Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյանը վարչապետին. Թեթեւ արդյունաբերությանը պետք է ձեռք մեկնել

Հուլիս 05,2017 17:54

«Այնպես չէ, որ Հայաստանում կարի ֆաբրիկաները թվաքանակով բավարար չեն պատվերներ կատարելու համար, ուղղակի մեծ մասը պատվերների վրա աշխատելով կամ ֆինանսական միջոցներ չունենալով կարող է, պարզապես, խուսափեն պատվերներ վերցնելուց»,-Aravot.am-ի խնդրանքով արձագանքելով վարչապետ Կարեն Կարապետյանի` կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթին ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը: Վարչապետը ԱԺ-ում, կառավարության ծրագիրը ներկայացնելիս մասնավորապես նշել էր, որ թեթեւ արդյունաբերությունում տեղական արտադրողներին ապահովում են պատվերներով, որոնք երբեմն հրաժարվում են պատվերներից՝ հզորությունների պակասի պատճառով:

Ըստ Գագիկ Մակարյանի, այսօր մեր երկրում ընդամենը մի քանի կարի ֆաբրիկաներ են, որ ծանրաբեռնված են աշխատում, մյուսները շատ թերի են աշխատում. «Հարկավոր է իմանալ, թե նրանք այդ ֆաբրիկաներից ո՞ւմ են դիմել: Մեծ մասշտաբի համար պետք է այդ ֆաբրիկաները սարքավորումները պատրաստի ունենան, նոր սարքավորումներ ու աշխատողներ ավելացնեն»:

Գագիկ Մակարյանի խոսքով, նաեւ կախված է` թե պետությունն ինչպես է պատվիրում. «Պատվիրում է հետո վճարելու պայմանով, թե՞ կանխավճար է պատրաստել: Կանխավճար տալով պետությունը դրանով կօգնի, որպեսզի այդ ձեռնարկությունը նախապատրաստվի եւ դա առաջին անգամ միայն այդպես կլինի, հետո, արդեն ինքը կշարունակի պատվերները կատարել, որովհետեւ իր հնարավորությունները կստեղծվեն:: Բայց, եթե պատվերը տալիս են ու ասում են` հետո մենք քեզ գումարը կվճարենք ամբողջությամբ դա ռիսկային կարող է լինել, որովհետեւ կազմակերպությունը կարող է չուզենա մտնել վարկի տակ, որովհետեւ վարկերի տոկոսները այդքան հարմար չեն, կախված են եկամտաբերությունից եւ նա այդ ռիսկին չգնա»:

Ծանրաբեռնված աշխատող կարի ֆաբրիկաներն էլ, ըստ մեր զրուցակցի, հիմնականում դրսի կազմակերպությունների համար են պատվերներ կատարում: Գագիկ Մակարյանի համոզմամբ, որպեսզի այս խնդիրը մեր երկրում կարգավորվի, ճիշտ կլինի, որպեսզի պետությունը այսօրվանից սկսած սահմանի թե 2018 թվականին իր պատվերների ծավալները որքան են կազմելու եւ ինչ ուղղությամբ. «Այդ դեպքում ձեռնարկությունները կսկսեն նախապատրաստվել` իմանալով թե իրենց ինչ է սպասվում, ովքեր ցանկանում են այդ պատվերները վերցնել, կգնան իրենց միջոցներով կնախապատրաստվեն մրցույթի, կարգի կբերեն գործարանները: Մի մասը դրան կգնա, մի մասը էլի չի գնա: Բայց ասել, որ կարի ֆաբրիկաները պատվերների ծավալը չեն կատարում, այդքան էլ լիարժեք չի լինի, ավելի ճիշտ կլինի, որ պետությունը փորձի այդ լուծումը գտնել համատեղ ուժերով: Դրա համար էլ ասում ենք` մասնավոր-պետություն երկխոսություն, այսինքն` ինքը հայտարարում է իր ծավալները փորձում է Հայաստանի զարգացման հիմնադրամի կամ` էկոնոմիկայի նախարարության միջոցով հասկանալ, թե ինչն է պակասում այդ պատվերները վերցնելուն, փորձում են օգնել այդ գործընթացում ու կտեսնեն, որ կստացվի»:

Մեր այն հարցին, թե գուցե այդ ֆաբրիկաները տարիների ընթացքում չեն կարողացել հզորություններ ձեռքբերել, քանի որ տարիներ ի վեր պետգնումներով պատվերները գնացել են այն արտադրամասերին, որոնց տերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, գեներալներ ու մեծահարուստներ, պարոն Մակարյանը պատասխանեց. «Գնումների համակարգում երեք տեսակի կարեւոր խնդիր կար` առաջին խնդիրն այն էր, որ շահում էին ինչ-ինչ մարդիկ, որոնք պիտի շահեին, երկրորդ` շահում էին մարդիկ, որոնք կարի ֆաբրիկա կարող է եւ չունեին եւ միջնորդներ էին, վերապատվիրում էին մյուսին, որպեսզի այդ պատվերը կատարեին ու քանի որ իրենք կարող է մրցույթները շահում էին էժան գնով կամ ատկատներով, բնական է, որ պատվիրում էին ավելի էժան, որպեսզի իրենց օգուտ մնա, հետեւաբար կարող է ֆիրմային մնում էր շատ չնչին եկամուտ:

Երրորդ` Հայաստանում կարի ինդուստրիան բավականին թուլացել էր, հիմի է որ ասենք ` վերջին երկու տարվա ընթացքում կարի ոլորտը զարգացնելու միտում կա, բայց ինդուստրիան թույլ էր: Սովետական ժամանակներում մոտ 120 կարի ֆաբրիկա կար: Այսօր կտորը բերում են Թուրքիայից, Չինաստանից, կտորի որակից կախված` թե ինչ պատվեր կկատարի, աշխատուժն իր արտադրողականությամբ այնքան էլ չի կարողանում մրցակցել կարի ոլորտում թուրքական, մալազիական, չինական կարի ոլորտում արտադրողների հետ:

Այսինքն` նրանք մեկ օրում ավելի շատ հատով հագուստ են կարում, քան հայկական կարողները կարող են կարել: Պետությունը պիտի ձեռք մեկնի: Բանակի կամ մի շարք ընկերությունների համար պատվերները Հայաստանում կարվի: Սկզբնական առումով թույլ տան որ որոշակի մարժա ձեւավորվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31