Լրահոս
Օրվա լրահոսը

«Սվոլոչի, էկել հասել եք, որ դա՞ գրեք, թուրքեր». քվեաթերթիկի վիրավորական գրառումը զայրացրեց քարտուղարին

Մայիս 16,2017 11:52

Կիրակի՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, թիվ 114 դպրոցում տեղակայված 9/42 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկն անցավ բավականին լարված մթնոլորտում: Այս ընտրատեղամասում, կարելի է ասել, հսկողություն էր իրականացնում այդ թաղում հայտնի Դավիթ Սիմոնյանը, մականունը՝ «Ճլե»: Ընտրատեղամասում Սիմոնյանն իրեն տեր ու տիրակալ էր զգում, ցանկացած պահի, առանց հանձնաժողովի նախագահի թույլտվության, ժամը 20:00-ից հետո, երբ տեղամասի դռները փակ էին, ներսուդուրս էր անում: Հաշվարկի ժամանակ էլ, երբ արդեն ակնհայտ էր, որ թեկնածուներից առաջատարը Տարոն Մարգարյանն է, Սիմոնյանը զանգեր էր անում եւ հպարտությամբ զեկուցում՝ խոսքի տերն է եղել, խոստացած ձայներն ապահովել է: Ընդ որում, երբ ձայների հաշվարկի ժամանակ պարբերաբար հնչում էր՝ 3-րդ համարը, այսինքն՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկած թերթիկ էր դուրս բերվում, այս Դավիթ Սիմոնյանը ռեպլիկ էր անում՝ «էս էլ ավտոբուսով բերածն ա, էս մեկը՝ Նիվայով: Էս մեկն էլ՝ մորքուրս ա: Էս մեկը մեր ներքեւի հարեւանն ա, ժամը 6 անց 45 ա եկել: Էսի ընգերոջս կընիկն ա»: Իսկ հենց 2-րդ համարի օգտին քվեարկած թերթիկ էր դուրս բերվում արկղից, Դավիթ Սիմոնյանն արձագանքում էր՝ «Արա դե սիրում եմ Զարուհուն, լավն ա, էլի, «մալադեց»»:
Մեր դիտարկմանը՝ ՀՀԿ-ի ձայները դո՞ւք եք ապահովել, Սիմոնյանը հպարտությամբ ասաց. «Ես մեծ շրջապատ ունեմ, մենակ իմ բարեկամությունը 500 հոգի ա, բա խի՞ չպիտի ապահովեմ»:


Ի դեպ, այս ընտրատեղամասում ՀՀԿ-ն 2 վստահված անձ ուներ. երբ լրագրողները նկատեցին, որ օրենքով չի թույլատրվում 2 վստահված անձ ունենալ, որոնք նաեւ բեյջեր չունեին, ոչինչ չնախաձեռնվեց նրանցից մեկին դուրս հրավիրելու համար: Լրագրողների դիտարկումից հետո միայն այս վստահված անձինք զանգահարեցին ինչ-որ մեկին, որը նրանց համար բեյջեր բերեց:

Իսկ հանձնաժողովի քարտուղար Աիդա Խանզադյանին, որը 114 դպրոցի փոխտնօրենն է, ակնհայտորեն դուր չէր գալիս, որ ընտրատեղամասում լրագրողներ են աշխատում, եւ ինքը հայտնվում է լրագրողների տեսախցիկների ուշադրությունում: Նա լրագրողներին մեղադրում էր, իբր թե խանգարում են իր աշխատանքին, տիկին Խանզադյանը նեղսրտում էր. «Չեմ ուզում ինձ նկարեք, դեմքս ցույց մի տվեք, էլ առաջվա պես սիրուն չեմ, ես ուսուցչուհի եմ, չեմ ուզում իմ աշակերտներն ինձ տեսնեն այստեղ»:


Տիկին Խանզադյանը դժգոհում էր, որ լրագրողների՝ ուղիղ եթերում մեկնաբանությունները նրան խանգարում են եւ շեղում աշխատանքից: Երբ մենք ասացինք՝ արդյոք Դավիթ Սիմոնյանը, որն անընդհատ ինչ-որ ռեպլիկներ է անում, գնում-գալիս, բոլորի հետ զրույցի բռնվում, չի՞ խանգարում, տիկին Խանզադյանը վստահեցրեց՝ Դավիթ Սիմոնյանը չի խանգարում:

Անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա գրված էր՝ «Սաղդ ս…ր եղեք»: Այս գրառումը զայրացրեց Խանզադյանին. «Սվոլոչի, էկել հասել եք, որ դա՞ գրեք, կարելի՞ ա սենց բաներ գրել, թուրքեր»: Մեկ այլ քվեաթերթիկի վրա էլ ընտրողը 3 թեկնածուների անունները ջնջել էր եւ գրել էր՝ Վանո Սիրադեղյան: Մեկ այլ քվեաթերթիկի վրա էլ ընտրողը 3 թեկնածուների անունների դիմաց «երեք մատի կոմբինացիա էր նկարել»:
Թեեւ սկզբում ամեն ինչ խաղաղ էր ընթանում, հաշվարկի կեսից իրավիճակը լարվեց, երբ Խանզադյանը ուղիղ եթերում օգտատերերից մեկի՝ Խանզադյանին վերաբերող գրառումը կարդաց, նա վրդովվեց ու ասաց, որ չի ցանկանում շարունակել աշխատել, կրկին մեղադրեց լրագրողներին:

Եվ քանի որ հաշվարկին հետեւում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նա զանգահարեց հանձնաժողովի նախագահին եւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է լարված վիճակը, եւ ինչո՞ւ է ուշանում քվեաթերթիկների ամփոփումը: Գործը գլուխ եկավ, երբ Մուկուչյանն այս ընտրատեղամաս ուղարկեց թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տերտերյանին: Նա դիտողություն արեց հանձնաժողովի անդամներին, ապա հաշվարկն արագ ավարտվեց: Այս ընտրատեղամասի 1921 ընտրողներից ընտրություններին մասնակցել էր 853-ը, այստեղ ՀՀԿ-ի օգտին 529 ձայն էր, «Երկիր Ծիրանիի» օգտին՝ 85, իսկ «Ելքի» օգտին՝ 209 ձայն: Անվավեր էր 30 քվեաթերթիկ:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Դավիթ Սիմոնյան

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031