Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը հայտարարեց, թե որ ընդդիմադիր ուժի հետ կհամագործակցեն

Մայիս 12,2017 19:40

Քիչ առաջ Ազատության հրապարակում Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մեկնարկեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը:

Կուսակցության ղեկավար եւ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, մինչ հանրահավաքը սկսեց ողջագուրվել, համբուրել հանրահավաքի մասնակիցներին: Նրան մոտենում էին մարդիկ եւ ասում էին՝ «դու հերոս ես», «քո բռնած գործը սուրբ է» եւ այլն: Իսկ Փոստանջյանն ի պատասխան ասում էր՝ «Մենք պետք է մեր ձեռքը վերցնենք ամեն ինչ»:

Իր ելույթում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ անդառնալի կորուստներ է ունեցել մեր երկիրը, արտագաղթել է շուրջ 1.5 մլն ՀՀ քաղաքացի ու Երեւանն այսօր կարիք ունի ոչ միայն գեղեցիկ շենքերի, կանաչ տարածքների, այլ՝ քաղաքացու. «Մեզ այս 25 տարիներին ապացուցել են, որ մենք քաղաքացի չենք, մարդիկ ենք, որ կարող ենք ապրել այս տարածքում: Ասել են՝ դուք պետականության կրողը չեք, քաղաքացի չեք: Քաղաքական բոլոր պայքարների ժամանակ ներդրել են, որ ՀՀ քաղաքացին ի վիճակի չէ տեր կանգնել իր քաղաքական իրավունքներին: Սա են փորձել ներդնել եւ ամեն անգամ տարածել այս գաղափարախոսությունը: Իսկ «Երկիր Ծիրանին» ասում է, որ եթե մենք չունենանք ՀՀ քաղաքացի, որը ճանաչում եւ իրացնում է իր քաղաքական իրավունքները, ապա չենք կարող ունենալ անկախ պետականություն եւ բարեկեցիկ կյանք»:

Նա ասաց, որ ապրիլի 2-ի ընտրությունները իրենք չեն ճանաչում, այն իշխանությունը, որը ձեւավորվում է այդ՝ այսպես կոչված ընտրությունների արդյունքում, Փոստանջյանի խոսքերով՝ օրինական չէ, լեգիտիմ չէ. «Մենք ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին ճանաչում ենք՝ որպես հանցագործների: Այս ճգնաժամը հաղթահարելու համար մեր ուղերձը հետեւյալն է՝ պետք է ժամանակավոր գործընթաց տեղի ունենա: Պետք է սահմանադիր օրենքներ ստեղծվեն, որի միջոցով քաղաքական բոլոր մասնակիցների համար ստեղծվեն հավասար պայմաններ»:

Նա ասաց, որ սփյուռքում գտնվող մեր քաղաքացիներն էլ պետք է իրավունք ունենան մասնակցել ընտրություններին, ինչը եղել է մինչեւ 2005-ը:

Հետո Փոստանջյանը հայտարարեց նոր շարժում սկսելու մասին. «Եթե կան որեւիցե քաղաքական ուժեր, ովքեր այս իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին կճանաչեն որպես հանցագործների եւ ետկանչելու ինստիտուտը կբանեցնեն, մենք նրանց ճանաչելու ենք՝ որպես ընդդիմություն եւ նրանց հետ պատրաստ ենք համագործակցել: Դրա համար պետք է սկսվի քաղաքական լուրջ գործընթաց եւ պետք է տարածվի ողջ հանրապետությունով մեկ, ողջ աշխարհով մեկ: Մեր բոլոր գաղթօջախներում պետք է սկսենք շարժման գործունեությունը, որը պետք է հետ կանչի Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին»:

Նա ասաց, որ սա է առաջին չափանիշը՝ ընդդիմություն լինելու համար: Այն ընդդիմությունը, որը կցանկանա նոր ընտրություններ անցկացնել՝ հավասար պայմաններով եւ օրինական, հենց նրան են ճանաչելու՝ որպես ընդդիմություն:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պետ է ընդունեն նաեւ «Լյուստրացիայի մասին» օրենքը եւ բացահայտեն բոլոր այն մարդկանց, ովքեր կապ են ունեցել մարդու իրավունքների ոտնահարումների հետ, ովքեր ապօրինի հարստացել են, օտար ծառայությունների հետ համագործակցել են: Այդ բոլոր մարդկանց թույլ չեն տալու, որ պաշտոնավարեն, ովքեր յուրացրել են պետական միջոցներ՝ չեն կարող լինել բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031