Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլեւս երբեք Երեւանի կառավարումը չի լինի անվերահսկելի». ի՞նչ է փոխելու «ԵԼՔ»-ը՝ ավագանիում

Մայիս 19,2017 14:00

Դաշինքի զինանոցում լինելու են օրենքով
վերապահված բոլոր լիազորություններն ու հնարավորությունները

Երեւանի նորընտիր ավագանիում «ԵԼՔ» դաշինքի անդամների առաջնային գործառույթներից է լինելու մայրաքաղաքի բյուջեի ծախսերի վերահսկողությունը: Տրանսպորտի հարցի կարգավորում, խելացի լուսացույցների տեղադրում, մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում. սրանք ամենակարեւոր ծրագրերից են: «Մասնավորապես, տրանսպորտի խնդրի լուծումը քաղաքական կամքից է կախված: Քաղաքապետարանի աշխատակիցները կապ ունեն տրանսպորտային գծերի հետ: Քաղաքապետարանում պետք է թուլացնել գծատերերի լոբբին, որ հարցը հնարավորինս շուտ լուծվի: ՀՀԿ-ն արդեն իսկ տապալել է տրանսպորտային հարցի լուծման իր նախորդ ծրագիրը: Եթե նոր ծրագիրն իրատեսական լինի, իսկ քաղաքապետարանը քաղաքական կամք դրսեւորի, մենք կողջունենք դա»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Երեւանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ համատեղ աշխատանքին, նրա խոսքով. «Կարող ենք գործակցել այն ծրագրերի շուրջ, որոնք կլուծեն երեւանցիների խնդիրները: Փաստացի, մենք իշխանական լծակներ չունենք, քանի որ մեծամասնություն չենք, բայց հուսով եմ, որ անգամ հանրապետական ավագանիներին կհամոզենք, որ երեւանցիներին հուզող ծրագրերը պետք է կյանքի կոչել»:

Ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դաշինքի նախընտրական ծրագրի դրույթները միտված են Երեւանի համաչափ զարգացմանը եւ ավագանու գործունեությունը բարելավելուն. «Փորձելու ենք հասնել այն խնդիրների լուծմանը, որոնք մենք ենք նախանշել, ինչպես նաեւ խիստ հետեւելու ենք քաղաքային իշխանության կողմից ընդունված որոշումների իրականացմանը. քաղաքապետը հաշվետու է դառնալու յուրաքանչյուր լումայի ծախսման համար, ինչին խստագույնս հետեւելու ենք։ Սրա արդյունքում մեծացնելու ենք միջոցների արդյունավետ կառավարումը»: Արայիկ Հարությունյանի բնորոշմամբ՝ այն փաստը, որ ավագանիում ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն է, ինքնաբերաբար դժվարեցնելու է «ԵԼՔ»-ի ծրագրերի իրականացումը, սակայն, այնուամենայնիվ, դաշինքը փորձելու է արդյունավետ գործել. «Գուցե նաեւ հանրության աջակցությունը մեզ թույլ տա, որ մենք կարողանանք շատ հարցեր բարձրացնել ավագանիում եւ հասնել դրանց լուծմանը»:

Թե ո՞ր դեպքում է հնարավոր գործակցել ՀՀԿ-ի հետ, Արայիկ Հարությունյանի խոսքով. «Ավագանիում առաջիկա աշխատանքը ցույց կտա, թե Հանրապետականը որքանով է միտված հանրությանը հուզող կարեւոր հարցերը լուծելուն։ Մեր զինանոցում լինելու են օրենքով մեզ վերապահված բոլոր լիազորություններն ու հնարավորությունները»:

«Առավոտը» զրուցեց նաեւ ավագանու «ԵԼՔ» դաշինքի մեկ այլ անդամի՝ Դավիթ Խաժակյանի հետ: Նա հայտնեց, որ նախապատրաստում է առաջարկությունների փաթեթ. «Այն վերաբերում է ճանապարհատրանսպորտային երթեւեկության կարգավորումներին, աղբահանության խնդիրներին եւ ասֆալտապատման աշխատանքներին: Առաջնահերթությունը տալիս եմ այն խնդիրներին, որոնց հետ յուրաքանչյուր օր առնչվում են Երեւանի բնակիչները: Որոշակի աշխատանքներից հետո առանձնահատուկ կձեւակերպեմ Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի անհրաժեշտության հարցը եւ պարբերաբար հանդես կգամ մետրոպոլիտենի շինարարությունն ավարտելու նախաձեռնությամբ»:

Դավիթ Խաժակյանը եւս հետեւողական է լինելու «ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթների առավելագույնս իրականացմանը. «Սակայն դրանցից բացի, ունեմ մի շարք առաջարկներ, նորարարական լուծումներ, որոնք կարող են փոխել քաղաքային խնդիրների պատկերը: Կարծում եմ, պետք է իրականացվի «խելացի քաղաք» նախագիծը, որի առաջարկած լուծումները տեղ կգտնեն քաղաքային կառավարման բոլոր ոլորտներում: Նաեւ կարծում եմ, որ այն խոշոր նախագծերը, որոնք հնարավոր կլիներ իրականացնել արդյունավետ կառավարման պարագայում, կսպասեն մյուս ընտրություններին: Բայց մեկ բան էլ է ակնհայտ. այլեւս երբեք քաղաքի կառավարումը չի լինի անվերահսկելի, ինչպես նախկինում էր, եւ Երեւանի խնդիրները չբարձրաձայնված չեն մնա»:

Դավիթին եւս հարցրինք, թե որ հարթության վրա է տեսնում ՀՀԿ-ի հետ գործակցությունը: Նա նախ վստահեցրեց, որ Երեւանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամներն աշխատելու են օր ու գիշեր, մանրամասն ուսումնասիրելու եւ համակարգելու են Երեւանի բոլոր խնդիրները. «Ամենօրյա քաղաքական ճնշումն ու ծանրակշիռ հիմնավորումներն այլ տարբերակ չեն թողնելու, քան այդ խնդիրները լուծելը: Այսպես եմ պատկերացնում ՀՀԿ-ի հետ առնչվելու ձեւաչափը»:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

18.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031