Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հուլիս 29,2017 12:24

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակում այսօր Արցախում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված են Ստեփանակերտի, ինչպես նաեւ Մարտունու շրջանի գյուղական համայնքների ու Մարտունի քաղաքի միջին եւ ավագ դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ուսուցիչների, ինչպես նաեւ դասվարների եւ հումանիտար առարկաների մասնագետների համար:

Դասընթացները կազմակերպվում են Հայաստանից ժամանած մի խումբ մասնագետների նախաձեռնությամբ: Վերապատրաստման ծրագիրը հավանության է արժանացել Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կողմից:

«Վերապատրաստումները հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին ծանոթացնել ուսուցման արդիական մոտեցումներին ու նոր տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ STEM կրթությանը, որը ներառում է միջառարկայական եւ նախագծային մեթոդները, սերմանում ինժեներական մշակույթի տարրեր, ինտեգրված ձեւով ուսուցանում բնական գիտությունները, մաթեմատիկան, քանի որ այս ոլորտները խիստ փոխկապակցված են իրական կյանքում: Նախաձեռնությունը, համոզված ենք, կծառայի նպատակին՝ խթան հանդիսանալով կրթական բարեփոխումների համար՝ ի շահ մատաղ սերնդի դաստիարակության»,-  նշում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

«Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ միշտ կարեւորվել է ժամանակակից մեթոդներով դասավանդման հարցը, եւ որոշեցինք  համատեղ ուժերով սկսել այս նախաձեռնությունը: Փորձառու մասնագետները ոչ միայն կներկայացնեն կրթության ժամանակակից մոտեցումները, այլեւ պրակտիկ կիրառության գործնական պարապամունքներ կանցկացնեն: Եթե ուզում ենք կրթության ոլորտում առաջընթաց ապահովել՝ ժամանակակից մեթոդների կիրառումը պարզապես անհրաժեշտություն է: STEM-ը ներկայումս համարվում է համաշխարհային կրթության հիմնական միտումներից մեկը, քանի որ ժամանակակից աշխարհում ամենապահանջվածներից են դառնում նշված ոլորտների գիտելիքները»,-ընդգծում է  նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:

Զուգահեռ երկու դասընթաց է իրականացվելու. առաջինը՝ ուսուցման ժամանակակից մեթոդներ եւ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ նախագծի մեթոդ, STEM կրթություն  (Science, Technology, Engineering, Math, կամ՝ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա) եւ երկրորդը՝ հոգեբանական մոտեցումներ, այդ թվում՝ դրական հուզական փոխհարաբերությունների ձեւավորում ու զարգացում, դրական մթնոլորտի ապահովում հոգեբանական հնարքների եւ խաղերի միջոցով:

Դասընթացների առաջին փուլը մեկնարկել է այսօր՝ Մարտունու շրջանում, հաջորդը տեղի կունենա օգոստոսի 8-9-ին՝ Ստեփանակերտում: Դասընթացներին ընդհանուր առմամբ կմասնակցի 120 ուսուցիչ:

Որպես ուսուցանողներ ներգրավվել են դասավանդման եւ ուսուցիչների վերապատրաստումներ վարելու հարուստ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր սովորել կամ կատարելագործվել են  արտերկրում։ Կազմակերպիչները համոզված են, որ դասընթացները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ կփոխանցեն, այլ նաեւ կնպաստեն  տարբեր  դպրոցների ուսուցիչների միջեւ համակարգված համագործակցությանը՝ ստեղծելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաների եւ մեթոդների քննարկման հարթակ:

Վերապատրաստման ծրագիրը հագեցած է գործնական, խմբային եւ հետազոտական բնույթի հանձնարարություններով։ Հատկապես շեշտադրվում են STEM կրթության մոտեցումները, որոնք նպաստում են աշակերտների հետազոտական եւ վերլուծական մտքի, համագործակցության կարողությունների զարգացմանը եւ օգնում են ժամանակակից աշխարհում պահանջված մասնագիտությունների ընտրության հարցում։

Ծրագրով վերապատրաստված ուսուցիչներից ոմանք նաեւ կդասավանդեն «Գիտելիքը ուժ է» նախաձեռնության շրջանակում Արցախի Մարտունու շրջանում կազմակերպվելիք համանուն ամառային դպրոցում, որը կմեկնարկի օգոստոսի 1-ից:

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31