Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Պրոգրես» համալսարանի ռեկտորը ԱԱԾ-ի՝ կեղծ դիպլոմ տրամադրելու մեղադրանքի մասին

Հունվար 19,2017 19:44

Ինչպես հայտնի է՝ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ երեք բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ հիմքերով ձեւակերպված պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու համար: Նրանից մեկը Գյումրու «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Րաֆֆիկ Խաչատրյանն է:

Aravot.am-ը պարոն Խաչատրյանից մեկնաբանություն խնդրեց ԱԱԾ-ի հաղորդագրության վերաբերյալ, հետաքրքրվելով, թե իրականում եղե՞լ է իր համալսարանում նման դեպք: «Ազգային անվտանգության ծառայությունը, բնական է, իր գործն է կատարում, մենք էլ մեր գործն ենք կատարում, մենք դեմ չենք ստուգումներին: Մեզ մոտ իրոք չպարզաբանված հարցեր եղել են, որոնց պարզաբանումն ընթացքի մեջ է, աստիճանաբար պարզաբանում ենք: Ինչ վերաբերում է այդ մեծ աղմուկին, ես դրան համաձայն չեմ, որովհետև դիպլոմ վաճառել… Չեմ ընդունում դա՝ վաճառք կամ որևիցե բան, քանի որ դիպլոմն արժեք է, դիպլոմի համար վճարում են որպես ուսման վարձ:

Մեր մասնավոր համակարգը հիմնված է ուսման վարձերի հիման վրա, եթե չվճարեն, դիպլոմն արժեք է, ո՞վ պետք է վճարի…Այսօր չենք էլ կարող ավել, պակաս բան անել. ուսանող, քանակ, ուսման վարձ, դրանք պետք է համապատասխանեն: Այսօր մեր հաշվետվությունները ներկայացնում ենք էլեկտրոնային տարբերակով, եթե ուսանողի վարձը հաստատված է այդ չափով՝ կախված տարբեր մասնագիտություններից, այդ չափով էլ պետք է հաշվետվություն ներկայացվի թե՛ ֆինանսական, թե՛ քանակի առումով:

Կա տեխնիկական վրիպում, որը մեր կողմից պարզվել է և դեռ էլի պարզվում է, մեր բուհում հայտնաբերված թերություն է, որն ընդունում եմ: Մենք ունեցել ենք ստոմատոլոգիա մասնագիտություն, հիմա չունենք այդ մասնագիտությունը: 2010 թվականին այդ մասնագիտությունը հավատարմագրված չէր որպես մասնագիտություն, ես հետ եմ տվել այդ մասնագիտության լիցենզիան: Իմ ընկերներից մեկը խնդրել է, ես տվել եմ մի հատ ոչ պետականի փաստաթուղթ, դիպլոմ ասեմ, փաստաթուղթ ասեմ, որ կրթությունը շարունակի: Դա տվել եմ, ընդունում եմ:

Ունենք մեկ կամ երկու հոգի, ԱՄՆ-ում ապրող մարդիկ, որոնք 2007 թվականին հոգեբանություն մասնագիտության դիպլոմ են ստացել: Պարզվում է նրանք ՀՀ քաղաքացի են, նրանց հարցն էլ ենք պարզում, այստեղ խնդիր չկա, նրանք ստացել են 2007 թվականի դիպլոմ, ուղղակի մաքսատուն չեն անցել: Եվ ամենախոշոր մեղադրանքը, որը լրիվ պարզաբանվեց մեր կողմից, Ջավախքից մոտ 11 մարդու հարցն էր: Մենք Ջավախքում նախկինում ունեինք ներկայացուցչություններ, հիմա դարձրել ենք ուսումնախորհրդատվական կետեր:

Մեր ներկայացուցիչները Վրաստանում գրանցված էին, դասախոսներ էինք ուղարկում այնտեղ, այն ժամանակ թույլատրում էին: Հետո երկու պետությունների նախարարները պարոն Աշոտյանի ժամանակ պայմանավորվեցին, որ Ջավախքի ուսանողներին տեղափոխենք մեզ մոտ, արդեն երկու տարի է դասերն այստեղ ենք անցկացնում: Առաջ մեր դասախոսներն էին գնում, կային հարմարություններ, դասավանդում էին, գնահատականները փոխանցում էին, մեր Ջավախքն է, ազգանվեր աշխատանք էինք կատարում, այնտեղ ուսման վարձը եղել է 100 դոլարին համարժեք դրամ, որից 7 տոկոսը պիտի փոխանցեին «Պրոգրես» համալսարանին, որովհետև իրենց ծախսերն էլ չէին հոգում: Հիմա արդեն Ջավախքից հեռակա բաժիններ դիմեցին ու նրանց տեղափոխել ենք մեզ մոտ: Ի՞նչ է պարզաբանվել Ազգային անվտանգության կողմից, որ 11 հոգին, երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մաքսակետեր չեն անցել: 11-ից մեկը Բագդանովկայի մասով է եկել, բայց Բավրայի՝ Հայաստանի Հանրապետության բնակիչ է, այստեղ է բնակվում, մեկն էլ մեր ուսանողն է եղել, պարզաբանել ենք, որ ամեն ինչ նորմալ է:

Իսկ 9 հոգին ջավախքահայեր են, որոնք ընդունվում են նախարարության Սփյուռքի բաժնի հրամանով, նրանց ամեն ինչը օրինական կա, նրանք չեն անցել մաքսակետը և ստացել են դիպլոմներ: Պարզաբանեցինք, որ նրանք ընդունելության ժամանակ ընդունվել են իրենց հայրական ազգանունով, ավարտելու ժամանակ այդ 9 հոգին, տարբեր տարիներին, ամուսնացել են, զագսի վկայական են ներկայացրել, ավարտական պետական քննություններից հետո դիպլոմները մենք պարտավոր ենք գրելու իրենց ամուսնու ազգանուններով: Բերել ենք փաստաթղթերը, ցույց ենք տվել, ու այդ հարցը լիարժեք պարզաբանվել է:

Իսկ այն թերությունները, որոնք կան, ընդունում եմ, Ազգային անվտանգությունը ճիշտ է վարվել, ցանկացած ստուգող էլ կարող է գալ, դրանք տեխնիկական թերություններ են, որոնք ամեն աշխատանքի մեջ էլ կան: ԱԱԾ-ի հայտարարությունը ճիշտ է, ընդունում եմ, որ խախտումներ կան, այդ երեք բուհի մեջ մենք ենք էլ ենք մտնում: Իհարկե, նաև պարզաբանման հարցեր կան, մնացածն էլ պարզաբանվել են, ստուգող մարմինները իրենց գործն են կատարել, եկել, ստուգել են, մենք էլ պիտի պարզաբանենք, դրանով պետությանը վնաս չենք տվել:

Այո, վրիպում կա, 25 տարվա բուհ է, միշտ անթերի է եղել, միշտ պարծանքի, միշտ գովեստի է արժանացել: 2014 թվականին վարկանիշային մասով հանրապետության ոչ պետական բոլոր բուհերի մեջ առաջին տեղն է ընկել «Պրոգրես» համալսարանը: Գյումրիում մեր պետական ու մասնավոր բուհերի մեջ առաջին տեղը, իսկ հանրապետության մասշտաբով երրորդ տեղը մեր ենթախմբում, այսքան նվաճումների կողքին, հնարավոր է թերություններ լինեն, մենք կշտկենք: Դրանք, ինձ թվում է, չեն ազդի բուհի վարկանիշի վրա, վրիպումներ են եղել, սխալներ, սխալի համար կա պատիժ»:

Հարցին՝ հնարավո՞ր է այնպիսի պարզաբանումներ լինեն ձեր կողմից, որ գործը չհասնի դատարան, մեր զրուցակիցն ասաց՝ «Իհարկե, հնարավոր է»:

Լուսանկարը՝ Րաֆֆիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031