Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կֆինանսավորի ՀԿ-ներին

Հունիս 06,2017 16:59

«Ֆինանսական աջակցությունը հանձնաժողովը կտա այն կազմակերպությանը, որը նրան ծափ կտա, ոչ թե օրինակ՝ Էլեկտրիկ Երեւանին»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում իր վրդովմունքը հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա վրդովմունքն ուղղված էր Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին: Վերջինս ներկայացրել էր «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Ըստ այդմ, հանձնաժողովը պիտի որոշակի չափով ու որոշակի պարբերականությամբ ֆինանսավորի սպառողների շահերի գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին:

Նաեւ առաջարկվում է, որ 2018-ի ապրիլից հետո, երբ նախագահը վայր կդնի լիազորությունները, մեկ տարվա ընթացքում ԱԺ-ն կատարի հանձնաժողովի նախագահի, տեղակալի ու 3 անդամների նշանակումներ. հանձնաժողովի նախագահին 5 տարի ժամկետով, տեղակալին՝ 4 տարով, անդամներին՝ 3, 2 եւ 1-ական տարով:

Սերգեյ Բագրատյանին զարմացնում է ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առաջարկը կազմակերպություններին, որոնք մեծ մասամբ քննադատում են հանձնաժողովի գործունեությունը: Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց` հանձնաժողովն է որոշելու` ի՞նչ չափորոշիչների են բավարարելու այդ կազմակերպությունները: Նա վստահեցրեց`մոտեցումը կողմնակալ չի լինելու:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Խոսրով Հարությունյանը հիշեցրեց հայտնի խոսքը՝ բոլորս հավասար ենք, բայց կան ավելի հավասարները:

Պատգամավորները խոստացան առաջարկներ ներկայացնել, փոխնախարարն էլ խոստացավ լրամշակված տարբերակը ներկայացնել վաղվա արտահերթ նիստին:

Հարցն ընդունվեց միաձայն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930