Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Չի կարելի անվերջ ապավինել զինվորին. «Իրատես»

Մայիս 10,2017 12:20

Քառորդ դարում՝ հաղթական պատերազմից հետո մենք չկարողացանք դիվանագիտական ավարտուն տեսք տալ ռազմի դաշտում մեր հաղթանակին։ Եթե Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ լինեին միմյանց դեմ պատերազմող անկախ պետություններ, 1994-ին կկնքվեր ոչ թե զինադադար, այլ խաղաղության համաձայնագիր հաղթող կողմի թելադրած պայմաններով։

Իսկ 1994-ին մենք երջանկացանք զինադադարով, որ վերջապես խաղաղություն էր բերում մեր կարծիքով, Արցախի հարցի լուծումը մնաց օդում։ Հաստատվում էր ստատուս քվո, դա մենք համարեցինք այդ պահի առավելագույն ձեռքբերում։ Իհարկե, հեշտ է հետո գնահատական տալը, միշտ պատճառները, հանգամանքները, բացատրությունները մնում են ստվերում, չոր փաստն է առաջ գալիս։

Իսկ փաստը վկայում է, որ հետոյի համար մենք ստացանք սողացող պատերազմ՝ մեր նոր սահմաններին։ Դիպուկահարների պատերազմ։ Գիշերային պատերազմ։ Տեղեկատվական պատերազմ։ Դիվանագիտական պատերազմ։ Շահերի պատերազմ։ Ինչ անուն ուզում եք տվեք՝ մենք հայտնվել ենք հիբրիդային պատերազմի մեջ, որտեղ միայն մենք չենք կռվում, բոլորն ունեն իրենց շահերը ու պաշտպանում են իրենք իրենց՝ մեր հաշվին ու մեր տարածքում։

Գործնականում ստացվում է, որ ստատուս քվոն ունի միայն մեկ ելք՝ նորից պատերազմ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շահերի հավասարակշռությունը ոչ միշտ է պահպանվում, բայց հենց այդ շահերի անհամապատասխանությունն է մինչև այսօր թույլ տվել, որ ստատուս քվոն մնա։

Այլ հարց է, թե այդ ստատուս քվոն իրականում ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության համար։ Վատ գին ու լավ գին՝ միաժամանակ։ Լավը մեկն է՝ կա Արցախի Հանրապետությունը, վատը բազմադեմ է շրջափակում ու տարածաշրջանային միջազգային տնտեսական ծրագրերից դուրսմղում, բնակչության աղքատացում ու գործազրկություն, քաղաքական անկախության կորուստ, կոռուպցիա,, արտագաղթ։ Բայց այս ամենը կապել Արցախի խնդրի հետ նշանակում է խառնել պատճառն ու հետևանքները։

Չի կարելի անվերջ ապավինել զինվորին։ Մենք դարձել ենք հայրենասիրության պորտաբույծներ՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի, թվարկում ենք, անցնում՝ առանց սկիզբ ու վերջ դնելու, առանց պատճառներ ու հետևանքներ հիշելու, առանց իմաստը հասկանալու։ Մենք միշտ իրականությանը նայել ենք նեղլիկ փակոցափեղկից, երբ պետք էր բացել ամբողջ պատուհանը։

Քառորդ դարում հայ քաղաքական, ազգային, ազատագրական, հայրենասիրական, փորձագիտական միտքը միայն հետևեց իրադարձություններին ու հատվածական գնահատականներ տվեց, գնահատական, բայց ոչ առաջարկ։ Ոչ ծրագիր։ Ոչ ելք։ Մենք եղանք ու մնացինք պաշտպանվող ժողովուրդ, որ հակահարված է տալիս, երբ իրեն հարվածում են։

Մեր քաղաքականությունն էլ, դիվանագիտությունն էլ, ազգային անվտանգության ապահովումն էլ նույն սկզբունքով են կառուցված ու նույն սկզբունքով են գործում պաշտպանվել։ Գուցե դա իմաստուն է, բայց՝ վտանգավոր։ Մենք պատրաստ ենք քննարկել ուրիշների առաջարկները, համագործակցել նրանց պայմաններով, հարմարվել նրանց պահանջներին, մենք չունեցանք մերի առաջնայնության զգացողությունը։ Ցանկացած որոշում ընդունելիս աջ ու ահյակ նայելով, համադրելով, փոխլրացնելով հաջողության չեն հասնում, ընդամենը կարողանում են պահպանվել։ Բայց՝ այնքան, որքան թույլ են տալիս։

Իսկ դա չի կարող մեր ճանապարհը լինել։ Մեզ խայտառակ պակասում է ազգային խելահեղությունը։ Միայն պատերազմի ժամանակ ենք գնում մինչև վերջ, կրակոցները լռում են, մենք վերադառնում ենք համակերպվողի ու հարմարվողի պատյանին։ Ու նորից բախվում ենք բոլոր ժամանակների մեջ մեր առաջ ծառացող ու ոչ մի հոդաբաշխ պատասխան չստացող հարցին պետականություն չունենք, որովհետև այսպիսի՞ն ենք, թե՞ այսպիսին ենք, որովհետև պետականություն չունենք։ Նույնիսկ Հայաստանի երրորդ Հանրապետության քառորդ դարը տոնելուց հետո մենք դեռ այս հարցին չենք պատասխանել, որովհետև այն, ինչ մենք անվանում ենք անկախ պետություն, ցուցափեղկ է՝ դրոշ, օրհներգ, զինանշան, մայրաքաղաք, խորհրդարան, ՄԱԿ, միջազգային կառույցներում պատվիրակություններ ու արտաքին հայտանիշներ՝ ձև, իսկ ցուցափեղկից ներս բովանդակության բացակայությունը չենք ուզում տեսնել։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031