Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանները «Լիդիան Արմենիային» բոյկոտում են, կառավարությունն էլ արտոնություն է տալիս

Ապրիլ 19,2017 20:15

Կառավարությունը հարկային արտոնություն կտա Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությանը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության ապրիլի 20-ի նիստի օրակարգից:

Որոշման նախագծի համաձայն, կառավարությունը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի  իրականացնող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017-ի ապրիլի 14-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների համար 3 տարի ժամկետով հետաձգում է ավելացված արժեքի հարկի վճարումը:

Իր այս որոշումը կառավարությունը հիմնավորում է ընկերության ներդրումային ծրագրերով, ըստ որի, ինչպես որոշման նախագծում է գրված, «Լիդիան Արմենիա» ընկերությունը (նախկին «Գեոթիմ» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրը։

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիա» -ի նպատակն է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը եւ շահագործումը։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի եւ մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։

Ըստ նախագծի, Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցման եւ շահագործման համար  ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 179,4 միլիարդ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 26,7 միլիարդ  դրամ: Ընկերությունը, ըստ նախագծի, խոստանում է նշված ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ: Ինչպես նաեւ խոստանում են ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ստեղծել մոտ 465 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017-ին՝  525 հազար դրամ, 2018-ին՝ 525 հազար դրամ, իսկ  2019-ին՝ 490 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները մոտ 2 տարի է  հայցով դիմել են դատարան եւ պահանջում են  չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը: Եւ մինչ բնակիչներն ու հ/կ-ները պայքարում են, պահանջում են նոր անկախ փորձաքննություն հանքի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցությունների մասին, եւ չեն վստահում պետական փորձաքննությանը, կառավարությունը կարգին արտոնություն է տալիս այս ընկերությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930