Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Բառը պատկեր է, երաժշտություն ու փիլիսոփայություն»

Մարտ 11,2017 13:00

Հարցազրույց թարգմանիչ-ստեղծագործող Թերեզա Ստեփանյանի հետ

– Դուք մի շարք թարգմանություններ ունեք, ի՞նչ սկզբունքով եք ընտրում գիրքը կամ ստեղծագործությունը եւ հատկապես ինչի՞ վրա եք շեշտը դնում թարգմանություններ իրականացնելիս:

– 2014-2015թթ. տպագրվել է Վիկտոր Հյուգոյի` «Ֆրանսիա -Բելգիա», «Ալպեր եւ Պիրենեյներ» երկհատորյակը, 2016թ.` Շառլ Մոնտեսքյո` «Պարսկական նամակներ» փիլիսոփայական վեպը, 2016թ.` «Ֆրանսիական պոեզիան», այն ներառում է ֆրանսիական ժամանակակից եւ դասական պոետների ստեղծագործություններից նմուշներ: Այդ նույն տարում նաեւ իմ բանաստեղծությունների փոքրիկ ժողովածուն է լույս տեսել, որը գրել եմ ֆրանսերեն` «Մայրամուտի շողերի մեջ» վերնագրով:
Թարգմանել եմ այն գրքերը, այն հեղինակներին, որոնց սիրում եմ, որոնց ստեղծագործության ոճն ինձ դուր է գալիս, ասվածը խորն է, փիլիսոփայություն կա, սուր միտք, երգիծանք, հեղինակի մտքերը մտորելու առիթ են տալիս: Իսկ թարգմանիչը պարտավոր է այնպես թարգմանել, որ ոչ միայն գտնի լեզվական համարժեքները, այլեւ պահպանի ստեղծագործության շունչը, հուզականությունը, ոճական առանձնահատկությունները:

– Թարգմանության ժամանակ կորուստներ են լինում, թարգմանիչն ինչպե՞ս պետք է աշխատի, որ դրանք ավելի քիչ լինեն ու կարողանա առավելագույնս փոխանցել բնագրում ասվածը:

– Արձակի թարգմանության դեպքում կորուստներ չեն լինում, չափածոյի դեպքում է խնդիրը բարդ, վերը նշվածի հետ հարկ է պահպանել հեղինակի ընտրած բանաստեղծական չափը, հանգավորման եղանակը` ձգտելով ոչ ավելացնել, ոչ պակասեցնել (կամ գոնե դա անել աննշան չափով), նաեւ` ոչ գեղեցկացնել, ոչ գունազրկել, խուսափել զուտ բառացի թարգմանությունից: Եթե թարգմանիչն ինքը բանաստեղծ է եւ թարգմանվող լեզվի գիտակ, ապա կարող է հաջող թարգմանություն կատարել:

– Ամենաշատ ո՞ր գործը թարգմանելիս եք չարչարվել:

– Իմ թարգմանած «Ֆրանսիական պոեզիա» գրքում ավելի մեծ տեղ են գտել Ալֆրեդ դը Մյուսեի ստեղծագործությունների թարգմանությունները: Օրինակ` նրա «Պորտիա» պոեմը թարգմանելիս բավականին դժվարացա հենց սկզբում, ոչ մի կերպ չէր ստացվում պահպանել վերը թվարկածս չափանիշները, թարգմանությունը պարզապես չէր ստացվում: Թողեցի այն, բայց հաջորդ օրը վերսկսեցի փորձերս եւ հենքը գցելուց հետո արագորեն այն ավարտեցի: Թարգմանության ընթացքում նույնիսկ ծնվում էին մի քանի տարբերակներ:

Այս պոեմի թարգմանության հետ նաեւ մի տարօրինակ բան եղավ: Երբ այն տպագրվեց «Արտասահմանյան գրականություն» ամսագրում, կարդացի ու զգացի, որ այն կարծես սրընթաց է ավարտվում: Համեմատեցի բնագրի հետ ու հասկացա, որ նախավերջին էջը տպագրված չէ, մինչդեռ թարգմանել էի: Այդ էջի թարգմանությունը չգտնելով` նորից թարգմանեցի ու խմբագրեցի: Հետո հավաքեցի ոչ պիտանի թղթերն ու պատռեցի: Մի քանի օր հետո, երբ որոշեցի այդ տեքստը հավաքել համակարգչով, այն ոչ մի տեղ չգտա: Ճարահատված` նորից սկսեցի թարգմանել, որովհետեւ լավ չէի հիշում նախկինը, իսկ մի բառ կամ տողը փոխելն արդեն իր հետ բերում է նոր ձեւակերպումներ:

Հյուգոյի երկհատորյակի թարգմանությունն իր բարդություններն ուներ`լատիներեն, հին ֆրանսերեն տեքստեր, արտահայտություններ: Հյուգոյի` այդ մտքի գիգանտի, ահռելի բառապաշարն ու հանրագիտարանային գիտելիքների ներկայացված ծավալը` ճարտարապետության, գեղանկարչության, աշխարհագրության, երկրագիտության, պատմական, քաղաքական իրադարձությունների, բուսական, կենդանական աշխարհի վերաբերյալ: Իսկ որքան խորն են նրա փիլիսոփայական մտքերը: Սակայն այդ ամենն այնքան գեղեցիկ է գրել, որ յուրաքանչյուր նամակը կարծես արձակ բանաստեղծություն լինի:

Շառլ Մոնտեսքյոյի «Պարսկական նամակներ» փիլիսոփայական վեպը համաշխարհային ճանաչում ունի: Մոնտեսքյոն ընթերցողին գրավում է իր սրամիտ, երգիծական գրչով, գիտելիքների անսպառ պաշարով, փիլիսոփայությամբ: Այն թարգմանել եմ մի քանի ամսում (365 էջ): Քանի որ ընդամենը մի քանի տարի է, ինչ լրջորեն եմ զբաղվում թարգմանություններով, իմ այս ոչ երիտասարդ տարիքում մշտապես ցայտնոտի զգացողություն ունեմ, թե չեմ հասցնի սկսածս գործն ավարտել եւ ձգտում եմ ժամանակ այլեւս չկորցնել:

– Նաեւ ինքներդ եք ստեղծագործում, ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը:

– Թարգմանություններին զուգահեռ ստեղծագործում եմ: Տպագրվել են «Առեղծվածներ», «Անդունդն ի վեր» բանաստեղծություններիս ժողովածուները, «Այ, կաչաղակ, կաչաղակ», «Կատակով եւ լուրջ» գրքերը: Պատրաստվում եմ տպագրության ներկայացնել «Մտասեւեռումներ» խորագրով բանաստեղծություններիս ժողովածուն եւ «Հայեր» կատակերգությունը:

Ինչի՞ց եմ ոգեշնչվում…Երիտասարդ տարիքում գրեթե բոլոր բանաստեղծներին ոգեշնչում է սերը: Հասուն տարիքում թեմաները բազմազան են դառնում: Գրելու ցանկություն կարող է առաջացնել նույնիսկ մեկ բառը: Բառը պատկեր է, բառը երաժշտություն է, բառը փիլիսոփայություն է: Համամիտ եմ Ռեյմոն Քընոյի հետ, երբ ասում է`

Ճիշտ ընտրված բառ մի քանի,
Տեղը` տեղին, կողք-կողքի,
Այսպես մի երգ կծնվի…
ու հետո ավարտում այսպես`
Սակայն մեկ-մեկ երգ գրելիս`
Ծիծաղում են կամ լալիս,
Ահա, այսպես արտառոց է
Ծնում երգը
բանաստեղծը…
Ցանկանում եմ նաեւ մի հատված ներկայացնել Ալֆրեդ դը Մյուսեի «Պորտիա» պոեմի թարգմանությունից.
Գուցե կարմիր է դեռեւս ներկված շեմը պալատի,
Ու չի չորացել արյունը ազնիվ կոմս Լուիջիի,
Եվ սգահանդերձ իր ծառաները չեն էլ ավարտել
Աղոթքն առ Աստված, եւ ապարանքն է մռայլ զարդարված,
Վանականները սեւ նոճիների տեսքով անուրախ
Իրենց հառաչն են խառնում կույսերի շարականներին,
Եվ դեռ չեն հանգել մոմերը` դրված նրա շիրիմին…
Գուցե դիակն են որոնել, գտել` ճակատով զարնված
Սալահատակին, շունն աղիողորմ վնգստում է դեռ
Եվ նրան փնտրում…Երբ Դալթին խոսեց, Պորտիան մանդոլան
իր ձեռքը վերցրեց եւ ձայնը քաղցր արձագանքվելով`
Գնում, խառնվում էր ալիքվող ծովի ծաղրող մրմունջին:
Այդ ով է կյանքում համոզված, վստահ, թե հիշատակը
Անգամ մեծ մարդու, ով չի երկնչել մահին հանդիման
Կյանքում իր ջահել, չի՛ կարող մեռնել, մոռացվել իսպառ:
Այն արցունքները, որ նրա մահով հեղվում են վարար,
Լոկ ցող է միայն, որ լուսաբացին գետնին է իջնում,
Շուտով մի մասը մեղմիկ զեփյուռից ցրվում է, գնում,
Մնացած մասն էլ արեւն է խմում ու մոռացումն է
Իջնում սրտերին, ինչպես որ քունը`փակվող աչքերին…

 

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

10,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031