Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը դե՞մ է «Մաքուր Հայաստանին»

Հունիս 10,2017 14:00

Վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ի փետրվարին ազդարարեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին: Հայտարարությունից հետո աղբավայրերը գույքագրվեցին, 637 աղբավայր փակվեց, համապետական շաբաթօրյակ կազմակերպվեց եւ այլն: Սակայն, դատելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահվածքից, նա դեմ է Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստան» ծրագրին:

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում՝ ներառյալ ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաեւ օդանավակայաններում, ավտոբուսի եւ գնացքի կայարաններում ծխելն արգելվում է։ Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում Երեւանի բնակիչների իրավունքները եւ ազատություններն ապահովելու համար: Այլ խոսքով՝ հասարակական տրանսպորտի վարորդների ծխելն արգելելու, այն է՝ Երեւանի բնակիչների՝ ծխով չապականված տրանսպորտով երթեւեկելու իրավունքն ապահովելը քաղաքապետի պարտականությունն է: Նաեւ դրա համար ենք երեւանցիներս վճարում Տարոն Մարգարյանին: Ոչ նա, ոչ էլ նրա նախորդներն այս հարցում մատը մատին չեն խփել: Որովհետեւ եւ նա, եւ նրա նախորդները հասարակական տրանսպորտի ոլորտում անձնական շահ ունեն՝ գծատեր են: Ցավոք, սա նորություն չէ:

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ մայրաքաղաքում կա միկրոավտոբուսային 77 (1207 շարժակազմ), ավտոբուսային՝ 68 (504 շարժակազմ), տրոլեյբուսային 5 (108 շարժակազմ) երթուղի: Ընդամենը՝ 1819 շարժակազմ: Աշխատանքային եւ հանգստյան օրերին շարժակազմերի քանակը փոփոխվում է: Չծխող վարորդներ խիստ հազվադեպ եմ հանդիպել, ու հաստատ կպնդեմ, որ ամեն օր Երեւանում հասարակական տրանսպորտ է վարում ամենաքիչը 1500 ծխող վարորդ: Քիչ ծխող վարորդի խիստ հազվադեպ եմ հանդիպել ու հաստատ կպնդեմ, որ մեկ ամբողջ պտույտի (առաջին կանգառից վերջին կանգառ եւ հակառակը) ժամանակ ծխող վարորդն ամենաքիչը երկու գլանակ ծխում է, ու մեկ վարորդը օրական ամենաքիչը 6-7 անգամ մեկ լրիվ պտույտ է անում՝ բոլորը միասին 10 000 պտույտ:

Ուրեմն 10 000 պտույտ, ամեն պտույտում երկու գլանակ: Ստացվեց 20 000 գլանակ: Տարոն Մարգարյանը հասարակական տրանսպորտ չի նստում, իսկ նստողները կվկայեն, որ ծխող վարորդները ոչ միայն ուղեւորների առողջության մասին չեն մտածում, այլեւ քաղաքի մաքրության, եւ լուսամուտից Երեւանի փողոցները լցնում են ծխախոտի մնացորդներով, մոխիրով, դատարկ տուփերով: Մեկ գլանակը առավելագույնը մեկ գրամ է, այրվելուց հետո կմնա առավելագույնը կես գրամ մոխիր: Ուրեմն ծխող վարորդներին կարգի չհրավիրելով, իր պարտականություններում թերանալով՝ Տարոն Մարգարյանն ամեն օր Երեւանի փողոցներում ավելացնում է 20 000 սիգարետի մնացորդ, 8-10 կգ սիգարետի մոխիր ու հազարավոր դատարկ տուփեր: Այսքանից հետո ոչ մի ծրագիր չի օգնի, որ Երեւանն ու Հայաստանը մաքուր լինեն:

Կառավարությունից ասել են, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի հայեցակարգով պետք է յուրաքանչյուր սուբյեկտի` գերատեսչություններ, համայնք, տնտեսվարող սուբյեկտ, քաղաքացու պատասխանատվության շրջանակը սահմանվի: Ասենք, սահմանվեց, հետո՞: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն անտեսող Տարոն Մարգարյանը հայեցակարգը բանի տեղ կդնի՞: Չեմ հավատում՝ կասեր դասականը: Իսկ կառավարությունն այնքան է կարեւորում «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որ պետական բյուջեից հասարակական կազմակերպություններին տրվող դրամաշնորհների 2018 թվականի մրցույթի անվանակարգերից մեկը հենց «Մաքուր Հայաստան» ծրագիրն է:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

09.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930