հետ բերել է հսկայական միջազգային փորձ, ակնառու տեխնիկական որակ և բացառիկ մարտավարական ինտելեկտ՝ դառնալով «Ներաձուրի»-ի կիսապաշտպանության հիմնական դեմքը:
Հայտարարությունից ժամեր առաջ միլանյան ակումբը տեղեկացրել էր, որ դադարեցնում է համագործակցությունը չորս ֆուտբոլիստների՝ Մատեո Դարմիանի, Ֆրանչեսկո Աչերբիի, Ստեֆան դը Վրեյի և դարպասապահ Յան Զոմերի հետ։ Չորսն էլ 30-ն անց էին, և փաստացի միլանյան ակումբը թիմի «տարեցներից» միայն Մխիթարյանի հետ է երկարաձգել պայմանագիրը։
«Խաղի ընթացքը կարդալու նրա հասունությունը, ճկունությունը՝ կողմնորոշվելու, թե երբ է պետք դանդաղեցնել տեմպը և երբ թիմին առաջ մղել, Մխիթարյանին դարձրել են «Ինտեր»-ի անբաժանելի մասը առաջին իսկ մրցաշրջանից», – հայտարարել է միլանյան ակումբը, հավելելով՝ «Ներաձուրի»-ի մարզաշապիկով 187 խաղերում Մխիթարյանը խփել է 12 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում՝ ակումբի հետ ձևավորելով յուրահատուկ կապ, որը կշարունակվի ևս մեկ մրցաշրջան։
Կարդացեք նաև
«Իմ գույները, իմ տունը: Մնում ենք միասին, պայքարում յուրաքանչյուր նպատակի համար: Առա՛ջ, «Ինտե՛ր», – սոցցանցում գրել է հայ ֆուտբոլիստը:
2025-26 մրցաշրջանում միլանյան ակումբը ոչ միայն դարձավ Սերիա Ա-ի չեմպիոն, այլև նվաճեց Իտալիայի գավաթը։
Թարգմանությունը՝ «Ազատության»


















































