Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւին ձեռնտու չէ թույլ Սերժ Սարգսյան

Օգոստոս 08,2016 13:30

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ Բաքվի շահերից չի բխում Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացնելուն միտված որեւէ գործողության նախաձեռնումը:

– «Սասնա ծռերի» գործողություններն իրավիճակ են փոխել մեր երկրում, այդ թվում նաեւ ԼՂ հարցի կարգավորման գործընթացի այս փուլում: Հավանակա՞ն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես դնի ԼՂՀ անկախության ճանաչման հարցը, մանավանդ՝ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, նախագահը պետք է ջանա փոփոխված Սահմանադրությամբ ակնկալվող դիրքերը պահել:

– Պարոն Սարգսյանն, անշուշտ, տեսականորեն կարող է ՀՀ կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցն առաջ քաշել եւ դրան միակողմանի լուծում տալ գոնե ՀՀ-ԼՂՀ ձեւաչափում: Ինքս կողմնակիցն եմ Երեւանի ու Ստեփանակերտի փոխհարաբերությունների նման պաշտոնականացմանը, սակայն կարծում եմ նաեւ, որ այդ ճանաչման ակտը պետք է նախապատրաստվի մի շարք նախորդող հետեւողական քայլերով, որոնք ընդունակ կլինեն չեզոքացնել կամ կանխել Ադրբեջանի եւ միջազգային հանրության բացասական արձագանքը եւ դրա համատեքստում նրանց կողմից նախաձեռնվելիք ապակառուցողական գործողությունները:

Մինչ ԼՂՀ պետական անկախության ճանաչման փաստաթղթի տակ ստորագրելը՝ պաշտոնական Երեւանը պետք է նախ ապահովի այն փաստարկային բազան, որի միջոցով կկարողանա արդյունավետորեն չեզոքացնել ագրեսոր-պետություն լինելու վերաբերյալ իրեն հասցեագրվող մեղադրանքը, հիմնավորել ԼՂՀ ներկայիս սահմանադրական տարածքի միասնական ու անբաժան լինելու թեզը եւ անի իրենից կախված ամեն ինչ՝ պաշտոնական Ստեփանակերտի փաստացի քաղաքական ինքնիշխանության մակարդակն էապես բարձրացնելու ուղղությամբ: ՀՀ գործող իշխանությունները նաեւ հակամարտության այլ կողմերին ու միջնորդներին պետք է առաջարկեն կարգավորման այլընտրանքային ծրագիր, որը հիմնված լինելով Մադրիդյան սկզբունքներից տարբերվող հիմնադրույթի վրա՝ ունակ կլինի ապահովել բոլոր կողմերի համար արժանապատիվ ու տեւական խաղաղություն: Այս ամենը միանգամայն իրագործելի կլինի եւ քիչ ժամանակ կպահանջի, եթե ՀՀ գործող իշխանական վերնախավը համապատասխան շահագրգռվածություն հանդես բերի:

– Համանախագահները ակտիվորեն խոսում էին ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայանալիք հանդիպման մասին: Վերջնական պայմանավորվածություն չեղավ կարծես, այդ խոսակցություններն էլ սակավացան: Գործընթացում փոփոխությունների եւ վերանայումների շրջա՞ն է: Ի դեպ, Սերժ Սարգսյանն առաջիկայում գնալու է Մոսկվա. դա կապ ունի՞ ԼՂ հարցի կարգավորման եւ Մոսկվայի հավակնությունների հետ:

– Կարծում եմ, որ այս հարցում որոշիչ կլինեն ՌԴ նախագահ Պուտինի՝ մոտ օրերս նախագահ Ալիեւի, ապա նախագահ Էրդողանի հետ կայանալիք հանդիպումների արդյունքները՝ փաստորեն պարոն Սերժ Սարգսյանին նա հանդիպելու է դրանցից անմիջապես հետո: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն նախագահների մակարդակում տեղի ունենալիք այդ հանդիպումներից հետո, ես կարծում եմ, որ այս փուլում՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, տարածքներ կարգավիճակի դիմաց կարգավորման բանաձեւի քննարկումը պաշտոնական Երեւանի համար քաղաքական տաբու պետք է դառնա:

– Ադրբեջանը զարմանալիորեն չօգտվեց հուլիսի 17-ից Երեւանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից` սահմաններում լայնածավալ գործողությունների համար: Ալիեւի ռազմատենչության ֆոնին դա շատ անբնական է ընկալվում:

– Ադրբեջանի ղեկավարությունը, հավանաբար, գիտակցում էր, որ ապրիլյան ռազմագործողության կրկնությունն ուղղակի կվիժեցնի այն քաղաքական ձեռքբերումները, որոնք ունեցավ պաշտոնական Բաքուն նախ՝ Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում: Ալիեւն արդեն իսկ որոշակի հիմքեր ունի կարծելու, որ կարճ ժամանակ անց ու առանց նոր պատերազմի կարող է իր վերահսկողությունը հաստատել ԼՂՀ ներկայիս տարածքների մեծ մասի նկատմամբ, եւ այդ հարցում հենց պարոն Սերժ Սարգսյանն է դիտարկվում որպես առավել հարմար գործընկեր: Այսինքն՝ այսօր պաշտոնական Բաքվի շահերից չի բխում պարոն Սարգսյանի դիրքերը թուլացնելուն միտված որեւէ գործողության նախաձեռնումը:

– Իր վերջին ելույթում նախագահը կրկնեց` միակողմանի զիջումներ չեն լինելու, Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու: Այս հերթական բարձրաձայնումը վստահություն ներշնչո՞ղ է, հանուն ա՞յդ հայտարարությունների էին «Սասնա ծռերի» գործողությունները:

– Այդ հայտարարությունների իրական արժեքը պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ պարոն Սերժ Սարգսյանը հրապարակավ պարզաբանի, թե Լեռնային Ղարաբաղ ասելով նա կոնկրետ ինչ նկատի ունի, կամ էլ սպառված հռչակի տարածքներ կարգավիճակի դիմաց կարգավորման բանաձեւի շուրջ ծավալվող քննարկումներն ու հրաժարվի հակամարտության կարգավորումն այս բանաձեւի հիման վրա փնտրելու հետագա որեւէ փորձից: Գուցե կրկնվում եմ, բայց ստիպված եմ եւս մեկ անգամ ընդգծել՝ Արցախի Հանրապետության ներկայիս տարածքները սակարկության առարկա չեն կարող եւ չպետք է լինեն, իսկ հակամարտության խաղաղ կարգավորումը միանգամայն հնարավոր է նաեւ այլ միջազգային իրավական սկզբունքների հիման վրա:

– Ի դեպ, «Սասնա ծռերի» վերջնական օրակարգից կարծես դուրս մնաց Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ:

– Նպատակահարմար չեմ գտնում այս հարցին պատասխանել «Սասնա ծռերի» տղաների կամ նրանց քաղաքական առաջնորդների փոխարեն եւ ընդամենը կարող եմ ասել, որ, ամեն դեպքում, գործող իշխանական վերնախավից իշխանության անցնցում փոխանցումը ժողովրդի վստահության կառավարությանը ապահովելու համար մի անցումային ժամանակահատված է անհրաժեշտ լինելու, որի ընթացքում գնացողներն ու եկողները պետք է որոշակի խաղի կանոններ սահմանեն եւ երկուստեք երաշխավորեն դրանց հետեւելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Այդ անցումային փուլում պարոն Սերժ Սարգսյանը եւս կարող է կարեւոր անելիք ունենալ: Այդուհանդերձ, իրավիճակը դեռ պետք է հասունանա՝ առայժմ գործող իշխանություններն իրենց դիրքերը լքելու կամ որդեգրած պահվածքը փոխելու նվազագույն նախանշաններն անգամ չեն դրսեւորում:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ»

06.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031