Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Համակարգային փոփոխությունների այս փուլում բազմաթիվ ցավոտ խնդիրներ են լուծվելու»

Մայիս 12,2017 14:30

«Առավոտի» հետ զրույցում ասում է աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը

– Պարոն Ասատրյան, վերջին տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է 200 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող անձ: Հայաստանի բնակչության թվի հետ համադրած բավական մեծ՝ մոտ 7 տոկոս ենք ստանում: Սա օրինաչա՞փ ցուցանիշ է:

– Եթե համեմատության մեջ ենք դիտարկում՝ պետք է նշեմ, որ թե հարեւան եւ թե ԱՊՀ երկրների հետ համեմատած մեր ցուցանիշը բավական քիչ է, իսկ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ համեմատած նկատելի քիչ է: Կան երկրներ, որտեղ այն կազմում է մոտ 20 տոկոս: Տարբերությունը պայմանավորված է հաշմանդամության սահմանման մոդելով, որով առաջնորդվում են երկրները: Նախկինում մեզ մոտ կիրառվում էր առավելապես առողջական վիճակով սահմանման մոդելը, սակայն մենք անցում ենք կատարել բժշկա-սոցիալական մոդելին եւ աշխատում ենք դրա շրջանակներում: Այս մոդելով հաշմանդամությունը սահմանելիս հիմք ենք ընդունում ոչ միայն անձի առողջական վիճակը, այլ նաեւ սոցիալական, միջավայրային այլ գործոններ եւս, որոնք որեւէ կերպ ազդում են անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի վրա:

իաժամանակ շեշտեմ, որ մեր կողմից գործածվող այս մոդելը ենթադրում է անձի բազմակողմանի կարիքների գնահատում, համապատասխան կարգավիճակի արձանագրում կամ անձի համար վերականգնողական անհատական ծրագրի կազմում: Այսինքն՝ մենք փոխել ենք ընդհանուր տրամաբանությունը եւ մեթոդաբանությունը: Այնպես որ, մեզ մոտ այս առումով որեւէ շեղում չկա: Ավելին, այն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով պայմանավորված հաշմանդամությունն է շատացել, որի մասին մեր ընդհանուր վիճակագրությունն է փաստում: Դա վերաբերում է նորագոյացություններին, սրտանոթային հիվանդություններին:

– Այդուհանդերձ, ոլորտում առկա են բազում խնդիրներ՝ կապված բժշկա-սոցիալական հանձնաժողովների աշխատանքի հետ: Որպես ոլորտի համակարգող՝ Դուք տեսնո՞ւմ եք լուծման մեխանիզմներ, գոնե հնարավո՞ր է գալ մի վիճակի, երբ, օրինակ, համանման հանգամանքների առկայության դեպքում հանձնաժողովները դադարեն տարբեր որոշումներ կայացնել: Չափորոշիչների հստակեցման ուղղությամբ որեւէ քայլ արվո՞ւմ է:

– Խնդիրներին մեր արձագանքը նոր չէ: Համակարգային լուծումների բերող քայլեր մենք սկսել ենք անել դեռ մի քանի տարի առաջ: Ներկա փուլում ավելի ինտենսիվորեն ենք աշխատում՝ զուգահեռելով ոչ միայն նոր մոդելի ներդրումը, այլ նաեւ ողջ տրամաբանությունն ենք փոխելու: Մեր խնդիրն է հնարավորինս բացառել բժշկա-սոցիալական փորձաքննությունների մասով կայացվող որոշումներում հայեցողական կամ ոչ սուբյեկտիվ մոտեցումների առկայությունը, որին մենք բախվում ենք այսօր: Առաջիկայում ունենալու ենք այս մասով կառավարության կողմից հաստատված որոշում: Հստակորեն առանձնացնելու եւ տարանջատելու ենք այն ախտաբանական վիճակները կամ հիվանդությունները, որոնք միանշանակորեն ենթադրում են հաշմանդամություն:

Խոսքն առավելապես առաջին խմբի մասին է: Այսուհետ զուտ առողջական վիճակով պայմանավորված բժշկական հետազոտության ադյունքներից բացի, պատշաճ կարեւորություն են ձեռք բերելու նաեւ գործընթացում ներգրավված անձի ինքնագնահատման թերթիկն ու սոցիալական աշխատողի կողմից լրացվող հարցաթերթիկը: Այս փուլի համար մենք արդեն իսկ նախաձեռնել ենք շատ կարեւոր քայլ:
Գործընթացը պարզեցնելու նպատակով առաջիկայում մենք նախատեսում ենք խումբ ունեցողների մի զգալի մասի համար միայն իրականացնել փաստաթղթային փորձաքննություն: Ըստ գնահատականների՝ նրանց թիվը կազմելու է փորձաքննություն անցնողների մոտ 30-40 տոկոսը, որն ընդհուպ մինչեւ 30 հազար անձ է: Այսինքն՝ մենք այլեւս այդքան մարդու զերծ ենք պահելու իրենց ֆիզիկական ներկայությունը պարտադիր ապահովելուց, ամենատարբեր փաստաթղթային քաշքշուկներից, սուբյեկտիվ կամ հայեցողական որոշումների բախվելուց: Այս փուլի համար սա անչափ կարեւոր է:
Փորձաքննությունների ցիկլում ներառված մյուս մասի համար այս պահին այդ օբյեկտիվ զննությունների անհրաժեշտությունը կա, որպեսզի մենք կարողանանք այս մասով պատկերը հստակեցնել՝ հետագայում նրանց եւս ներառելու համար:

Զուգահեռ մենք աշխատում ենք լայնածավալ տեղեկատվական բազայի ձեւավորման վրա, որը կապվելու է առողջապահության էլեկտրոնային համակարգի հետ: Երբ արդեն քաղաքացին հաշմանդամության սահմանման հայցով դիմի, այլեւս կարիք չի ունենալու լրացուցիչ այս կամ այն փաստաթուղթը ներկայացնելու, քանի որ արդեն իսկ լինելու է նրա հիվանդության մասին ամբողջական պատմություն: Հանրագումարում սա կնշանակի, որ այլեւս չպետք է ունենանք միտումնավոր կամ պատահական սխալներ, կեղծիքներ ու այլ բացասական երեւույթներ, ինչից այսօր արդարացիորեն դժգոհում են մեր քաղաքացիները: Այս փուլի համար եթե ամփոփ նշեմ, ապա տեղեկատվական համակարգի ձեւավորումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, օբյեկտիվ չափորոշիչների հաստատումը, անձանց, աշխատողների, փորձագետների շարունակական վերապատրաստումը եւ ուսուցանումը, համապատասխան վարձատրության համակարգի ձեւավորումը դառնալու են այն օբյեկտիվ նախադրյալները, որոնց միջոցով բազմաթիվ ցավոտ խնդիրների լուծում ենք տալու: Այս ողջ գործընթացում շատ եմ կարեւորում մեր քաղաքացիների վերաբերմունքը եւ համբերատարությունը:

Բոլորի բողոքներն էլ մեզ համար շատ կարեւոր են, սակայն ուզում եմ շեշտել, որ դրանք իրենց հիմքում պետք է ունենան օբյեկտիվ պատճառներ: Առկա է վատ ավանդույթ, երբ քաղաքացին արդեն իսկ կանխակալ ենթադրությամբ առ այն, որ իրեն այս կամ այն կարգն է հասնում, մոտենում է հանձնաժողովին, եւ եթե հանձնաժողովը այլ որոշում է կայացնում, քաղաքացին դժգոհ է մնում: Պետք է բացառենք նաեւ նման վարքագիծը: Մենք քաղաքացիներին հնարավորություն ենք տվել փորձաքննություններին մասնակից դարձնել իր վստահված բժշկին կամ ոլորտի ՀԿ որեւէ ներկայացուցչի, որպեսզի ավելի թափանցիկ լինեն նրանց համար հանձնաժողովի որոշումները: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին լիարժեքորեն կիրառել իրենց ընձեռած այդ հնարավորությունը:

– Տպավորություն է, որ մենք անձին հաշմանդամության կարգ տալով ու սահմանելով դրանից բխող ինչ-ինչ արտոնություններ՝ մարդուն հոգեբանորեն դնում ենք օգնություն ակնկալողի դերում, որից նա կառչած է մնում: Ի վերջո, Ձեր ասած լուծումներն, օրինակ, հստակ տարանջատելո՞ւ են՝ «ովքեր են հաշմանդամություն ունեցողները» եւ «ովքեր են հիվանդություն ունեցողները»։

– Նոր մոդելի ներքո մենք հստակ դնելու ենք այդ գծերը, քանի որ դրանք տարբեր բաներ են: Մենք պարզ չափորոշիչներով արձանագրելու ենք, որ եթե անձն ունի հիվանդություն, բայց ոչ հաշմանդամություն, ապա նրա համար կկազմվի վերականգնողական անհատական ծրագիր, դրա շրջանակներով կսահմանվեն համապատասխան ծառայություններ՝ ուղղված նրա վերականգնմանը, որպեսզի անձը վերականգնվելուց հետո լիարժեքորեն կարողանա կենսագործունեություն ծավալել: Հաշմանդամության կարգ ստացողների համար եւս կազմվելու են իրենց վերականգնողական անհատական ծրագրերը՝ արդեն ծառայությունների միանգամայն այլ փաթեթով՝ ներառյալ հասանելիք կենսաթոշակի տրամադրում:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ փոփոխություններով վերականգնողական անհատական ծրագրերին առանձնակի կարեւորություն է տրվելու: Այս անհատական ծրագրերը հետայսու արդեն հավասար են լինելու ներկայումս գործող հաշմանդամությունը սահմանող քաղվածքին: Անհատական ծրագրերի գերագույն նպատակը հաշմանդամության հետագա խորացումը կանխարգելելն է կամ կենսագործունեության սահմանափակման հնարավորինս վերականգնումը, որպեսզի արդեն հաջորդ փորձաքննությունից առաջ նկատելի լինի անձի վիճակի մասով որեւէ դրական դինամիկա: Այս սկզբունքային ջրբաժանը բերելու է նաեւ մուլտիպլիկատիվ արդյունքի՝ ուղղված բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացմանը: Որովհետեւ եթե ունենք զուտ առողջապահական բնույթի խնդիրներ, ապա ավելի լավ է գումարներն այդ ուղղությամբ հատկացվեն եւ արդյունք տան, քան օգտագործվեն սոցիալական պաշտպանության պասիվ ծրագրեր իրականացնելու համար:

– ԲՍՓ ոլորտում կոռուպցիոն սկանդալից հետո Դուք հայտարարեցիք, որ թերապեւտիկ միջոցներից անցնում եք վիրահատական միջոցների՝ ենթադրաբար սկսելով վերահսկողությունը խստացնելուց: Այս պահին կոնկրետ վերահսկողական միջոցներ ձեռնարկե՞լ եք։

– Այո, մինչ բուն «վիրահատական միջոցներին» անցնելը՝ զուգահեռաբար վարչական խիստ մեթոդներով ամենօրյա հսկողության ներքո է պահվելու բժշկա-սոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների եւ բժիշկ-փորձագետների աշխատանքը: Մասնավորապես, այս նպատակով ներդրվում է գործընթացների թափանցիկության ապահովման եւ ռիսկերի վերլուծության համակարգ, որը հիմնված է հանձնաժողովների կողմից պարբերական հաշվետվությունների ներկայացման եւ դրանցում ներառված տվյալներից ինքնաշխատ հաշվարկվող հարաբերական ցուցանիշների՝ կրիտիկական կետերի վրա:

Այս փուլում կրիտիկական կետերի միտումների մշտադիտարկումը եւ պարբերական վերլուծությունները գործնականում թույլ կտան առավել անձնավորել եւ կառավարելի դարձնել բժշկա-սոցիալական փորձաքննության գործընթացներում հնարավոր ռիսկերը, ինչը, կարծում եմ, նաեւ կանխարգելիչ կարեւոր նշանակություն կունենա:

– Վերադառնանք վիրահատական միջոցներին զուտ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից. եթե հանձնաժողովները լուծարվելու են, ստեղծվելու են տարածքային մարմիններ, որոշման օղակն էլ մեկ այլ տեղում է լինելու, չկա՞ արդյոք վտանգ, որ այդ կերպ ուղղակի կոռուպցիոն ագենտները մի տեղից մյուսը կանցնեն, իսկ իրերի դրությունն էլ խոշոր հաշվով նույնը կմնա։

– Ձեր նշած այդ խնդիրները բացառող քայլերից մեկն արդեն նախատեսում ենք անել՝ շուրջ 30-40 տոկոսի միայն փաստաթղթային փորձաքննությունը, որի մասին նշեցի, նախատեսում ենք այդ թիվը հասցնել մինչեւ 70 տոկոսի, երբ արդեն կունենանք ներդրված էլեկտրոնային համակարգը: Տեղեկատվական բազայի այդ հենքի վրա ձեւավորված նոր համակարգի ներքո մենք ունենալու ենք տեղեկատվության ինքնաշխատ փոխանակության համակարգ, որտեղ սուբյեկտիվ միջամտությունն ուղղակի հնարավոր չէ: Սա է այդ խնդրին մինչեւ վերջ լուծում տալու միակ հնարավորությունը կամ կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման գործուն մեխանիզմը: Այստեղ շատ կարեւոր է գործընթացի մեջ ներառված յուրաքանչյուր օղակին ճիշտ լուծում պարտադրելը: Բոլոր կողմերի համար հստակ իրավասությունների ու պարտականությունների շրջանակ ենք սահմանելու: Եվ երբ մենք գանք այդ ամենին, նաեւ հնարավորություն կունենանք հետադարձ կապի միջոցով ստուգել ընդունված որոշումները:

Եթե խնդիրը եկել է սկզբնաղբյուրից, ուրեմն այնտեղ պետք է գտնենք լուծումները, եթե խնդիրը որոշում կայացնողի մեջ է, ապա այս շերտում պետք է գտնել լուծումը: Շատ ժամանակ այդ ամենը բավականին փոխկապակցված ու խառն է, երբեմն դժվար է հասկանալ, թե որտեղ է խնդիրը, ով է սխալ որոշում կայացրել: Հիմա այդ ամբողջ գործընթացը դասակարգելը, իրավասությունների ու պարտականությունների շատ կոնկրետ դաշտ սահմանելն, ըստ էության, վիրահատական միջամտություն է, եւ այս կերպ մենք բացառում ենք այն հնարավորությունը, որ փոփոխությունների արդյունքում ձեւաչափն ու անունները կփոխվեն, բայց էությունը նույնը կմնա: Մենք այս փոփոխություններն անում ենք փուլային տարբերակով՝ մանրամասն կառավարելի դարձնելով հընթացս իրականացվելիք քայլերը, որպեսզի շարժվող մեքենայի առավել կարեւոր դետալներ փոխելով՝ այդ մեքենան ի վերջո ճիշտ ընթացքով գնա:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

11.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031