Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հանճարներին ընդունում ենք, երբ օտար երկինքների տակ են հաջողության հասնում. «Իրատես»

Հուլիս 04,2017 13:23

Տարիներ առաջ, երբ Հրանտ Մաթևոսյանին հարցրի՝ ինչո՞ւ հայ գրողները Նոբելյան մրցանակ չեն ստանում, այդքան անտաղա՞նդ են, պատասխանեց լակոնիկ. «Կենսատարածք չունեն»։ Ի՞նչ է կենսատարածքը, որ ուրիշներն ունեն, մենք՝ ոչ։

Առաջին հերթին՝ ինքնագիտակցություն։ Պատճառը ընթացիկ խնդիրներով տարվածությունն է, մեզ հետաքրքրում է գինը, մենք հազվադեպ ենք արժեքը պարզում։ Ընդհանրական արժեքային համակարգ չենք ձևավորում, նույնիսկ չենք ընդունում քրիստոնեական արժեհամակարգը՝ իբրև քրիստոնյա։ Պատմությունը կատակել է, մենք չենք հասկացել կատակը՝ մեզ թվում է, որ մեր առաքելությունն աշխարհից պաշտպանվելն է, մինչդեռ պաշտպանվելով անվտանգ չես դառնում։ Ամեն ինչում մենք դարձել ենք երկրորդ ալիքի ժողովուրդ՝ մտածում ենք միայն պատասխանի մասին, հակաքայլի, քայլ անելը թողնում ենք ում ասես, բայց մեզ չենք վերապահում այդ իրավունքը։

Երկրորդ հերթին՝ ինքնավստահություն։ Ինքնագիտակցության բոլոր արատները միավորվում են ու ստեղծում ինքնավստահության պակաս։ Ինքնավստահության պակասը մեզ դարձնում է ճարպիկ, ագրեսիվ, ինքնագլուխ ու ինքնամփոփ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի՝ նպատակին հասնելու համար, վստահ չենք, որ որևէ մեկը մեզ աջակցելու է։ Երբ բոլորս ենք ինքնավստահության ճգնաժամի մեջ, այդպիսին է երկիրը։ Ճչացող ինքնավստահությունը, որ աչք է քերծում, սեփական ուժերին չվստահելու հետևանք է։

Երրորդ հերթին՝ մենք վախեցած ենք։ Ամեն ինչից։ Երկրաշարժից, կարկուտից, շոգից։ Ցանկացած աղետ մեզ համար անդառնալի ու անվերահսկելի հետևանքներ է ունենում։ Մենք ապրում ենք՝ ինքնահոսի թողած ամեն ինչ, որ, մեր գնահատականով, վեր է մեր ուժերից։ Դա պրագմատիզմ չէ, պրագմատիզմը պիտի թելադրեր՝ եթե օբյեկտիվորեն չես կարող պատճառը վերացնել, սուբյեկտիվ վնասները կրճատել սովորիր։ Մենք այնքան ենք սովորել վախենալ, որ վախը կորցրել է իմաստը։

Չորրորդ հերթին՝ մեր հանճարներին ընդունում ենք, երբ օտար երկինքների տակ են հաջողության հասնում։ Մեր գնահատելու ունակությանը չենք հավատում, մինչև մեզ չասացին, որ Արամ Խաչատրյանը հանճարեղ կոմպոզիտոր է, մենք նրան հայ կոմպոզիտոր չհամարեցինք, Առնո Բաբաջանյանը Երևանում մնար, աշխարհում կպակասեր սքանչելի երաժշտության նրա մասը, ու՝ այդպես։ Փայտի մյուս ծայրն էլ կա՝ դրսում մի թեթևակի ծափը այստեղ դառնում է օվացիա, որովհետև նաև ստրկամիտ ենք՝ ինչպե՞ս՝ նրանք հասկացել են, մենք չհասկանա՞նք։

Հինգերորդ հերթին՝ մենք չենք ճանաչում մեր իրական հարստությունը ու չենք կարողանում աշխարհին մատուցել։ Ո՞րն է Հայաստանի բրենդը աշխարհում՝ մոռացվող երկրաշա՞րժը, Ղարաբաղի հավերժական հա՞րցը, տեղ-տեղ կոնյա՞կը, որ խմել է Ուինստոն Չերչիլը։ Հունաստանը Պարթենոնը դարձրեց աշխարհինը, մենք նոր միայն մեր արքայական դամբարաններն ենք գտնում։ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ու այդպես էլ մնում է, որովհետև թանգարանը ենթադրում է իմացություն, խնամք, մատուցում՝ մենեջմենտ, որի իմաստը մենք չհասկացանք ոչ քաղաքականության, ոչ տնտեսության, ոչ էլ, առավել ևս, մշակույթի մեջ։

Վեցերորդ հերթին՝ մենք կորցրել ենք արտադրողի ունակությունը, սպառող ենք դարձել, սպասում ենք, որ աշխարհը մեզ պահի, ու նեղացած ենք, որ չի անում։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31