Ի՞նչ է կորցնում Հայաստանը՝ խզելով Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում կապերը. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովի մեկնաբանությունը ԶԼՄ-ների համար
Հարց. Ղարաբաղյան իրադարձություններից հետո Հայաստանը փաստացի դադարեցրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, իսկ ՀԱՊԿ-ում սառեցրել է իր մասնակցությունը։ Միաժամանակ նկատվում է հայկական կողմի համագործակցության ակտիվացում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ռազմական ոլորտում։ Օլեգ Լեոնիդովիչ, Դուք, որպես զորահրամանատար, որը մեծ փորձ ունի մարտավարական օղակից մինչև ռազմավարական գործողություններ զորքերի ուսուցման և պատրաստության հարցերում, կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչով է սպառնում Հայաստանի նման վերակողմնորոշումը։
Օ. Լ. Սալյուկով. Նախևառաջ կցանկանայի պարզաբանել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի իրավազորության ներքո անցնելու հետ կապված իրադարձությունները մեծապես Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականության հետևանքն էին։ Այդ ղեկավարությունը իշխանության էր եկել 2018 թվականի այսպես կոչված «թավշյա հեղափոխության» արդյունքում։ Սակայն այդ իրադարձությունների արդյունքները Հայաստանի ղեկավարությունն օգտագործեց ոչ թե սխալների վրա աշխատելու խթան, այլ որպես առիթ՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցության անարդյունավետության վերաբերյալ հրապարակային հայտարարությունների համար, ինչը, մեր կարծիքով, բացարձակապես անհիմն և անհեռատես է։
Եթե անդրադառնանք ոչ վաղ անցյալի պատմությանը, ապա պարզ կդառնա, որ ԱՊՀ տարածքի ձևավորումից և ՀԱՊԿ-ի կառույցների ստեղծումից հետո ռազմական ոլորտում մեր երկրների փոխգործակցությունն իրականացվում էր ողջ ուղղությունների շրջանակում միասնական ռազմական և տնտեսական անվտանգության ապահովման սկզբունքով՝ զինված ուժերի կառուցման միասնական չափանիշներով, այդ թվում՝ ռազմական կադրերի պատրաստմամբ։
Կարդացեք նաև
Ներկայում ՀՀ զինված ուժերը 90 տոկոսով համալրված են ռուսական սպառազինությամբ և ունեն ռուսական սպառազինության ամենաժամանակակից համակարգերը, այդ թվում՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր, «ՏՈՐ-Մ2» հակաօդային պաշտպանության համակարգեր, ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռներ, առաջատար զրահատեխնիկական սպառազինություն։ Հայաստանի զինված ուժերի սպայական կազմի մեծ մասը խորհրդային և ռուսական ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներ են։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Պարոն Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ դեմ չէ, որպեսզի Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից։
Միաժամանակ Ռուսաստանը նոր դարում արդեն բազմիցս ապացուցել է, որ փոխադարձ պայմանավորվածությունների պահպանման դեպքում հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության երաշխավորը։ Սակայն եթե Երևանը նախընտրի անվտանգության ամերիկյան երաշխիքները, ապա դա, անկասկած, կարող է հանգեցնել ստացված արդյունքներից հիասթափության։
Մենք պատրանքներ չունենք Հայաստանի իշխանությունների ներկայիս կուրսի վերաբերյալ և ելնում ենք արդեն ստորագրված փաստաթղթերի և ստանձնած պարտավորությունների վերլուծությունից։ 2025 թվականին ստորագրված Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության խարտիայում նշվում է, որ «Հայաստանի ինտեգրումը եվրատլանտյան ինստիտուտներին խորացնելը ընդհանուր առաջնահերթություն է», իսկ կողմերը «նախատեսում են ընդլայնել համագործակցությունը անվտանգության ոլորտում և բարեփոխումների ծրագրերը, որոնք ուղղված են օպերատիվ համատեղելիության բարձրացմանը»։ Սա նշանակում է ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու՝ քաղաքական պարտավորությամբ ամրագրված կուրս։ Սակայն 2025 թվականի խարտիայով ենթադրվող ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը կարող է չեղարկվել կամ կասեցվել ԱՄՆ նախագահի կամ նույնիսկ Պետդեպարտամենտի ղեկավարի որոշմամբ։ Հենց դա տեղի ունեցավ 2024 թվականին Վրաստանի հետ, որի հետ նմանատիպ խարտիա ստորագրվել էր 2009 թվականին։ Մենք նաև բոլորս լավ հիշում ենք, թե ինչով ավարտվեցին ամերիկյան երաշխիքները Աֆղանստանում։
Բացի այդ, մեր ռազմական տնտեսագետների գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի չափանիշները միշտ թանկ են և ամենևին էլ ոչ միշտ արդյունավետ։ Մի փոքր թվեր։ ՆԱՏՕ-ի երկրների ընդհանուր պաշտպանական բյուջեի վրա 2025 թվականին ծախսվել է 1 տրիլիոն 626 միլիարդ 630 միլիոն դոլար։ ՆԱՏՕ-ի 3 միլիոն 304 հազար զինծառայողների դեպքում մեկ զինծառայողի հաշվով տարեկան ծախսը կազմել է մոտավորապես 493 հազար դոլար։ Հայաստանի ռազմական բյուջեն նույն՝ 2025 թվականին կազմել է 1 միլիարդ 713 միլիոն դոլար։ Հայաստանի զինված ուժերի 65 հազար զինծառայողների դեպքում տարեկան մեկ զինծառայողի հաշվով ծախսվել է 26 հազար դոլար, ինչը 19 անգամ պակաս է։ Եվ այդ տարբերությունը հարկ կլինի հաղթահարել Հայաստանի հարկատուների հաշվին։
Որպես ամփոփում՝ կարծում եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները զինված ուժերը եվրատլանտյան չափանիշներին անցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների և այդ ուղղությամբ որոշակի քայլերի ու գործողությունների ցուցադրման վերաբերյալ առայժմ ավելի շուտ կրում են հռչակագրային և քաղաքական բնույթ։ Հայաստանի զինված ուժերի իրական անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին երկարատև, բարդ գործընթաց կլինի, որը կպահանջի մեծ բյուջետային ծախսեր՝ Հայաստանի անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով։



















































