Լրահոս
Օրվա լրահոսը

«Իզուր էլ հավաստագրվել ես, ես իմ ընկերոջը խոստացել եմ՝ ինքն ա դպրոցի տնօրեն լինելու»

Սեպտեմբեր 26,2016 16:18

Ասել է Ծովագյուղի գյուղապետը դպրոցի տնօրենի պաշտոնի համար պայքարող տիկնոջը

Արագածոտնի մարզի Ծովագյուղ համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնի համար «թեժ» պայքար է գնում: 54-ամյա Սիրամարգ Ղազարյանը 25 տարի է՝ այս համայնքի Մուրացանի անվան դպրոցում է աշխատել, հավակնում է տնօրենի պաշտոնին, սակայն նրա վստահեցմամբ՝ իր առջեւ արհեստական խոչընդոտներ են ստեղծում եւ ապօրինություններ անում:

Տիկին Ղազարյանը պնդում է՝ գյուղապետ Վահրամ Գեւորգյանը դպրոցի տնօրենի պաշտոնը խոստացել է իր ընկերոջը. «Ես երբ հավաստագրվել էի եւ գյուղապետին ասացի, որ դպրոցի տնօրենի մրցույթին թեկնածությունս եմ առաջադրելու, գյուղապետն ասաց՝ շատ իզուր, ես իմ ընկերոջը ընտրությունների ժամանակ խոստացել եմ, որ ինքը պիտի լինի տնօրեն: Բայց երբ ես ասացի, որ իր ընկերոջ մանկավարժական ստաժը բավական չէ տնօրենի մրցույթին մասնակցելու համար, գյուղապետն ասաց՝ ոչինչ, կգա հավաստագրվելու ժամանակը, դա էլ կլինի»:

Սիրամարգ Ղազարյանի պատմելով՝ 2014 թվականին լրացել էր դպրոցի տնօրենի 65-ամյակը, նա արդեն պետք է թոշակի գնար, իսկ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինը, այսինքն՝ կառավարման խորհուրդը պետք է դպրոցի նոր տնօրենի համար մրցույթ կազմակերպեր. «Չարեցին, ես վստահ եմ՝ դիտավորյալ չեն արել, ու նա մինչեւ հիմա տնօրեն է, տեղը պահում են գյուղապետի ընկերոջ՝ Արտուշ Հայրապետյանի համար: Արտուշ Հայրապետյանը մեր դպրոցում ինֆորմատիկայի ուսուցիչ է, այս տեղի համար մրցույթին երբ մասնակցել է, դրա իրավունքը չուներ: Օրենքը նման դեպքում սահմանում է առնվազն 5 տարվա մանկավարժական ստաժ՝ եթե կրթությունը մանկավարժական չէ: Այն ժամանակ՝ 2014-ին, նրա ստաժը 3,5 տարի էր»:

Տիկին Սիրամարգի պատմելով՝ դպրոցի կառավարման խորհուրդը, գյուղապետի միջամտությամբ, ամեն ինչ անում է, որպեսզի ինքը չկարողանա տնօրեն ընտրվել:

Սիրամարգ Ղազարյանը 1-ին եւ 2-րդ մրցույթներին մասնակցել է միայնակ, այսինքն՝ այլ թեկնածու չի եղել, եւ այս 2 մրցույթներին կառավարման խորհրդի անդամները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը. «Ինձ համար սա զարմանալի էր, որովհետեւ կարծես թե իմ ծրագիրը հավանում էին, ինձ ճանաչում էին, ես մեծ ավանդ ունեմ մեր դպրոցում: Երեխաների համար հետաքրքիր, ուսուցողական էքսկուրսիաներ եմ կազմակերպել տարբեր վայրեր, այդ թվում նաեւ՝ Արցախ: Ես ինքս Երկրապահ կամավորական միության անդամ եմ, մասնակցել եմ Արցախյան պատերազմին, ապրիլյան պատերազմին էլ առաջնագծում էի: Երեխաներին հայրենասիրական ոգով եմ կրթում»:

Այս տարվա օգոստոսի 12-ին էլ Ծովագյուղի Մուրացանի անվան դպրոցի տնօրենի մրցույթին Սիրամարգ Ղազարյանի հետ թեկնածություն է առաջադրել եւս մեկ թեկնածու՝ Երեւանից: Այս անգամ մրցույթում տիկին Ղազարյանի օգտին կառավարման խորհրդի անդամներից միայն մեկն է կողմ քվեարկել, այն էլ ծնողական խորհրդի անդամ է եղել, իսկ ահա մյուս թեկնածուն որեւէ ձայն չի ստացել:

Տիկին Ղազարյանի համար 3-րդ մրցույթի արդյունքներն այնքան էլ անակնկալ չէին, քանի որ կառավարման խորհուրդն ի սկզբանե ձեւավորվել էր այնպես, որպեսզի, ինչպես ինքն ասաց՝ մրցույթում չհաղթի: Կառավարման խորհուրդը կազմվում է 8 անձից, որոնցից 2-ը մարզպետարանի ներկայացուցիչներ են, 2-ը՝ դպրոցի մանկավարժական խորհրդից, 2-ը՝ ծնողական խորհրդի կողմից ընտրված անձինք, 1-ը՝ գյուղապետի ներկայացուցիչը, 1-ն էլ՝ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը: Այսպիսի կազմ է կազմվում, ըստ օրենքի, որպեսզի մրցույթում քվեարկելու ժամանակ ձայների արդարացի հավասարակշռություն պահպանվի: Սակայն կառավարման խորհրդի անդամների մեծամասնությունը, ինչպես տիկին Ղազարյանն է վստահեցնում, գյուղապետի մարդիկ էին: Օրինակ՝ ծնողական խորհրդից 2 ներկայացուցիչներից մեկը ավագանու անդամն էր, մարզպետարանի 2 ներկայացուցիչներից մեկը կրկին գյուղապետարանից էր՝ հաշվապահն էր, որը հիմա գյուղապետի ճանապարհաշինարարական ընկերության տնօրենն է, գյուղապետի ներկայացուցիչը դպրոցի գրադարանավարն էր, որը գյուղապետի եւ դպրոցի տնօրենի բարեկամն է, մարզպետարանի 2-րդ ներկայացուցիչն էլ կառավարման խորհրդի նախագահն էր՝ գյուղապետի այն ընկերը, որը հավակնում է առաջիկայում, երբ հավաստագրման գործընթացն անցնի, դպրոցի տնօրեն դառնալ: Մինչդեռ, ըստ օրենքի, չի թույլատրվում կառավարման խորհրդում մարզպետարանի ներկայացուցիչ նշանակել դպրոցից: Իսկ ԿԳՆ ներկայացուցիչը մարզպետարանի աշխատակիցն էր, մյուս 2 ներկայացուցիչները մանկավարժական խորհրդից էին, որոնք ենթակա են տնօրենին: Այսինքն՝ կառավարման խորհրդում 4 անձինք հենց դպրոցից էին, ինչն արդեն օրենքի խախտում է:

«Գյուղապետը մարզպետի տղայի ընկերն է, այսինքն՝ նա կարողանում է իրեն թույլ տալ այնպիսի անօրինական բաներ, որի համար պատասխանատվության չի ենթարկվի: Եվ ինչպես որ որոշել է՝ ամեն ինչ անում է, որպեսզի իր ընկերոջը՝ Արտուշին, դարձնի տնօրեն: Նրանք մրցութային գործընթացն այնպես են անում, որ ժամանակ շահեն, ու այդ ընթացքում Արտուշ Հայրապետյանը դասավորի մանկավարժական իր 7 տարվա ստաժը»,- վստահեցրեց տիկին Ղազարյանը:

Տիկին Ղազարյանի պատմելով՝ կառավարման խորհուրդը, ըստ օրենքի, 3-րդ մրցույթից հետո եռօրյա ժամկետում թեկնածուների գործերը պիտի ուղարկեր փոխվարչապետին, որն էլ այդ 2 թեկնածուներից մեկին դպրոցի տնօրեն պիտի նշանակեր: Բայց կառավարման խորհուրդը նման բան չի արել: Տիկին Ղազարյանի խոսքերով՝ «Պարզ է, որ դիտավորյալ է արել, ժամանակը ձգձգում է, որովհետեւ մոտ մեկ ամսից Արտուշ Հայրապետյանը պետք է հավաստագրման գործընթաց անցնի: Այսինքն՝ նրա գործերն են դասավորում, որ մի հատ ձեւական մրցույթ անեն ու Արտուշին տնօրեն դարձնեն»:

Տնօրենի մրցույթի հետ կապված բոլոր ապօրինությունների մասին տիկին Ղազարյանը գրավոր ներկայացրել է կրթության եւ գիտության նախարարություն, նույնիսկ նախարարի էլեկտրոնային հասցեին է գրել: Սակայն նախարարությունից տիկին Ղազարյանին երեկ գրավոր պատասխանել են, որ մարզպետարանին հրահանգ է տրվել մրցույթը չեղյալ համարել, մինչ այս պատասխանը՝ նախարարությունից Ղազարյանին վստահեցրել էին, որ հանձնաժողով է կազմվում, որպեսզի խնդիրն ուսումնասիրվի, իսկ մրցույթի մասնակիցներին հրավիրելու են քննարկման:

«Հիմա պետք է նոր մրցույթ լինի, բայց ես վստահ եմ՝ այնքան կձգձգեն, մինչեւ Արտուշ Հայրապետյանը հավաստագիրը ստանա, որպեսզի կարողանա ինքն էլ թեկնածությունը դնի, ու խորհրդի մեծ մասն իր օգտին քվեարկեն, որովհետեւ գյուղապետն է այդպես կամենում: Փաստորեն, այն ապօրինությունների մասին, որ ես տեղեկացրել էի նախարարությանը, աչք փակեցին ու ընթացք չտվեցին: Ես նաեւ վստահ եմ՝ Արտուշ Հայրապետյանն իր ստաժը ոչ օրինական ճանապարհով է սարքելու, որովհետեւ դեռեւս 2014-ին, երբ նա մասնակցեց ուսուցչի թափուր տեղի մրցույթին, մանկավարժական ստաժը 3,5 տարվա էր, 2 տարի է անցել, ու 7 տարվա ստաժը չի լրանում»:

Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը չի կարող ազդել դպրոցի տնօրենի մրցույթի ընթացքի վրա. «Ես ով եմ, որ տնօրեն նշանակեմ, խորհուրդ կա, մարզպետարան կա, տարածքային նախարարություն կա, գյուղապետն ով է, որ կարենա տնօրեն նշանակի: Տնօրենը մրցույթով է ընտրվում»:

Մեր այն դիտարկմանը, որ նա Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու ընկերն է, կապեր ունի, գյուղապետ Գեւորգյանն այսպես արձագանքեց. «Ես մենակ մարզպետի տղայի ընգերը չեմ, բոլորի ընգերն եմ, էդ նշանակում է ես պիտի կարենամ տնօրե՞ն նշանակեմ: Կամ մարզպետի տղեն էսքան ժամանակ երբ ա իրա հոր գործերի մեջ խառնվել որ»:

Ինչ վերաբերում է նրան, որ դպրոցի տնօրենի հավակնորդ Արտուշ Հայրապետյանը գյուղապետի ընկերն է, պարոն Գեւորգյանը հետեւյալն ասաց. «Արտուշն իմ ընկերը չի, Արտուշն իմ մոտ ավագանի ա, բայց իմ ընգերը չի, Արտուշը շատ ջահել ա, ոչ իմ հասակակիցն ա, ոչ էլ, ո՞նց ա իմ ընգերը: Ես չեմ կարա որոշեմ, որ ինքը տնօրեն դառնա»:

Արտուշ Հայրապետյանն էլ «Առավոտի» հետ զրույցում տնօրենի պաշտոնը զբաղեցնելու իր ցանկության մասին ասաց՝ «Ով ա ասել տենց բան ձեզ: Ես էդ հարցում ձեզ որեւէ բան ասել չեմ կարող, որովհետեւ առաջիկայում նման ծրագիր չունեմ»:

Հարցին՝ մրցույթից հետո ինչո՞ւ եռօրյա ժամկետում թեկնածուների գործերը փոխվարչապետին չի ուղարկել, ինչպես որ կարգն է պահանջում, Հայրապետյանն ասաց. «Որովհետեւ խորհրդի անդամներ կային, որոնք ոչ լեգիտիմ էին, փոխված անդամներ կային, որոնք հաստատված չէին լիազոր մարմնի կողմից, քվեարկեցին, ու պարզվեց, որ դրա իրավունքը չունեին»: Հարցին՝ ինչո՞ւ մինչ մրցույթը այդ հանգամանքը չէին պարզել, Հայրապետյանն ասաց. «Մրցույթի պահին պարզվեց նախարարության ներկայացուցչի կողմից, նա եւ լիազոր մարմնի ներկայացուցիչը թույլ չտվեցին ընդհատել մրցույթը, որովհետեւ խորհրդի անդամներից մեզ առաջարկեցին 3 օր հետաձգենք, պարզենք էդ հարցը, իրանք ասեցին՝ չէ: Մրցույթը շարունակեցինք, նախարարությունը հանձնաժողով է կազմել, եւ պատասխան է եկել մրցույթը չեղյալ համարել»:

Մեր դիտարկմանը՝ թեկնածուներից մեկը պնդում է, որ նման բաները դիտավորյալ են արվում՝ ի շահ Հայրապետյանի, վերջինս ասաց. «Եթե էդպես են կարծում, թող դիմեն համապատասխան տեղեր՝ բողոքներ հարուցեն, ես ոչ պատասխանող եմ, ոչ դատավոր, ոչ էլ եսիմ ինչ եմ: Ասեցի պատճառները»:

Պարոն Հայրապետյանը հրաժարվեց մեր մյուս հարցերը լսել՝ պատճառաբանելով՝ «Հարմար տեղում չեմ: Չեմ կարող խոսել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

24.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930