Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան կանոնակարգվում է օրենքներով ու իրավական փաստաթղթերով

Հունիս 14,2017 15:30

Այն ամենալուսավոր տեղից ծիծաղում է արդարություն պահանջողների վրա

Ազգային ժողովում արդեն ընդունվեց «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մասին» օրենքը: Երանի այն ինչ-որ բան փոխի մեր երկրում: Ինչո՞ւ եմ կասկածում, որովհետեւ կան ընդունված օրենքներ ու իրավական փաստաթղթեր, որոնք գործում են միայն կոռուպցիոն սխեմայով, ու այն խրախուսվում է այդ օրենքներով ու իրավական փաստաթղթերով, որովհետեւ այդ իրավական փաստաթղթերը կոռուպցիան արմատախիլ անելու փոխարեն՝ այն կանոնակարգում են: Կոռուպցիայի շատ ավելի տարածված ու վտանգավոր տեսակը պաշտոնեական դիրքի չարաշահումն է: Նկատի ունեմ շատ կոնկրետ օրենք ու իրավական փաստաթղթեր: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2014թ. դեկտեմբերի 1-ի փոփոխությամբ ամրագրվեց կոռուպցիոն մի մեխանիզմ, որով մարզի եւ Երեւան համայնքի, ԿԳ նախարարության ենթակա ավագ դպրոցների տնօրենների ընտրությունն իրականացնում են դպրոցների կառավարման խորհուրդները, բայց նրանց հետ աշխատանքային պայմանագրերը կնքում են մարզպետները, Երեւանի քաղաքապետն ու ԿԳ նախարարը: Այս մեխանիզմով ոչ մի կայացած մանկավարժ, ով իրեն տեսնում է կրթության կազմակերպիչ, առանց վերոնշյալ պաշտոնյաների «դաբրոյի» չի կարող ընտրվել, ու այստեղ կոռուպցիան գործում է հատկապես կուսակցական պատկանելության հողի վրա, չի բացառվում նաեւ կաշառքը: Սա անառարկելի փաստ է: Երկրորդ՝ գործում են դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորման եւ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ» ՀՀ կառավարության որոշումները, որոնք 2010-ից այնպիսի փոփոխությունների ենթարկվեցին, որ այսօր պարզապես կանոնակարգում են կոռուպցիան: Փաստ է, մեր երկրում ցանկացած կոռուպցիոն երեւույթ թույլատրվում, խրախուսվում, հովանավորվում եւ պաշտպանվում է վերեւից:

Մասնավորապես, դպրոցների տնօրենների ընտրության ժամանակ բացառապես մարզպետների, քաղաքապետի ցուցումով է ղեկավարվում կառավարման խորհուրդը:
Այս հոդվածում սեւեռվելու եմ Գեղարքունիքի մարզի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշ ակնհայտ կոռուպցիոն գործողությունների վրա: «Հայկական ժամանակ» թերթի ս.թ. ապրիլի 20-ին հրապարակած՝ այդ մարզի Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանի կոռուպցիոն գործունեության մասին պատմող «Պաշտոնեական դիրքի չարաշահում, բյուջեի յուրացումներ» հոդվածում նկարագրված փաստերն առանց մարզպետի «դաբրոյի» չէին իրականանա: Ըստ հոդվածի՝ Վաղաշեն գյուղի մանկապարտեզը «Սուվար-Շին» ՍՊԸ-ի կողմից դրանից հետո է, որ լուծարվել է: Մարզպետն ինչո՞ւ չի հետաքրքրվել այս փաստով՝ այն դեպքում, երբ իր հարազատ կուսակցությունը «Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիր» օրենքով խոստանում էր մինչեւ 2015 թվականը նախադպրոցական կրթության ընդգրկվածությունը մեր երկրում հասցնել 90%-ի: Ինչո՞ւ չի ստուգել գյուղի բյուջեի ծախսման արդյունավետությունը, ինչո՞ւ այդ գյուղապետի հետ մեկ եղան ու 2016թ. հոկտեմբերի 28-ին ազատեցին Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Վարդանյանին, գրագետ ու շատ արժանի տնօրենին միայն այն բանի համար, որ չի ուզել համագործակցել խարդախ գյուղապետի հետ: Հիմա գամ այն իրավական փաստաթղթերին, որոնց օգնությամբ է իրականացվում ցանկացած «ընտրություն»: Կառավարման խորհուրդների ձեւավորման կարգում հստակ գրված է՝ այն բաղկացած է 8 հոգուց, որոնցից 2-ը՝ մանկավարժական խորհրդի, 2-ը՝ ծնողական խորհրդի, 1-ը՝ ԿԳՆ-ի, 3-ը՝ լիազորված մարմնի, այսինքն՝ մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: Արի ու տես՝ այս դպրոցի կառավարման խորհրդում 11.02.2016թ. հենց ԿԳՆ-ի կողմից ներկայացուցիչ է առաջադրվել գյուղապետ Արթուր Սուվարյանը, ի՞նչ կապ ունի գյուղապետը ԿԳՆ-ի հետ: Շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է այս փաստը բացատրում ԿԳ նախարարը, ստացվում է, որ ԿԳ նախարարի համար միեւնույն է, թե ԿԳՆ-ի կողմից ով է պաշտպանելու կրթություն կազմակերպող բանիմաց մեկի ընտրությունը: Հաջորդ խախտումը՝ 8 հոգուց 4-ը գյուղապետարանի աշխատակիցներ են, խորհրդում մանկավարժներից մեկն էլ՝ Վարուժանը, գյուղի ավագանու անդամ է: Գյուղապետարանից այս 5 հոգին գյուղապետի հրահանգով կողմ են քվեարկել, որովհետեւ գյուղապետը գործող տնօրենին, ասացեք խնդրեմ, հավան չի:

Ընտրության ավարտից հետո գյուղապետի ցուցումով, առանց ընտրության արձանագրությունը ձեւակերպելու, հավաքել են ընտրությանն ու թեկնածուներին վերաբերող բոլոր փաստաթղթերը ու գնացել: Նշեմ նաեւ, որ ընտրության ժամանակ ԿԳՆ ներկայացուցիչը եղել է Վարդենիսի ավագ դպրոցի տնօրեն Ոսկան Ոսկանյանը, ով, ինչպես գրված է ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցմանն ի պատասխան ԿԳ նախարարի նամակում, եզրակացություն է ներկայացրել մրցույթի արդյունքների մասին, որը չի ներկայացվել պատգամավորին: Պատգամավորն իր հարցման մեջ խնդրել է նաեւ ներկայացնել թեկնածուների բոլոր փաստաթղթերը, սակայն ԿԳ նախարարը ընդամենը ցույց է տվել նրանց տեղը՝ դրանք գտնվում են Վաղաշենի միջնակարգ դպրոցում, որը կասկածելի է: Ի դեպ, ԿԳՆ ենթակայության Վարդենիսի ավագ դպրոցի տնօրեն Ոսկան Ոսկանյանի կողմից կոռուպցիայի մի դրսեւորման մասին էլ հրապարակվել է ս.թ. հունիսի 5-ին «Հրապարակ» թերթում՝ «Վարդենիսի ավագ դպրոցը դարձել է տնօրենի ընտանիքի սեփականությունը» հոդվածն այն մասին, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը տեղից չի շարժվում: Այստեղ կոռուպցիա կա՞, թե՞ ոչ: Մինչ օրս Վաղաշենի դպրոցի նախկին տնօրեն Արթուր Վարդանյանը չի տեսել մարզպետի հետ կնքած աշխատանքային պայմանագրի խզման մասին հրամանն ու չի ստացել համապատասխան գրառմամբ իր աշխատանքային գրքույկը: Մարզպետի կողմից չի եղել դպրոցի գույքի ընդունման-հանձնման հանձնաժողովի կազմի վերաբերյալ հրաման, բայց մարզպետարանի իրավաբան Նորիկ Ղազարյանը հեռախոսով պահանջել է Արթուր Վարդանյանին ներկայանալ ու ստորագրել հանձնման-ընդունման ակտը, որը, բնականաբար, ազատված տնօրենը չի արել: Այսինքն՝ դպրոցի գույքի հանձնում-ընդունում չի իրականացվել: Նման կամայական մոտեցում ու կրթության շահերից չբխող «ընտրություն» եղավ նաեւ Ծովագյուղում, որի գյուղապետը, կրկին մարզպետի հովանավորությամբ, ամեն ինչ արեց դպրոցի տնօրենի արժանի թեկնածուին չընտրելու համար: Ես ներկա եմ եղել ու լսել երկու թեկնածուների ներկայացրած դպրոցի զարգացման ծրագրերը, որոնք անհամեմատելի էին, բայց ընտրվեց վատ ծրագիր ներկայացրած թեկնածուն: Ահա այսպիսի «մանրուքներ» Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի կոռուպցիոն անցյալից: Ցավոք, ինքը միակը չէ, ցանկը շարունակելի է, ճանաչեք ՀՀԿ կոռումպացված պատգամավորներին:

Կրթության տեսչությունն էլ, հղում անելով կոռուպցիան խրախուսող իրավական փաստաթղթերին, պետք եղած դեպքում խախտումը գտնում է, չեղած դեպքում՝ չի գտնում: Նայած ում պատվերն է կատարում: Ամեն ինչ այս սխեմայով է լինում, ու կոռուպցիան էլ ամենալուսավոր տեղից ծիծաղում է արդարություն պահանջողների վրա:

 

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության փորձագետ

«Առավոտ»

13.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930