Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկխոսությունը կառավարության, վարչապետի հետ չի կայանում». Կարեն Վարդանյան

Հուլիս 05,2017 13:42

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ փոփոխություններին ուղղված քայլեր չի տեսնում:

«Ծրագրի վերաբերյալ մի դիտարկում. չկար մեխանիզմն իրականացման, բովանդակային, հասկանում եմ, քաղաքական պատճառներ կային, որպեսզի ինքը համապարփակ ծրագիր չլիներ, նման լիներ, որ ուսանողը քննությունից առաջ ինչ հասցնում է՝ հասցնում է, բայց իրականացման սկզբունքային մեխանիզմները չէին երևում»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, ոլորտի զարգացման ռազմավարություն ու ծրագրեր են ներկայացրել կառավարությանը, բայց իրենց առաջարկները կառավարության ծրագրում տեղ չեն գտել. «Եթե ուզում ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաներում որևէ հավակնոտ ծրագիր իրականացնել, պիտի նշենք այնպիսի գործողություններ, որոնք այդ ոլորտում կոնսոլիդացիա են իրականացնում, այսինքն՝ կոնսոլիդացիա երեխաների, ծնողների, համայնքների, որոնք ձգտեն պայմաններ ստեղծել, որպեսզի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություններն իրենց մոտ ևս լինեն, ոչ միայն Երևանում կենտրոնանան»:

Կարեն Վարդանյանը ներկայացրեց նաեւ իրենց մշակած ռազմավարության հիմնական դրույթները. «Բոլորս գիտենք՝ մեր համալսարանական իրավիճակն ու միջազգային պահանջարկը, որը շատ բարենպաստ է ոլորտի զարգացման համար, միայն ԱՄՆ-ում ու Եվրոպայում թափուր աշխատատեղերը մոտավորապես երկու միլիոն է ծրագրավորողների շրջանակում, որոշակի սեգմենտներ կան… Երկրորդ կարեւոր հանգամանքը՝ իրական դպրոցն է, որտեղ երիտասարդները ե՛ւ սովորում են, ե՛ւ աշխատում են: Երրորդը՝ գիտության բացակայությունն է: Այստեղ միտում կա գիտության մեջ թողնել երիտասարդներին, այնպես անել, որ նրանք չձգտեն գնալ տարբեր կազմակերպություններում աշխատելու: Մասնագետների խորը դեֆիցիտ ունենք, մի քանի ծրագիր միությունը ֆինանսավորի տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի դուրս չգան ոլորտ աշխատելու, այլ մնան ու զբաղվեն գիտությամբ»:

Պարոն Վարդանյանի համոզմամբ, պետք է հստակ դիրքավորվենք աշխարհում. «Այդ դիրքավորումը մշակել ենք դեռ 2014 թվականին: Հաջողակ ինժեներական լուծումներ ենք առաջարկում, դիրքավորվում ենք որպես մի երկիր, որը հազարամյակներ գիտության մեջ է եղել ու հիմա էլ ձգտում է տարածաշրջանում լինել լավագույններից մեկը… ուշադրություն է դարձվելու նաև անօդաչու թռչող սարքերի նախագծին ու ռազմարդյունաբերությանը:

Բայց երկխոսությունը կառավարության, վարչապետի հետ չի կայանում, կարող է ուսիդ խփեն, ասեն՝ լավ տղա ես, բայց երկխոսությունից ավելին չի անցնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31