Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Օսկանյանին վարչապետի պաշտոն էին խոստացել». Մարթա Այվազյան

Փետրվար 21,2017 19:01

2008 ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից աշխատանքից ազատված դիվանագետները կամ համաձայն չեն նրա` ներկայիս հայտարարություններին, կամ էլ չեն ցանկանում մեկնաբանել դրանք:

Օրեր առաջ Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց, թե ինքը չէ Մարտի 1-ի հասցեատերը, այլ ներկայիս իշխանությունները:

Նա, մասնավորապես նշել էր. «Մարտի 1-ի իրական հասցեատերը ես չեմ, մարտի 1-ի հարցը մեկ հասցեատեր ունի` այսօրվա իշխանությունները: Մարտի 1-ի շահառուները հենց իրենք են` իշխանությունները: Ես 2008-ից իշխանության չեմ եղել և կամովին չեմ եղել: Ինձ առաջարկված է եղել պաշտոնը, բայց մերժել եմ: Իսկ այդ նույն մարդիկ այսօր իշխանության են և կառչած են իրենց աթոռին: Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու բանալին այսօրվա իշխանությունների ձեռքին է»:

Վարդան Օսկանյանը նաև հավաստիացնում է, որ այժմ ինքը «շահեկանորեն տարբերվում է մյուսներից», քանի որ ժամանակին ինքը «մյուսների նման անկյուն չի փախել, նայել է ժողովրդի աչքերին, խոսել ընդդիմության հետ». «Դա արել եմ իմ պատասխանատվության գիտակցությամբ, վստահություն, համարձակություն եմ ունեցել: Այժմ իմ մտքում ու խղճում հանգիստ եմ զգում»:

Հիշեցնենք, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը բարձրաստիճան դիվանագետներ Մարթա Այվազյանին, Կարինե Աֆրիկյանին, Առաքել Սեմիրջյանին եւ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատել էր այն բանի համար, որ նրանք փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ծավալված իրադարձությունների կապակցությամբ զսպվածության կոչ էին արել և կոչ արել իշխանությանն ու ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Aravot.am-ը Մարթա Այվազյանից հետաքրքրվեց` ի՞նչ գնահատական կտա Վարդան Օսկանյանի այն  հայտարարություններին, թե ինքը Մարտի 1-ի շահառուն չէ: Ի պատասխան տիկին Այվազյանը հիշեցրեց այդ օրերին լույս տեսած հոդվածաշարը, որտեղ փաստերով նշվում էր, թե 2008-ի ընտրությունների հետ կապված Վարդան Օսկանյանն ինչ գործողություններ է արել, ինչ բանակցություններ է ունեցել ԺՀՄԻԳ-ի դիտորդների հետ. «Ինքը եղել է շտաբի անդամ, դա փաստվում է հոդվածում, շանտաժի է ենթարկել արտասահմանյան դիտորդներին: Այդ ամենում փաստացի տվյալներ կան` անուններով և այլն: Ամբողջ արտերկրի հետ ինքն է  բանակցությունները վարել ու ամեն կերպ արդարացրել այն ամենը, ինչ տեղի է  ունեցել, նաև սպանությունները: Նաև նրա օգնականը` Սալբի Ղազարյանը BBC-ով պատմում էր, թե նռնակներ են գտնվել Օպերայի շրջակայքում և այլ: Այնպես որ, ինձ համար Վարդան Օսկանյանի հայտարարություններն անհեթեթ են»:

Տիկին Այվազյանը, կրկին հղում կատարելով 2009-ի հրապարակումներին, նշեց. «Դա առաջին դեպքը չէր, որ Վարդան Օսկանյանին օգտագործում էին, և նրան այն ժամանակ վարչապետի աթոռն էին խոստացել, դրա մասին նշված էր նաև այդ հրապարակումներում»:

Մեր հարցին` արդյոք համոզի՞չ են Վարդան Օսկանյանի այն հայտարարությունները, թե ինքը Մարտի 1-ի հասցեատերը չէ, Վլադիմիր Կարապետյանն ի պատասխան չցանկացավ մեկնաբանել Օսկանյանին ու կարճ հավելեց. «Ինը տարվա մեջ չեմ մեկնաբանել Օսկանյանի գործունեությունը և համարում եմ գործընկեր քաղաքական դաշտում: Այսօր էլ չեմ պատրաստվում նրա գործունեությունը մեկնաբանել»:

Զրուցեցինք նաև Առաքել Սեմիրջյանի հետ: Ըստ նրա, իհարկե, համոզիչ չեն Օսկանյանի հայտարարությունները. «Վարդան Օսկանյանը ժամանակին հնարավորություն է ունեցել ստորագրել նույն տեքստի տակ փոխանակ աշխատակիցներին աշխատանքից ազատելու: Մեր հայտարարությունը միայն մեկ նախադասություն է պարունակել, որ իշխանությունն ու ընդդիմությունը նստեն բանակցությունների սեղանին, որ կանխվի ՀՀ-ի հանդեպ արյունահեղությունը: Մեր հայտարարությունը քաղաքական չի եղել, մեր խնդիրն է եղել այն, որ մենք, որպես դիվանագետներ` հաշվարկել ենք` իմանալով ինչ հետևանքներ են տեղի ունենում երկրի հետ, երբ իշխանությունը հանում է բանակը հասարակության դեմ և ուժ է կիրառում: Որպես փորձառու դիվանագետ` Վարդան Օսկանյանը պետք է որ այդքան բանը հասկանար: Կարող է ինքը բանակի վրա ազդեցություն չի ունեցել, բանակը չի հանել ժողովրդի դեմ, բայց, կրկնում եմ, ինքը, լինելով փորձառու դիվանագետ, պետք է իմանար, որ բանակը ժողովրդի դեմ հանելուց երկիրը տասնյակ տարիներ հետ է ընկնում»:

Դիտարկմանը` հետևաբար, ստացվում է, որ մարտի 1-ի շահառուներից մեկն էլ Վարդան Օսկանյա՞նն է, պարոն Սեմիրջյանն արձագանքեց. «Ոչ ուղղակիորեն  այդպես է ստացվում: Փաստացիորեն ինքը չի օգտվել իշխանությունից, բայց նա այդ պահին եղել է իշխանություն, ուստի ինձ չի հետաքրքրում` օգտվել է, թե ոչ, ինձ հետաքրքրում է այն, որ իրականում ՀՀ-ն այսօր վտանգի տակ է»:

Հարցին` հիմա Վարդան Օսկանյանի` իշխանությունների հասցեին հնչած քննադատություն ի՞նչ դրդապատճառներ ունի, Առաքել Սեմիրջյանը պատասխանեց. «Ուրախ եմ, որ Օսկանյանն ինքն իրենով հասել է դրան: Ուրախ եմ, որ դրանում համոզվել է: Ինչ վերաբերում է, որ Օսկանյանը ինքն իր պատասխանատվության մեծ բաժինն ունի, դա ժխտելն անիմաստ է: Կընդունեի իր ասածներն ավելի արժանահավատ, եթե ինքը հաստատեր, որ մեր` դիվանագետներիս, ասած ցանկացած բառ այսօր իրականություն է դարձել: Վարդան Օսկանյանն էլ իր գործողություններով այսօր ապացուցում է, որ մենք ճիշտ ենք եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Չէի երեվակայեր որ կեանքումս երբեւիցէ որեւէ կերպով պաշտպանելու եմ Վարդան Օսկանյանը: Զինք երբէք չեմ հաւանած, չեմ հասկցած թէ ինչու այդքան երկար ժամանակ պետական այդքան բարձր պաշտօն շնորհվեցաւ իրեն, եւ ամէն դէպքում, գոնէ այն պահից սկսյալ որ վերջ գտաւ իր այդ պաշտօնը, նա լաւ կ’անէր եթէ լիովին անհետանար քաղաքական դաշտից, զբաղվեր այլ նյութերով, փոխանակ այսքան հուսահատօրէն, խղճալիօրէն, տեւաբար – եւ ի զուր – ջանար վերադառնալու կառավարական պաշտօնի:

    Սակայն այս հոդվածում արտահայտվող անձերը անհատական հաշիւ են մաքրում պարզապէս, եւ իրենց քննադատությունները արժէք չունեն:

    Հոդվածում նշված է թէ Մարտ 2008-ին Օսկանյանը այս անձերին գործից արձակեց: Ուրեմն, նախորդող բազմաթիւ տարիներին, ասոնք բոլորը աշխատում էին Քոչարյանի վարչակարքում, օգտվում էին այդ վարչակարգից – որու ուղղակի, բնական շարունակությունն է այժմու վարչակարգը: Իսկ անոնք որոնք բացասական կերպով արժեւորում են այդ վարչակարքը, այդպիտի ժխտական կարծիք ունեն՝ միմիայն Մարտ 2008-ի դէպքերի՞ պատճառով: Անշուշտ չէ ոչ: Այդ վարչակարքի հակառակորդների համար, 01 Մարտ 2008-ը վերջին ու ծայրագոյն շեղումն էր միայն՝ նախորդող 10+ տարիների այլազան, զանազան ու զարմանազան սայթաքումներ կատարած վարչակարքին:

    Ուրեմն, գոնէ մինչեւ Մարտ 2008, Օսկանյանի վերեւի քննադատները աշխատում էին խնդրո առարկա վարչակարքին համար: Թէ որ, մէկէն ի մէկ, Մարտ 2008-ին հանկարծ զարթնել են, եւ հանկարծ կակուղ մօտեցում են հանձնարարել ծայր տված ապստամբութեան նկատմամբ, չի կարող ջնջել այդ պահին նախորդող բազմաթիւ տարիների իրենց շահագրգռված համագործակցությունը վարչակարքին հետ: Այդ վերջին պահին, իրենց այդ շա՜տ ուշացած, մօտաւոր «այլախոհությունը» նախ հիմնական անկարգություն է ստորադաս պաշտօնյաների կողմէ- եւ կ’արդարացնէ անոնց գործէ արձակումը -: Սակայն նաեւ համազօր է վտանգված նավը լքող առնետների բնազդային վարքագծին – այդ ուրիշ, որ նավը հաջողեցաւ չընկղմիլ – :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728