Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Այն պետությունները, որոնք չեն դրսևորի բարձր դինամիզմ և լարվածություն, կվերանան պատմական ասպարեզից». Վազգեն Մանուկյան

Ապրիլ 28,2017 11:37

«Ազգ-բանակ» գաղափարախոսության և դրա իրագործման տեսլականի մասին «Անկախը» զրուցել է ՀՀ առաջին վարչապետ, 1992-1993 թթ. պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, վերջին ամիսներին պաշտոնական մակարդակով առաջ քաշվեց «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը: Ձեր կարծիքով՝ դեռևս միայն խոսո՞ւմ ենք «Ազգ-բանակի» մասին, թե՞ նաև քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Նաև ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս գաղափարը կյանքի կոչելու համար:

– «Ազգ-բանակը» դեռ վերնագիրն է, բովանդակությունը պետք է լցվի բազմաթիվ քննարկումների արդյունքում, չնայած ամեն մեկս ինտուիտիվ պատկերացնում ենք, թե ինչ է դա նշանակում: Այդ տեսանկյունից ես կարող եմ խոսել իմ պատկերացումների մասին: «Ազգ-բանակ» գաղափարախոսությունն առաջ քաշելիս նախ և առաջ պետք է պատասխանել հետևյալ հարցին. նման գաղափար քննարկելու ի՞նչ անհրաժեշտություն կա: Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր ու Հայաստանը ստանում էր անկախություն, և´ մեզ մոտ, և´ աշխարհի շատ քաղաքական գործիչների մոտ զգացում կար, որ մարդկությունը մտնում է մի նոր՝ ոսկե դարաշրջան, որ նվազելու են պատերազմները, որ մարդկությունը գնալու է hամագործակցության և ազատ զարգացման ճանապարհով: Մենք այն ժամանակ փորձում էինք բարեկամական հարաբերություններ հաստատել մեր բոլոր հարևանների հետ, չնայած Ադրբեջանի հետ պատերազմի մեջ էինք: Առանց մի կողմ դնելու Ցեղասպանության հարցը, ես՝ որպես կառավարության ղեկավար և Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես Գերագույն խորհրդի նախագահ, փորձում էինք այդ հարաբերությունները ստեղծել նաև Թուրքիայի հետ: Բայց ժամանակները փոխվել են: Այժմ նոր պրոցեսներ են սկսվել, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, հարևան երկրներում, թե որքան մեծ է անորոշությունը, նաև որքան են սրվել Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները:

Այսինքն՝ մեր այն ձգտումը, որ բոլոր հարցերը կլուծենք, Ղարաբաղի հարցն էլ կլուծենք և խաղաղ պայմաններում կկառուցենք Շվեյցարիայի պես պետություն, իրականանալի չեն ոչ այն պատճառով, որ մենք չենք ուզում: Եվ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, ամբողջ աշխարհն է մտել մի այնպիսի ժամանակաշրջան, որը բոլոր ժողովուրդներից պահանջելու է լարվածություն, նոր գաղափարներ և նոր սկզբունքներ, անվտանգության նոր երաշխիքներ: Ազգ-բանակ հայեցակարգը մշակելիս պետք է գիտակցենք այդ լարվածությունը և աշխարհի փոփոխությունները: 1994 թվականից հետո մենք կամաց-կամաց կորցրինք այն լարվածությունը, որի շնորհիվ ունեցանք հաղթանակներ: Իշխանությունն անում էր այն, ինչ իրեն էր ձեռնտու, ժողովուրդն ուզում էր հանգիստ ապրել, վայելել և դժգոհում էր իշխանություններից, որ նրանք չեն նպաստում այդ ձգտումների իրականացմանը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդպիսի թմրած, հոգնած վիճակում մեզ ոչ ոք թույլ չի տա երկար մնալ: Աշխարհն արագորեն փոխվում է, մտել է նոր փուլ, որ բնութագրվում է ժողովուրդների բարձր էներգետիկայով ու պասիոնարությամբ: Այն պետությունները, որոնք չեն դրսևորի բարձր դինամիզմ, լարվածություն, մրցակցություն և փոփոխությունների էներգետիկա, կվերանան պատմական ասպարեզից կամ կմնան երկրագնդի վրա որպես փոքր ճահիճներ:

Այսինքն՝«Ազգ-բանակ» գաղափարի փաստաթղթային ձևակերպման սկզբում պետք է բացատրվի, որ դրա իրագործումն անհրաժեշտ է ոչ միայն Ղարաբաղի հարցի, Թուրքիայում ընթացող զարգացումների, այլև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Անհրաժեշտությունը հիմնավորելուց հետո երկրորդ հարցն է, թե ինչ գաղափարախոսություն և ինչ խնդիրներ պետք է դնենք մեր առջև, ինչ պարտավորություններ են ստանձնում իշխանությունն ու հասարակությունը: Նորից ասում եմ՝ ուժերի լարվածության գաղափարախոսությունը պետք է անպայման տեղ գտնի դրանում: Այո, շատերս կուզենանք Շվեյցարիայի պես խաղաղ, ազատ ապրել, բայց ոչ ոք դա մեզ թույլ չի տա:

Մյուս կողմից՝ լարվածությունը նաև իր դրական կողմն ունի: Իսրայելը մեզնից շատ ավելի վատ շրջապատ ունի և ավելի ծանր վիճակում էր, բայց այդ լարվածությունը, հանգեցնելով ամբողջ աշխարհի հրեաների ուժերի համախմբման, արդյունավետ պետության կառուցման, ապահովեց և ապահովում է այդ պետության զարգացումը: Զարգացումը պետք է տանի նրան, որ ամեն մեկի կյանքն էլ է լավանում: Չես կարող պահանջել, որ քաղաքացին լարված ապրի և ծառայի պետությանը, եթե տեսնում է, որ իշխանությունները նույնը չեն անում: Այսինքն՝ ես պետք է զգամ, որ պետության մի մասնիկն եմ, թիմի անդամ եմ: Թիմի զգացողությունը շատ կարևոր է, և այդտեղ մեծ դեր ունի իշխանությունը, թե ինչքանով արդար կլինի ներքին կյանքը, ինչքանով օրինական կլինի, ինչքանով ստացած ընդհանուր պտուղները հասանելի կլինեն յուրաքանչյուր մարդու: Ե´վ լարվածությունը, և´ արդյունքները պետք է հասանելի լինեն բոլորին: Հասարակությունը պետք է զգա, որ ինչ անում է, իր համար է անում, ոչ թե ուրիշի: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե նման դեպքում ինչ մեծ հերոսություններ կարող ենք անել: Եթե մտնում ենք համաշխարհային մրցակցության մեջ, այս 3 միլիոնով չպետք է դա անենք, այլ այն 10 միլիոնով, որն աշխարհով մեկ սփռված է:

Այսինքն՝ նաև կառուցվածքային հարցեր են առաջանում՝ ինչպես համախմբել համաշխարհային հայությանը, ինչ կառույցների մեջ, որ լինեն ազատ, կամավոր և արդյունավետ: Դա շատ բարդ խնդիր է, որը պետք է լուծել: Պետք է նշել, որ լարված աշխատանքը պետք է ոչ միայն տնտեսությունում և քաղաքական կյանքում, այլև սահմանների վրա: Դրա համար բանակի դերակատարությունը, հատկապես մեզ նման երկրում, մեծանում է: Իհարկե, մենք պետք է ունենանք մարտունակ բանակ: Խոսել, որ բանակը պետք է լինի միայն պրոֆեսիոնալ, ճիշտ չէ, բանակում պետք է լինեն պրոֆեսիոնալ, պայմանագրային հատվածներ, բայց բանակում պետք է ծառայի մեր ողջ բնակչությունը՝ տղա թե աղջիկ: Կարծում եմ՝ բոլորն էլ պետք է ծառայեն բանակում, և դա պետք է լինի պատիվ:

Իսկ չծառայածը պետական պաշտոն չպետք է ստանա, և ընդհանուր ազգային գործին չմասնակցելը պետք է ամոթ և մեծ հարված լինի: Բանակը, մարտունակ լինելուց և ժողովրդի մասնակցությունից բացի, պետք է լինի նաև հագեցված նոր տեխնոլոգիաներով և նոր տեխնիկայով: Ղարաբաղյան պատերազմը ֆիլմերում ներկայացնելիս հիմնականում կադրեր են ցույց տալիս, որտեղ զինվորները միայն ավտոմատներով կրակում են միմյանց վրա: Եթե այդպիսի պատերազմ վարեինք, մենք պարտված կլինեինք: Մենք այդ ժամանակ Ադրբեջանին զիջում էինք զենքի, զինամթերքի քանակով մոտ 10-20 անգամ, բայց մենք ունեինք ոգի, մոտիվացիա, բացի այդ, մենք օգտագործում էինք ամենաժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ, մեր պատերազմին մասնակցում էին գիտնականները, ինժեներները, ոչ միայն ավտոմատով կրակողները, մեկն առանց մյուսի չի լինում: Ապրիլյան պատերազմում, երբ Ադրբեջանն օգտագործեց դրոններ, ինձ համար ամոթալի էր, որ այդ հարցում մենք նրանցից առաջ չենք: Մեր բանակը պետք է լինի տեխնոլոգիապես ամենաառաջադեմ բանակը, մենք դրա համար բոլոր հնարավորություններն ունենք:

Պաշտպանության առումով շատ մեծ նշանակություն ունի սահմանամերձ գոտին: Սահմանները պահում է բանակը, բայց սահմանից այս կողմ պետք է լինի գոտի, որը պաշտպանում է նաև ժողովուրդը, այսինքն՝ դա առաջացնում է աշխարհազորի գաղափարը: Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միաժամանակ պետք է լինեն և´ քաղաքացիական, և´ զինվորական, ունենան զենք, զինամթերք, որը կլինի պահեստավորված, պետք է լինեն ցուցակներ, թե որ դեպքում ով ինչ է անում: Այստեղ կարևոր է նաև աշխատանք ունենալու հարցը, այդ գոտիներում պետք է ստեղծվեն փոքր ձեռնարկություններ, որոնք կսպասարկեն բանակը՝ ստանալով նրանից պետպատվեր սննդի, հագուստի, կոշիկի և այլ անհրաժեշտ ապրանքների արտադրության համար: Հանրային խորհուրդն այդ նախագծի հեղինակի հետ արդեն քննարկել և առաջարկ է ներկայացրել պաշտպանության նախարարություն:

Կառավարությունը ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով սահմանամերձ գոտու հարցերով, մեր գաղափարը մտնում է ընդհանուր կաթսայի մեջ, բայց այնտեղ շատ այլ օգտակար գաղափարներ էլ կան: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այնտեղ որոշում կընդունվի և կունենանք նոր իրավիճակ սահմանամերձ գոտում: Թվարկածս կառուցվածքային փոփոխություններից հետո պետք է նշվի, թե ինչ փոփոխություններ ու ինչ մոտեցումներ պետք է լինեն արդեն բանակի վերաբերյալ, պետական կառավարման վերաբերյալ, որից հետո պետք է լինի գործողությունների ցանկ, դրանց թվում նաև օրենքների նախագծեր, որոնք ԱԺ-ն պետք է ընդունի «Ազգ-բանակ» գաղափարն իրագործելու համար:

– Պարոն Մանուկյան, թվարկածն իրագործելու համար իշխանությունը և հասարակությունը պատրաստակամություն ունե՞ն: Մենք որքանո՞վ ենք պատրաստ ասվածն իրագործելուն:

– Գիտեք, կյանքն է ստիպում: Ապրիլյան պատերազմից հետո ես իշխանությունների մեջ, օրինակ, բազմաթիվ փոփոխություններ եմ տեսնում: Նրանք գուցե ոչ լրիվ, բայց գիտակցում են, որ հին ձևով այլևս ապրել չի լինի: Հասարակության մեջ էլ այդ գիտակցությունը կա: Կարծում եմ՝ ուշ թե շուտ մենք կգանք դրան: Կյանքն է ստիպում: – Օրերս նախարարությունը երկու ծրագիր ներկայացրեց՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ», որոնք հենց այս գաղափարախոսության շրջանակներում են: Որքանո՞վ եք տեղյակ այդ ծրագրերին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դրական ու բացասական կողմեր կան: – Ես այդ ծրագրերի մասին տեղեկացա «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ: Լսելով միանգամից դրական վերաբերմունք ունեցա, բայց դա չի նշանակում, թե չպետք է քննարկել: Առաջիկայում Հանրային խորհրդում փակ քննարկում ենք անելու, համապատասխան առաջարկություններ և կարծիք կներկայացնենք:

– Պարոն Մանուկյան, քննարկման ներկայացված առաջարկներն արդեն իսկ քննադատվել են, թե այսպիսով արդարության հարցը չի լուծվում: Ձեր կարծիքով տեղի՞ն է քննադատությունը:

– Այս երկու առաջարկները խրախուսում են ծառայությունը բանակում և նպաստում են բանակի մարտունակությանը: Ասացի, որ «Ազգ-բանակը» կյանքի կոչելու համար շատ միջոցառումներ են պետք, և իհարկե արդարության գաղափարը կարևորագույն նշանակություն ունի, որը պետք է լուծում ստանա միջոցառումների ընդհանուր համալիրում: Ինչ էլ անենք, այս երկու ծրագրերն իրենց տեղը կգտնեն: Դրանք «Ազգ-բանակ» կառուցվածքում տեղավորվում են:

Հարցազրույցը՝ Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930