Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դժգոհես, ամբողջ կյանքումդ էդպես էլ կապրես»

Սեպտեմբեր 09,2016 15:00

Սիրիահայերը՝ իրենց փոքրիկ բիզնեսի մասին

Մետրոպոլիտենի «Հանրապետութուն» կայարանի գետնանցումում մեկ տարուց ավելի է՝ բացվել է «Հալեպի շուկան»: Այստեղ սիրիահայերը, ով ինչ հմտություն ունի, այդ ուղղությամբ էլ սկսել են սեփական բիզնեսը: Դեռ մեկ տարի առաջ այս շուկայում աշխատող սիրիահայերը որոշ դժգոհություններ էին արտահայտել կառավարությունից՝ շուկայի գոյության մասին ցուցանակ էին պահանջում, հարկային արտոնություններ էին խնդրում:

«Առավոտի» թղթակիցն այցելել է «Հալեպի շուկա»՝ հասկանալու համար, թե մեկ տարում սիրիահայերի բիզնեսներն ի՞նչ վիճակում են, գո՞հ են իրենց աշխատանքից:
«Հալեպի շուկայում» գործունեություն սկսած բոլոր սիրիահայերը մեզ հետ զրույցում գրեթե դժգոհություններ չարտահայտեցին, գոհ են, որ աշխատանք ունեն ու հայրենիքում են, բայց հարկային արտոնություն, այնուամենայնիվ, խնդրում են: Ասում են՝ գոնե կարճ ժամանակահատվածում արտոնություն ունենան, ոտքի կանգնեն ու կրկին բոլորին հավասար հարկեր վճարեն:

siriahayer_3
Հալեպից Երեւան եկած Արազն ու Հովիկը «Հալեպի շուկայում» մեկ ամիս է՝ սննդի սպասարկման կետ են բացել: Արազն ասում է՝ հաճախորդները այնքան էլ շատ չեն, բայց ոչինչ, նոր են բացվել, ամեն բան կարգին կլինի: Օբյեկտի անունն էլ ամուսիները որդու անունով են դրել՝ Հրաչ. ասում են՝ հաջողություն կբերի: Արազն ասում է՝ այլ երկիր տեղափոխվելու մտադրություն չունեն, բայց եթե Սիրիայում խաղաղություն լինի, գուցե վերադառնան: Արազը պատմում է՝ Հալեպում ռումբը ընկել է իրենց խանութի մեջ ու տարիներով ստեղծածը մեկ վայրկյանում վերացրել: Վերադառնալու մասին խոսելիս Արազի աչքերը թրջվեցին. հիշեց. «Մեր շենքի դիմացը ռումբ ընկավ պայթեց, Հրաչը տեսավ, մենք վախեցանք, ու Հրաչի անվտանգության համար եկանք Հայաստան»:
Բիզնեսը սկսելու մասին էլ ասում է՝ մի քիչ գումար ունեին, հետներն էին բերել, ու այդ եղած փողով իրենց բիզնեսն են դրել. «Ինչո՞ւ դժգոհեմ, եթե դժգոհես, ամբողջ կյանքումդ էդպես էլ կապրես»:

siriahayer_2
Նույն շուկայում Շավիյան քույրերը հայկական արտադրության տեքստիլ են վաճառում փոքրիկ կրպակում: Քույրերից մեկը հպարտությամբ ասում է. «Գրված է՝ արտադրված է Հայաստանում»: Ինչո՞ւ եք միայն հայկական ապրանք վաճառում՝ մեր այս հարցին ասացին՝ հո թուրքական չե՞նք վաճառի, թուրքերը մեզ կոտորել են, ու հայկականն էլ շատ լավն է: Սիրիայում քույրերը մեծ խանութ են ունեցել, էլի ռումբն ընկել է ու այն վերացրել:
Հայկական ապրանքների հետ քույրերից Լենան իր ձեռագործ աշխատանքներն է վաճառում. հայկական նախշերով գործերը շատ մատչելի են: Ասում են՝ շատերն են այս շուկայից օգտվում, տեղացիներն ուզում են մի բանով օգնած լինել սիրիահայերին:
Սիրիահայ Պետրոսի խանութում արեւելյան բուրմունք է տարածված, այս կրպակում ինչ ասես՝ կարելի է գտնել՝ է՛լ համեմունքներ, է՛լ յուղեր: Վաճառողուհին ասում է՝ հիմա առեւտուրը պակասել է, դե, ամբողջ Հայաստանում է այդպես:

siriahayer_1
Սիրիահայ Վահրամն էլ, ինչպես հաճախորդներից մեկն է ասում, ամենահամեղ շաուրման ու լահմաջոն է պատրաստում: Վահրամի մոտ սնվելու համար քաղաքի ծայրամասերից են մարդիկ գալիս «Հալեպի շուկա»: Վահրամն ասում է՝ հազիվ է հասցնում, հարկային վճարումներ, տեղի վարձ, տան վարձ, կոմունալ վճարներ, տակը գումար չի մնում: Վահրամն ասում է՝ Հալեպից ոչինչ չի կարողացել բերել հետը, Երեւանում զրոյից է սկսել, Կարմիր խաչն է օգնել սննդի օբյեկտն աշխատեցնելու համար սարքավորումներ ձեռք բերելու հարցում: Ասում է՝ եթե գործերը էսպես շարունակվեն, կմտածի այլ երկիր գնալու մասին, գուցեեւ՝ նորից Սիրիա:

Չնայած Հայաստանում շատ դժվարությունների են հանդիպում այս շուկայում աշխատող սիրիահայերը, բայց բոլորը մեկ մարդու պես ասում են. «Մեր հայրենիքն է, ուրիշ տեղ այսպես ապահով չենք կարող լինել»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

08.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930