Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռոզա Ծառուկյան. «Մոտավորապես մենք ունենք 550-600.000 մեղու, պահում են, քանակը ճշգրիտ չեն ասում»

Հունիս 15,2017 16:46

«Չինաստանի կառավարությունը գրություն է ուղարկել, որ Հայաստանում արտադրվող մեղրը համարվում է բարձրորակ, եւ թույլատրում է այն արտահանել իրենց երկիր»,- այս մասին այսօր լոռեցի մեղվապահների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը:

Այս առիթով ֆեդերացիայի նախագահն առաջարկեց Լոռու մարզում եւս ձեւավորել 7 հոգուց բաղկացած մեղվաբույծների մարզային խորհուրդ. «Որպեսզի ես կարողանամ տասը մարզերի ներկայացուցիչների հետ միասին դիմենք երկրի կառավարությանը, եւ իրենց հետ ճշգրտենք մեղրի հավաքագրման, փաթեթավորման ու իրացման լաբորատորիայի հարցը»,-ասում է Ռոզա Ծառուկյանը:

Շահումյան համայնքի բնակիչ Նվարդ Խաչիկյանն արդեն 23 տարի է, ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ: Ասում է՝ մեղվին պետք է երեխայի պես պահես. «Երեխային, որ բացում ես, քրտնած է լինում, մեղուն էլ է այդպես: Պետք է քար սիրտ ունենաս, որ ապրանքը դռանը կանգնած լինի ու դու չօգնես: Ես օգնել եմ, հետո տեսել եմ 2 մեղուն դարձավ 12, 12-ը՝ 32 ու էդպես: Ես մեղվի ու մեղրի սիրահար եմ»:

Տիկին Նվարդն ասում է, որ մեղու պահելն օգտակար է, սակայն մեղվապահները միշտ կանգնում են ամենակարեւոր՝ իրացման խնդրի առջեւ. «Մենք մթերման խնդիր ունենք: 4000 դրամով ենք ծախում, 2500 դրամով էլ ենք վաճառել, բայց եթե միանգամից տանեն՝ ձեռքդ կոպեկ կընկնի, էս գնին էլ եմ համաձայն: Բայց այդպես չի լինում, տալիս ենք ու սպասում, թե երբ փողը կտան: Եթե ես իմանայի, որ իրացման հարցը կլուծվի, 32 մեղուն կդարձնեի 64»:

Այսօր Լոռու մարզում հաշվառված է 25.140 մեղու, իսկ Հայաստանում՝ 240.000 մեղվաընտանիք, սակայն ըստ Ռոզա Ծառուկյանի սա ստույգ թիվը չէ. «Մոտավորապես մենք ունենք 550-600.000 մեղու, պահում են, քանակը ճշգրիտ չեն ասում: Չեն գրանցում, որովհետեւ վախենում են հարկերից, վախենում են, որ բանկերը կարող են գալ իրենց վերցրած վարկերի դիմաց բռնագրավեն եւ այլն»:

Հանդիպման ժամանակ մեղվաբույծներին բաժանվեց գյուղատնտեսության նախարարության կողմից հատկացված «Բիվարոլ» տեսակի դեղամիջոցը:

Լոռին 5-րդ մարզն է, որտեղ եղավ ասոցիացիայի նախագահը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930