Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյան. «Ի՞նչն է խանգարում, որ ՀՀԿ-ն կամ Խոսրով Հարությունյանը ինձ են սատարում» (Տեսանյութ)

Հուլիս 13,2016 15:11

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կտա իրեն «Հանրապետական»-«Քրիստոնեա-դեմոկրատական միության» կուսակցությունների համատեղ դաշինքի սատարումը, մի՞թե «Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորելով՝ չի կորցնի իր ընտրազանգվածը. չէ՞ որ իշխող կուսակցությունը ցածր վարկանիշ, քիչ վստահություն ունի Գյումրիում:

Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ի՝ իրեն սատարելը մեկնաբանում է այն հանգամանքով, որ իշխանությունը իր հետ 4 տարի աշխատելով՝ վստահել է իրեն: Ըստ նրա, ինքն էլ իր հերթին ինչքան կարողանա մեծացնել համագործակցությունը իշխանության հետ, այնքան օգուտ կլինի Գյումրիին:

«Կուսակցական պահը քաղաքապետի հետ կապված պետք չէ շահարկել, շատ լավ է, որ իշխանությունը պահում է այնպիսի մարդու, որն, իր համոզմամբ, կարող է շարունակական ծրագրեր իրականացնել: Մենք վերցրել ենք 23 ու կես միլիոն գումար վարկ, դեռ պիտի կարողանանք սա իրացնել, կոռուպցիոն ռիսկերն են իջած, կա որակով աշխատանք, այսինքն` տարբեր փաստարկներ գումարվեցին ու ընդհանուր կարողացանք հասկանալ, որ այսօրվա դրությամբ կապ չունի կուսակցական-անկուսակցական քաղաքապետ լինելու խնդիրը», -ասաց Սամվել Բալասանյանը:

Ընտրազանգված կորցնելու հետ կապված էլ Գյումրու քաղաքապետն ասաց, որ Գյումրիում մարդը ոչ թե կուսակցություն է ընտրում, այլ ընտրում է անձի, որը գլխավորում է ցուցակի առաջին համարը: Գյումրեցիները, ըստ նրա, գիտեն, որ այսօր իրենց քաղաքին ոչ թե քաղաքական գործիչ է պետք, այլ լավ մենեջեր, որը, սակայն, պիտի կարողանա տիրապետել քաղաքական գործընթացները, որպեսզի կարողանա ղեկավարել ավագանուն:

«Ես մի քանի անգամ կրկնել եմ ու ուզում եմ նորից կրկնել մեր բնակչության՝գյումրեցիների համար: Այսօր գյումրեցիները ընտրելու են իրենց քաղաքապետին, անձի, որը պետք է շարունակի աշխատել Գյումրու զարգացման համար, սա շատ կարեւոր փաստ է: Քանի որ Ընտրական օրենսգիրքը փոխվեց, բնականաբար, Գյումրիում ու Վանաձորում պետք է առաջադրում լինի կուսակցությունների կամ դաշինքների կողմից: Հիմա ինչո՞ւ չէ «Հանրապետականն» առաջարկել է, ես ընդունել եմ, նաեւ քրիստոնեա-դեմոկրատներն են առաջարկել, ես ընդունել եմ, եւ դաշինքն է կազմվել, էլի կան կուսակցություններ, որոնք կարող են միանալ: Շատ կուսակցություններ, հասարակական կառույցներ կան, որոնք կպաշտպանեն իմ թեկնածությունը, նույնիսկ զանգեր կան: Բայց վերջնական, երբ որ ՀՀԿ գործադիր մարմնում կհաստատվի, դրանից հետո ես նորից կհանդիպեմ լրատվամիջոցներին եւ կմանրամասնեմ, որովհետեւ, եթե դաշինք է, դաշինքը պետք է ունենա իր անունը: Բայց ամենակարեւորը, հարգելի լրատվամիջոցներ, այն է, որ այսօր մենք գնում ենք քաղաքապետի ընտրության, ընտրությունների արդյունքում 33 ավագանու անդամներ կլինեն, այդտեղ արդեն կերեւա այն քաղաքական խճանկարը, թե գյումրեցին ում ձայն տվեց, ում վստահեց»:

Լրագրողներից մեկի հարցին, թե «Հանրապետականը» դաշինքով հանդես գալով չի՞ փորձում կոծկել իր անունը, Սամվել Բալասանյանը չհամաձայնեց հարցադրման հետ՝ ասելով, որ ՀՀԿ-այսօր հզոր ուժ է, մեծամասնություն է կազմում ԱԺ-ում:

Լրագրողները, Սամվել Բալասանյանին հիշեցնելով , որ նա երկու անգամ կուսակցականափոխ է եղել՝ հարցրեցին՝ մի՞թե չի պատրաստվում մտնել ՀՀԿ-ի շարքերը: Գյումրու քաղաքապետը բացառեց իր կուսակցական դառնալը, նշելով, որ ազատ ձեռքերով աշխատելու է տարբեր քաղաքական ուժերի հետ: «Պետք չէ Հանրապետական դառնալ, ես այսօր անկուսակցական լինելով՝ շատ լավ աշխատեցի ավագանու անդամների հետ, փորձ ունեմ, եթե ես հիմա ընդգրկվեմ որեւէ կուսակցության շարքերում, այդ ժամանակ պարզ է, ես պիտի ունենամ հակում այդ կուսակցության կամ կուսակցականների գործերը ապահովեմ եւ այլն եւ այլն: Ավելի լավ չէ՞, բոլորի հետ լավ աշխատեմ, այսինքն` ազատ ձեռքերով կսկսես աշխատել բոլոր կուսակցությունների հետ: Այնպես չէ, որ այդ փորձը ես չունեմ: Իսկ փոփոխությունները, որոնք շատ են շահարկվում, ուշադրություն մի դարձրեք, այո, եղել է, ես հարմար չեմ գտել մնալ այդ կուսակցությունների շարքերում, հիմա պետք չէ ես այդ հարցերին պատասխանեմ, դուք գիտեք, ինչ է եղել, շատ է գրվել այդ մասին, հիմա նորից խոսել…»

Հարցին՝ իսկ ի՞նչ օգուտ «Քրիստոնեա-դեմոկրատական միության» սատարումից, Սամվել Բալասանյանն ասաց. «Շատ մեծ օգուտ, եթե մարդը գնահատական է տալիս, շատ լավ գնահատական է տալիս, պարոն Խոսրով Հարությունյանը շատ լավ գնահատական տվեց, ես ողջունում եմ: Հիմա կարող է այլ կուսակցություն դուրս գա ու շատ լավ գնահատական տա եւ միանա այդ դաշինքին, ի՞նչը կխանգարի, մեզ որեւէ բան կխանգարի՞: Չի խանգարի, ընդհակառակը կուսակցականներ ունեն, այդ կուսակցականները կպաշտպանեն թեկնածուին, բոլորը իմ կողքին կկանգնեն, ինչքան շատ համախմբվենք մենք այսօր, այդքան լավ կլինի, հավատացեք»:

Հարցին, բայց Շիրակի մարզում քրիստոնեա-դեմոկրատ կա՞, Սամվել Բալասանյանն ասաց. «Ո՞նց չկան, ինչի՞ մասին է խոսքը, ես հանդիպել եմ իրենց»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031