Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղապետերը Տարոն Մարգարյանի հանձնարարականը լավ չեն կատարել. Ընտրատեղամասերի մեծ մասը չեն հարմարեցրել (Տեսանյութ)

Ապրիլ 04,2017 14:29

Ընտրական օրենսգրքի պահանջով ընտրատեղամասերը պետք է հարմարեցված լինեին տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար, սակայն Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության դիտորդները արձանագրել են, որ 67 ընտրատեղամասից 62 տոկոսն անմատչելի են եղել:

Դարպասներից սկսած` հաշմանդամություն ունեցող մարդիկ խոչընդոտների են հանդիպել եւ, եթե կողմնակի օգնությունը չլիներ, ապա նրանք չէին կարողանալու քվեարկության մասնակցել:

Այսօր «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց, որ այն տեղամասերն էլ, որոնք մուտքի մոտ խոչընդոտ չունեին, ապա երկրորդ հարկում էին գտնվում, որտեղ հասնելու համար տասնյակ աստիճաններ պետք է հաղթահարեին: Փակ դարպասները, ընտրատեղամասի մոտ առկա անգամ մի 2-3 աստիճանը, նույնպես խոչընդոտ են եղել եւ սայլակով տեղաշարժվող մարդկանցից գերջանքեր են պահանջվել քվեատուփին հասնելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել էր տեղաշարժման խնդիրներ ունեցող ընտրողների ընտրական իրավունքը իրականացնելու համար տեղամասերը հարմարեցնել ու մատչելի դարձնել:

Ինչո՞ւ են քաղաքի համար պատասխանատուները ընտրությունից ընտրություն շենքերը հարմարեցնում, չէ՞ որ դրանք հասարակական օբյեկտներ են, որոնք վաղուց պետք է հարմարեցված լինեն, հատկապես, որ 7 տարի առաջ ենք վավերացրել ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորվել ենք արժանապատիվ ու մատչելի միջավայր ստեղծել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, Aravot.am-ի հարցին, պարոն Ալավերդյանը պատասխանեց, որ օրենքի բացակայությունն է պատճառը, որ առկա շինությունները չեն հարմարեցվում. «Ցավն այն է, որ մեր օրենքը չի պահանջում առկա շինությունները մատչելի դարձնել, այսինքն` մենք լրիվ կախված ենք պետական կառույցների որոշում կայացնողների, պաշտոնյաների ու կառույցների սեփականատերերի բարի կամքից: Օրենքը պահանջում է միայն նորակառույց կամ հիմնանորոգվող շենք-շինությունները դարձնել մատչելի»:

Ըստ Արմեն Ալավերդյանի, պետք է օրենքով ամրագրվի եւ հաստատվի հանրային նշանակություն ունեցող բոլոր այն հաստատությունների, ենթակառուցվածքների ցանկը, որոնք պետք է դառնան մատչելի:

Պարոն Ալավերդյանն ասաց, որ այս խնդիրը մի շարք անգամներ թե’ պատգամավորների, թե պետական պաշտոնյաների առաջ գրավոր եւ բանավոր տարբերակով բարձրացրել են, սակայն, այդպես էլ, օրենքի նախագիծ չի դարձել:

«Անընդհատ մատնանշում են ֆինանսական խնդիրները, բայց հիմնականում կամքի բացակայությունն է: Կան տեղեր, որոնք պահանջում են ներդրում, հատկապես այնտեղ, որտեղ նաեւ կոմերցիոն հիմունքներով գործող գրասենյակներ են, բայց շատ ձեռնտու է սեփականատիրոջը, որպեսզի հարմարեցվի, որովհետեւ նրանց հաստատություն կսկսեն այցելել նաեւ տեղաշարժման խնդիրներ ունեցող բազմաթիվ անձինք: Շենքեր կան, որոնց մուտքի մոտ ընդամենը երկու աստիճան է, որի համար մեծ ծախսեր պետք չեն, ընդամենը մեկ թեքահարթակի հարց պետք է լուծվի, բայց չի արվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930