Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական բռնության մասին հաղորդում տված անձին փակ հեռախոսահամարներից զանգում և հորդորում են չբողոքել

Մայիս 26,2017 10:56

Այս տարվա ապրիլին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ը և հայտնել, որ 5 ամիս առաջ, երբ ընկերոջ տանից վերջինիս ուղեկցությամբ վերադառնալիս է եղել, իրենց են մոտեցել շուրջ 10 ոստիկաններ և ատրճանակի սպառնալիքով ձերբակալել իրեն: Ոստիկանության Ստեփանավանի բաժնում նրան ծեծել ու սպառնալիքի տակ ստիպել են ցուցմունք տալ ընկերոջ դեմ: Բռնությունն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը շարունակվել է նաև հետագա ժամերին, այդ թվում՝ ոստիկանապետի սենյակում՝ նրա հետ զրույցի ժամանակ, որն ի դեպ, Ա. Հ.-ի փոխանցմամբ, եղել է քաղաքացիական հագուստով:

Դեպքից հետո, հետագա հետապնդումներից խուսափելու համար, Ա. Հ.-ը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ էլ տեղեկացել է, որ ընկերոջը՝ Գ. Կ.-ին, ում դեմ ստիպում էին ցուցմունք տալ, կալանավորել են: Ինչից հետո որոշել է վերադառնալ և պատմել տեղի ունեցածի մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ վերոնշյալի հիման վրա քրեական գործ հարուցելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով: Նույն հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև Գ. Կ.-ը: Ավելի ուշ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Ա. Հ.-ը տուժող է ճանաչվել: Դրանից հետո վերջինս պարբերաբար զանգեր է ստանում փակ հեռախոսահամարներից, որոնցով սպառնում են նրան և հայհոյանքներ հնչեցնելով՝ հորդորում գործին ընթացք չտալ և չբողոքել:

Հաշվի առնելով այն, որ Ա. Հ.-ը հանցագործության մասին տեղեկությունների է տիրապետում և որ դրա պատճառով հնարավոր է սպառնալիքները շարունակվեն ու հանգեցնեն Ա. Հ.-ի կյանքի և առողջության նկատմամբ ոտնձգության՝ վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդել է նրա նկատմամբ պաշտպանության միջոցներ ձեռնարկել և քննություն իրականացնել նշված հեռախոսազանգերի հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշենք, որ հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար տվյալներ ունեցող դատավարության մասնակցի կյանքին, առողջությանը, գույքին, իրավունքներին ու օրինական շահերին վտանգ սպառնալու դեպքում պաշտպանության իրավունքն ամրագրված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով: Վարույթն իրականացնող մարմինը, սակայն, կասկածելի հեռախոսազանգերում վտանգ չի տեսնում և պնդում է, որ անհայտ անձի կողմից հնչեցրած կոչերն ու հայհոյանքները բավարար հիմք չեն տալիս հետևություն կատարելու, թե Ա. Հ.-ի կյանքին կարող է վտանգ սպառնալ կամ ոտնձգություն կատարվել նրա նկատմամբ: Հեռախոսազանգերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու՝ տուժողի ներկայացուցչի պահանջին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պատասխանում ընդհանրապես անդրադարձ չի կատարվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031