Լրահոս
Օրվա լրահոսը

Դսեղի գյուղապետ. «Ոչ միայն սննդի տեսչությունն է ասել, որ դաբաղ հիվանդությունն է, այլեւ մեր մարզի անասնաբույժը»

Օգոստոս 08,2017 17:28

Երեկ Aravot.am  կայքում անդրադարձել էինք, որ Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ համայնքներում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել: Նշված 2 համայնքների ղեկավարներն էլ հավաստիացրեցին, որ խոշոր եղջերավոր անասունների մոտ հենց դաբաղ հիվանդությունն է: Վերջիններս մեզ հետ զրույցում նշեցին, որ խնդրի մասին տեղյակ են պահել համապատասխան մարմիններին:

Սակայն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քիչ առաջ հերքում տարածեց, թե իրենք խնդրի մասին որեւէ գրություն չեն ստացել, ո՛չ գյուղացիներից, ո՛չ էլ համայնքապետարաններից:

Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ իրենք խնդրի մասին տեղեկացրել են սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնին, վերջիններիս կողմից էլ ստացել են հիվանդության բուժման համար համապատասխան ցուցումներ. «Մասնագիտական ցուցումներ են մեզ տվել, դեղերի օգտագործման, բուժման եւ այլնի մասին: Չնայած այլ հիվանդության վրա էլ էին կասկածում, որ այլ հիվանդություն էլ կարող է լինի, բայց կենտրոնացան դաբաղ հիվանդության վրա: Ոչ միայն սննդի տեսչությունն է ասել, որ դաբաղ հիվանդությունն է, այլեւ մեր մարզի անասնաբույժը»:

Բացի այդ, հոդվածում նշվել էր, որ Դեբեդի համայնքապետ Արարատ Քոչարյանն ասում է, գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վարակված է դաբաղով: Սակայն սննդի անվտանգության պետական ծառայությունն իրենց հերքող հայտարարության մեջ նշել է, թե նման հայտարարություն է արել Դսեղի համայնքապետը:

Մինչդեռ Դեբեդ համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանի խոսքով, այս պահի դրությամբ դաբաղով հիվանդ է ոչ թե անասնագլխաքանակի 60 տոկոսը, այլ արդեն 70-ը. «Խոշոր եղջերավոր անասունների 70 տոկոսն է հիվանդ: Որովհետեւ վարակը գնալով ավելանում է: Գյուղում ում տեսնում ես՝ սար գնացող մեքենա է ման գալիս, որ գնա, տեր կանգնի իր անասունին: Մարդիկ իրենց խոտհավաքը թողած՝ խոտհունձի փող են աշխատել, էդ էլ տանում են անասունի վրա ծախսում, խայտառակ վիճակ է»:

Դեբեդի բնակիչ Երեմ Կիրակոսյանն ասում է, որ իր 6 անասունները նույնպես վարակվել են դաբաղ հիվանդությամբ: Մոտ 15 օր է՝ փորձում է սեփական միջոցներով կենդանիներին ոտքի կանգնեցնել. «Մեր ապրանքները սարում են: Քսելու, սրսկելու, փչելու դեղեր ենք առնում, որ բուժենք: Դեղերի  գները տարբեր են՝ 3000, 5000, 10.000 դրամ, նայած, թե ինչի համար է դեղը՝ քսելու, սրսկելու, թե ինչի: Կա որ կովի ոտքերն են վարակվել, կա՝ կրծքերը, բերանը, տարբեր տեղեր վարակված են: Կա, որ կամաց բուժվում են, կա, որ դեռ ընթացքի մեջ է, չեն բուժվում»:

54-ամյա Անուշավան Նիգոյանի ընտանիքին պատկանող 7 կենդանիներից էլ 5-ն վարակվել հիվանդությամբ. «Մինչեւ հիվանդանալը մեր անասնաբույժներին հարցրեցի, թե ինչ փորձեմ, որ չհիվանդանան, ասել են՝ ոչ մի բան չփորձեք: Այսինքն, տենց դեղամիջոց չկա, որ փորձեք, սպասեք հիվանդանան: Էսօր էլ ինչ դեղամիջոց, որ փորձում ենք «դա սրտի մխիթարանքա», թե չէ դրանք էլ չեն բուժում: Ես չգիտեմ՝ դրա դեմ դեղամիջոց չկա՞, թե՞ կա՝ ժողովրդին չեն հասցնում: Ես «մարգանցովկայով» լվացում եմ անում, փորձում եմ տենց բուժեմ: Մեր կենդանիները 10 օր է, որ հիվանդացել են, բայց հիվանդությունը գյուղում 2-3 ամիս է՝ տարածված է: Չգիտենք՝ կառողջանա՞ն կենդանիները, թե՞ անկումները շատ կլինեն»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031