Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք տվյալներ, որ ադրբեջանական այդ գյուղից բնակչությունը խուճապահար, զանգվածաբար դուրս է եկել». Դավիթ Բաբայան

Հուլիս 05,2017 18:10

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին ժամերի ընթացքում սահմանում իրավիճակն «ամենօրյա է». էլի կրակում են, որևէ արտառոց դեպք չկա:

Մեր այն հիշեցմանը, թե նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է ՌՏ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ ու հարցին` հնարավո՞ր է ապրիլյան դեպքերի կրկնություն, պարոն Բաբայանը պատասխանեց. «Սա ահաբեկչական գործողություն է: 22 տարի նրանք պատրաստվում են այդ պատերազմին: Նրանց նպատակը եղել է Արցախի ոչնչացումը: Լոկալ բնույթի հարձակում նրանց համար իմաստ չունի: Ներկա դրությամբ դժվար թե այս ամենը հանգեցնի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, բայց մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել հայրենիքը»:

Դառնալով միջազգային հանրության արձագանքին` Դավիթ Բաբայանը, իհարկե, ողջունեց այն, որ օպերատիվ արձագանքել են, կարևորել են խաղաղ կարգավորումը, որ ուժի գործադրումն անթույլատրելի են համարվել, բայց նշեց, որ պետք է ավելի հասցեական ու կոշտ արձագանք լիներ Ադրբեջանի նկատմամբ, քանի որ «այն, ինչ տեղի է ունեցել, սա Ադրբեջանի մարդատյաց և ահաբեկչական քաղաքականության պատճառով է»:
Դավիթ Բաբայանը մտահոգված է, որ Ադրբեջանը նման պահվածքով շարունակում է իր ահաբեկչական հանցագործ քաղաքականությանը, ինչը վտանգում է կայունությունն ու խաղաղությունը. «Նրանք նման զինատեսակ կիրառելով`որևէ նպատակի, ռազմաքաղաքական գործողության թիրախի չեն հասել: Սա պարզապես ահաբեկչություն է: Եթե հենց այնպես կիրառում են տարբեր զինատեսակներ և շարունակում նման ապակառուցողական քաղաքականությունը, ապա սա արդեն մտահոգություն է առաջացնում: Ճիշտ է` մենք չեզոքացնում ենք նրանց ագրեսիվ նկրտումները, բայց միջազգային հանրությունը նույնպես պետք է լուրջ ուշադրություն դարձնի այս ամենին»:

Հարցին Ալխան գյուղի երկու տարեկան երեխայի սպանությունը Ադրբեջանը կշահարկի՞ միջազգային հարթակներում, պարոն Բաբայանը պատասխանեց. «Շահարկելու են: Ցանկացած երեխայի կորուստ ինքնին ողբերգություն է կապ չունի` ինչ երեխա, ինչ ազգություն է: Միայն աննորմալ մարդը կարող է ուրախանալ նման զոհերով: Բայց խնդիրն այն է, որ այստեղ ևս մենք կրկին տեսնում ենք շահարկումներ: Նախևառաջ, ադրբեջանական կողմն օգտագործում է իր սեփական բնակչությանը որպես թիրախ: Նրանք ունեն հարուստ փորձ բնակչությանը կոտորել և այդ ամենի մեջ հայերին մեղադրել: Ամենավառ օրինակը Խոջալուն է` ինքնացեղասպանությունը, որ իրենք կատարել են և փորձում են առ այսօր հայ ժողովրդին մեղադրել դրանում:

Նույնը տեղի ունեցավ ապրիլին, երբ 300.000 ադրբեջանցիներ լքեցին Արցախի հետ սահմանամերձ շրջանները, ու լքված տները թալանվեցին ադրբեջանական բանակի, թուրք գրոհայինների, իսլամական պետության ահաբեկիչների կողմից: Ողջ մնացածներին սպանեցին, բռնաբարեցին, և կրկին մեղավոր են հայերը: Մանավանդ հիմա ունենք տվյալներ, որ ադրբեջանական այդ գյուղից բնակչությունը խուճապահար, զանգվածաբար դուրս է եկել, ու չի բացառվում, որ հիմա էլ մտնեին այնտեղ, այդ անձանց տները թալանեին, որ սպանեին, որ ականատեսներ ողջ չմանային, ու մտածեին, թե, ոչինչ, էլի հայերի վրա կգցենք: Սա գարշելի երևույթ է, անթույլատրելի, սա խայտառակություն է: Այստեղ ևս տեսնում ենք նույն կեղտոտ ոճը, որ ալիևյան կլանն իրականացնում է սեփական ժողովրդի կյանքով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դերենիկ says:

    «… ադրբեջանական կողմն օգտագործում է իր սեփական բնակչությանը որպես թիրախ»:
    Թիրախը վահանից չի՞ տարբերում Բաբայանը:
    Այս անբարբառ խոսնակը դեռ երկա՞ր է մեր համբերությունը չարաշահելու:
    Շուկայի առեւտրի անգամ ընդունակ չէ. մի նախադասության մեջ պնդում է իրարամերժ բաներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31