Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գերնպատակը օրենսդիր դառնալը չէ, մանդատ «ձեռք գցելը»

Փետրվար 02,2017 16:30

Նախընտրական անորոշությունն ու խառնաշփոթը շարունակվում են.
ի՞նչ է բանակցում Վարդան Օսկանյանը

Ի հակադրություն քաղաքական տրամաբանության՝ ընտրություններից ընդամենը հաշված օրեր առաջ Հայաստանում քաղաքական ներկապնակն ավելի է խճճվում: Ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները պետք է ամենաուշը փետրվարի 10-ին փաստաթղթերը ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց կուսակցություններում դեռեւս հստակեցումներ են գնում` պատերի հոգեհարազատության, գետերի եւ նրանց վտակների ծաղկելու, մխտռվելու կամ չորանալու եւ այլ թեմաներով: ՀՀԿ-ում դա անվանել են ինքնամաքրում: Արդյունքում ՀՀԿ-ի մաքրվածներն ու ինքնամաքրվածները հայտնվում են Գագիկ Ծառուկյանի շրջապատում եւ հակառակը: Դաշինքների ձեւավորումն ու կուսակցական տեղաշարժերը որեւէ քաղաքական տրամաբանության չեն ենթարկվում: Միակ նպատակը մանդատն է: Կան, իհարկե, նաեւ չկողմնորոշվածներ: Ու ի հավելումն՝ դեռ պարզ էլ չէ՝ ապրիլի 2-ը` ՀՀ ԱԺ ընտրության քվեարկության օրը, կհետաձգվի՞, թե՞ ոչ: Նախագահն ասաց՝ դեմ չէ օրը փոխել, թեեւ իրավական խնդիր չի տեսնում:

Անգամ փաստաթուղթը ստորագրելիս էր տարակուսել, բայց ստորագրել էր: Այս, այսպես ասած, տնավարիությունն արդեն բավական բնորոշում է ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու բոլոր պնդում-հավաստիացումները: Իսկ առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են Հայաստանի ամենախայտառակ եւ «ամենափողառատ» ընտրությունները: Բոլորը բոլորին դեմ են դուրս գալու` իրար հետ մի կտոր հաց կիսած կուսակցական ընկերները ռեյտինգային կարգով պայքարելու են ոչ միայն միմյանց դեմ, այլ նաեւ այլ կուսակցությունների ու դաշինքների` էլի իրար հետ մի կտոր հաց կիսածների: Ոչ ոքի հետաքրքիր չէ, թե ընտրողն ինչպես կկողմնորոշվի այս խառնաշփոթում: Ընտրողներն ապահովելու են այս ընտրությունների, այսպես ասած, տեսարանային հատվածը: Թվերը գրվել են կամ գրվում են բոլորովին այլ վայրում եւ այլ պայմաններում: Ու սեփական մանդատի թիվն ամրագրելու համար ոչ միայն իշխող կուսակցությունում են հերթ կանգնել, այլ նաեւ ընդդիմադիրները: Այս իմաստով, հավանաբար, ավելի արդար են այն մարդիկ, ովքեր իշխող կուսակցության միջոցով են փորձում ամրագրել մանդատը, ընդդիմություն չեն խաղում:

Ձեւավորվող հիմնական բեւեռներում, հատկապես ընդդիմադիր համարվող, բավական ուշագրավ զարգացումներ են լինում: «Առավոտի» տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքում այլեւս նախկին «էնտուզիազմը» չկա: Ի հեճուկս հրապարակային արվող հայտարարությունների՝ այդ դաշինքի լիդերները, նրանց համակիրները սկսում են հասկանալ, որ ցանկալի հաղթանակ գրանցելու համար քիչ հնարավորություններ ունեն: Անգամ խոսակցություններ կան, որ, օրինակ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ջանում է ամեն կերպ հանդիպել Գագիկ Ծառուկյանին եւ պայմանավորվել արդեն ոչ թե Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքի հետ համագործակցության, այլ «Ծառուկյան» դաշինքի եւ «Համախմբում» կուսակցության համագործակցության մասին: Խոսակցությունները, որ այս ընտրություններում իշխանությունը հովանավորելու է ՀԱԿ-ին, նույնպես համառորեն կան ու չեն մարում: Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքել էր, որ մարզպետներին հրահանգ է իջեցվել աջակցել տեղերում ՀԱԿ գրասենյակների վերաբացմանը, նաեւ ֆինանսապես եւ անձամբ վերահսկել գործընթացը: Բայց այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի բանակցությունները ավարտվեցին ոչնչով, որոշում է կայացվել, որ ՀԱԿ-ի ցուցակում կլինի հայտնի գործարար Սարիբեկ Սուքիասյանը` ՍԻԼ ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը: Այս կերպ նաեւ կլուծվեն ՀԱԿ-ի ֆինանսական խնդիրները: Իսկ Խաչատուր Սուքիասյանը, հավանաբար, խորհրդարան կգնա «Ծառուկյան» դաշինքով:

Արդեն շաբաթվա վերջին` հինգշաբթի կամ ուրբաթ օրը, սպասվում է, որ «Ծառուկյան» դաշինքի ուժերը կստորագրեն համաձայնագիր: Դաշինքում այս պահին հստակ է ԲՀԿ-ի, «Միասնություն» շարժման, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի եւ ՀՀՇ-ի անդամությունը: Հնչակյան մեկ այլ կառույց` ՎՍԴՀԿ-ն, դեռ բանակցությունների մեջ է: Ոչնչով ավարտվեցին նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ Գագիկ Ծառուկյանի բանակցությունները: ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն արդեն հայտարարել է ՀԱԿ-ի հետ դաշինքով ընտրությունների գնալու մասին: Մեզ հետ զրույցում Գրիգոր Հարությունյանը հերքեց տեղեկությունները, որ «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցությունները տապալվեցին Ստեփան Դեմիրճյանի ամբիցիաների պատճառով: Ասում են, որ նա երկու տեղ է ուզել առաջին հնգյակում: Բացի այդ, Ստեփան Դեմիրճյանին դուր չի եկել նաեւ դաշինքի անվանումը: «Տարբեր բաներ են գրում, ասում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ճիշտ է, մի քանի հանդիպում եղել է, ընդհանուր քննարկումներ, բայց կոնկրետ բաներ` տեղեր եւ այլն, չեն եղել: Մենք այն ժամանակ էլ, միշտ էլ ասել ենք, որ մեր հիմնական դաշնակիցը եղել է ՀԱԿ-ը: Այն ժամանակ, որ Ծառուկյանի հետ հանդիպում եղել է, ՀԱԿ-ի հետ էլ քննարկումներ էին գնում»: Թե ինչո՞ւ տապալվեցին ՀԱԿ-Գագիկ Ծառուկյան բանակցությունները՝ ՀԱԿ-ի դաշնակից ՀԺԿ փոխնախագահը չգիտի: Զարմանում է նույնիսկ. «Եղե՞լ են բանակցություններ: Իմ տեղեկություններով` չեն եղել: Կարող է՝ միջնորդավորված, բայց առաջին դեմքերի հանդիպում, ինչքան գիտեմ, չի եղել»: ՀԱԿ-ական գործիչների հետ խոսել չստացվեց` նրանք հեռախոսազանգերին չեն արձագանքում:

ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն էլ ընտրություններին մասնակցելու են դաշինքով, բայց հստակություն չկա ցուցակի հարցում: Գրիգոր Հարությունյանին հայտնի էլ չէ, թե այլ ուժեր կամ անհատներ կմիանա՞ն: Իրենք առհասարակ ավելի լայն համախմբման կողմնակից են. «Ցուցակի հարց չի քննարկվում: Կարծում եմ՝ դա երկրորդական է: Բայց ճիշտը սա էր: Մենք այլ բան չենք կարող: Գոնե քաղաքական դեմք կա»: Մեր զրուցակիցը զերծ է մնում կանխատեսել այդ դաշինքի հնարավորություններն ու պոտենցիալը: Նա շրջանցեց նաեւ դիտարկումը, որ 2008-ից հետո ձեռք բերված հսկայական քաղաքական պոտենցիալը մսխվեց: Իրենց հնարավորությունները մի շարք գործոններով է պայմանավորում, հատկապես Ընտրական օրենսգրքով: «Այս Ընտրական օրենսգիրքը շատ լուրջ խնդիրներ է առաջացնում: Ամբողջ քաղաքական դաշտը կախվածության մեջ է գցում խուժանից: Քաղաքական ուժերը պետք է պայքարի մեջ մտնեն թաղային խուժանի հետ: Հիմքում սա է, ու պարզ է, որ ոչ մենք, ոչ ՀԱԿ-ը երբեք այդ ճանապարհով չենք գնալու»,- ասաց Գրիգոր Հարությունյանը: Հարցին` թաղային խուժանին հաղթելու ռեսուրս ունե՞ք, Գրիգոր Հարությունյանն ասաց. «Դժվար է, բայց պետք է փորձենք»: Թե ինչո՞ւ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ լայն համախմբում չի կայանում՝ մեր զրուցակիցը չգիտի: Ասում է` պատճառը գուցե հենց այս Ընտրական օրենսգիրքն է, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի գնա փողով, թաղային խուժանով առաջ գնալու տարբերակով:

Հիշեցնենք, որ այս Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնությունը հենց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր պատմական որակում:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

01,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728