Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ամսի 2-ին գազին հուպ տվեք, մենք ամսի 3-ին հուպ կտանք». Փաշինյանի քարոզարշավը՝ Ավանում (Տեսանյութ)

Մարտ 06,2017 17:14

«Բարեւ ձեզ, ես ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն եմ, ելք կա, չհուսահատվեք, ԵԼՔ-ը մեկն է՝ թիվ 1 քվեաթերթիկը»,- ահա այսպես ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր քայլարշավ արեց Ավանի մի շարք փողոցներում:

Նա մտնում էր կոշկակարանոցներ, սուպերմարկետներ, հացի փռեր, դեղատներ ու կոչ անում քվեարկել իրենց օգտին՝ ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամային վիճակից ելք կա:

Բաժանելով նախընտրական բուկլետները՝ Նիկոլ Փաշինյանն անցորդներին ասում էր, որ բուկլետների վերջում իրենց հեռախոսահամարներն են էլեկտրոնային հասցեները եւ կարող են զանգահարել իրենց, եթե հարցեր ու առաջարկներ կունենան: «Վայ մեռնեմ քեզ, Ելք-իդ մեռնեմ»,- Նիկոլ Փաշինյանի խոսքերին արձագանքեց մի բնակչուհի:

Ավանցիները հիմնականում վերցնում էին բուկլետները եւ երբ Նիկոլ Փաշինյանը հարցնում էր՝ ԵԼՔ դաշինքից տեղյա՞կ եք, պատասխանում էին, տեղյակ են, գիտեն բոլորին էլ:

Երբ դաշինքի անդամները մոտեցան մի կրպակի վաճառողուհու, վերջինս փռշտաց ու ասաց, որ առեւտուր չի լինում, ինքն էլ հիվանդ է: Դաշինքի անդամները վստահեցրին՝ դրանից էլ ելք կա, ապրիլի 2-ին գնացեք ընտրատեղամաս եւ ընտրեք ձեր ԵԼՔ-ը: Վաճառողուհին ծիծաղեց՝ «Ու առողջանալո՞ւ եմ»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր ավանցիներին, որ որոշողը իրենք են, որեւէ մեկը նրանց փոխարեն չի որոշելու. «Տվեք մեզ ձեր վստահության քվեն եւ մենք կիրականացնենք ձեր ակնկալած փոփոխությունը»:

Ավանում Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ արեց նաեւ ՀՀԿ-ի շտաբի մոտ՝ ասելով՝ «Գազի համակարգի բազմաթիվ աշխատողներ, մենք հույս ունենք ստանալ ձեր քվեն»:

Մի բնակիչ Նիկոլ Փաշինյանին բողոքեց, թե քեզ ճանաչում եմ, ի՞նչ եք անում: Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ լավ չե՞մ անում՝ նա պատասխանեց. «Լավ ես անում, բայց մի քիչ էլ գազին հուպ տուր»: Փաշինյանն էլ արձագանքեց. «Դուք ամսի 2-ին գազին հուպ տվեք, մենք ամսի 3-ին հուպ կտանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031