Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ տպավորված են ՀՀ վարչապետի և կառավարության հավակնություններով, բարեփոխումների օրակարգով

Նոյեմբեր 11,2016 15:23 Share

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների գործընթացում:

Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ գործադիրի հիմնական խնդիրն է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ և հավասար դաշտի ստեղծումն ու ներդրումային ծրագրերի խթանումը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որպեսզի այն վերարտադրվի և զարգանա, իրականացվելու են քայլեր օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար:

Կարևորելով նաև կառավարման մշակույթի փոփոխությունը՝ վարչապետը շեշտել է, որ առանց ստվերի և բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի՝ երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում: Այդ առումով, կառավարության ղեկավարն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնություններով, փոխվելու է նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը. դրանում կներգրավվեն հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: «Մոտ ժամանակներս ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների և բարեփոխումների կենտրոն, որի գործունեության մեջ բացի կառավարության ներկայացուցիչներից, կներգրավվեն նաև աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերները, որոնց փորձը, գիտելիքները մեզ համար կարևոր են: Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին»,- նշել է Կարեն Կարապետյանը:

em-despanner6Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ տպավորված են ՀՀ վարչապետի և կառավարության հավակնություններով, բարեփոխումների օրակարգով և ավելացրել, որ Հայաստանի պայծառ ապագայի կերտման ուղին տեսնում է այդպիսին:

Դեսպանը շեշտել է, որ ԵՄ-ն, որպես Հայաստանի բարեկամ, պատրաստ է օժանդակել մեր երկրին՝ տնտեսության զարգացման, գործարար դաշտի, հարկային և մաքսային վարչարարության բարելավման նպատակով:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին՝ պարոն Սվիտալսկին նշել է, որ տպավորված է կառավարության նախատեսած հարուստ միջոցառումներով և այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Դեսպանը կարևորել է նաև ընտրական գործընթացի կազմակերպման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցությունն ու բարեփոխումների իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930