Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն պատրա՞ստ է Հայաստանն իրավունքի պետություն դարձնել

Օգոստոս 28,2017 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում ազգագրագետ
Հրանուշ Խառատյանը եւ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը բանավիճում են
Հայաստանում ժողովրդագրական խնդիրների մասին

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ – Պարոն Ֆարմանյան, վերջերս դուք խոսեցիք Հայաստանում ժողովրդագրական խնդիրների մասին՝ ցավ հայտնելով, որ անկախությունից ի վեր «խնդիրը չի եղել մեր քաղաքական, գիտական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքում», ասացիք՝ «ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձեւավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը եւ գտնելու լուծումներ»: Ի դեպ, լուծումները, կարծեմ, Դուք էլ չեք տեսնում: Ովքե՞ր են մեղավորները, որ այս խնդիրն ուշադրության կենտրոնում չի եղել:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ – Ժողովրդագրության մասին, դեռեւս 1990-ականներից, մինչ այդ էլ, խորհրդային միության ժամանակահատվածում շատ է խոսվել եւ շատ քայլեր արվել են: Հատկապես, խորհրդային իշխանության տարիներին: Անկախությունից հետո, դա եւս համազգային ուշադրության առանցքում էր, հատկապես մեր մտավորականության կողմից: Նաեւ՝ քաղաքական ընտրանու: Հայտնի իրադարձություններից հետո, երկրաշարժի եւ պատերազմի հետեւանքով, սոցիալ-տնտեսական եւ այլ պատճառներով ժողովրդագրական միտումները Հայաստանում դարձան այնպիսին, ինչպիսին կան: Ես այդ մտահոգությունն եմ հնչեցրել, որ սա մայր մարտահրավեր է՝ համահավաք մեր գոյությանը, որպես ժողովուրդ, եւ մեր պետականության ապագային: Համարժեք գիտակցում՝ այս խնդրի վտանգավորության, էլ չասած լուծումների տեսանկյունից, ես այսօր չեմ տեսնում:

Ն. Գ.– Ովքե՞ր են դրա մեղավորները:

Ս. Ֆ.- Մեղադրանքներն ամենասխալ եւ ամենահեշտ ճանապարհն են, որով մենք կարող ենք գնալ: Դուք կարող եք հրավիրել նորանկախ Հայաստանի բոլոր հնարավոր իշխանությունների ներկայացուցիչներին, մեկը կմեղադրի մյուսին, չորրորդը՝ երրորդին եւ այլն: Բայց սա շատ մակերեսային առնչություն ունի այդ խնդրին, որը իսկապես մայր մտահոգություն պետք է լինի մեր պատականության համար:

Այն ինչին ես հանդիպում եմ քաղաքական դաշտում, մամուլում, փորձագետների կողմից հնչեցվող, ավելի շատ մակերեսային, քաղաքականացված գնահատականներ են, փոխադարձ մեղադրանքներ, կամ ժողովրդագրական բացասական միտումներին վերաբերվող առանձին դրվագներ: Ես իմ հոդվածով ցանկացել եմ մտահոգություն հնչեցնել: Տեսնենք՝ ի՞նչ կստացվի:

Ն. Գ. – Արդյոք օրվա իշխանությունները չեն եղել այդ մտահոգության նկատմամբ անտարբերություն դրսեւորողները:

Ս. Ֆ. – Եթե երկրում բացասական որեւէ միտում է նկատվում, այդ օրվա իշխանությունը չի կարող պատասխանատու չլինել: Ուստի, այո: Ձեր հարցի պատասխանը միանշանակ է՝ մենք, որպես իշխանություն, այո, պատասխանատու ենք, ժողովրդագրական միտումների այն ընթացքի համար, որն այսօր ունենք: Բայց եթե մենք խնդրի լրջությունը թողնենք եւ խնդիրը դիտարկենք այդ հարթության մեջ, ասենք՝ մեղավորին գտանք… իսկ մենք կարող ենք ասել, որ դրա հիմքերը դրվել են նախորդ տասնամյակում, նախորդ տասնամյակի պատասխանատուները կբերեն երկրաշարժից հետո եւ պատերազմին նախորդած ժամանակաշրջանը եւ այլն, տեղապտույտ կստացվի: Խնդրի լրջությունն, իմ պատկերացմամբ, շատ ավելի կարեւոր է, քան թե մեղավորների փնտրտուքը: Եվ իմ բերած մտահոգությունը վերաբերվել է նրան, որ արդեն ժամանակն է գիտակցելու մեզ պատած այդ ծանր հիվանդությունը, որը ժամանակի ընթացքում կարող է ազգային աղետի հանգեցնել, եւ փորձել համախմբել բոլոր հնարավոր ռեսուրսները՝ գոնե դիրքորոշելու այս խնդիրը գերառաջնահերթություն:

Ն. Գ. – Տիկին Խառատյան, Ձեր կարծիքով ինչո՞ւ է հիմա օրվա իշխանությունը՝ ՀՀԿ-ն ի դեմս պարոն Ֆարմանյանի, այս մտահոգությունները հնչեցնում:
Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ – Եթե դրա հնչեցնողը ՀՀԿ-ն է՝ ես ուրախ եմ: Ես հիմա միայն պարոն Ֆարմանյան եմ տեսնում: Ինքը չասաց, որ կուսակցության դիրքորոշում է ներկայացնում: Ինքն անձ է ներկայացնում: Ի պատիվ իրեն՝ իրեն մտահոգում է այս խնդիրը:

ՀՀԿ-ին, որպես ինստիտուտի, որպես իշխանության հիմնական խմբի, իշխանության ղեկը պահողի՝ Ձեր մտահոգության կեսի չափ մտահոգո՞ւմ է այս խնդիրը:

Շատ լավ ասացիք, որ օրվա իշխանությունը պատասխանատու է ընթացիկ կարեւոր եւ իսկապես աղետալի հետեւանքներով հղի երեւույթի նկատմամբ, բայց անմիջապես գնացիք՝ բա դրանից առաջվա տասը տարին ո՞վ էր մեղավոր… մեղավոր բառը չասեմ, բայց յուրաքանչյուր իշխանություն, որը ստանձնում է իշխանությունը, նախեւառաջ ՀՀԿ-ն եւ այսօրվա ձեր իշխանությունը, իր ընտրությունների ժամանակ եւ արտագաղթի եւ ժողովրդագրական մնացած բացասական միտումների վերաբերյալ արտահայտել էր շատ լուրջ մտահոգություն եւ խոստում՝ դրան վերադառնալ: Կապ չունի՝ մեղավոր փնտրենք Քոչարյանի իշխանությունը, Արցախի պատերազմը, Տեր-Պետրոսյանի կամ Բագրատյանի իշխանությունը: Կարեւոր է այն, որ հաջորդ իշխանությունը գիտեր՝ ինչ իրավիճակ է ժառանգում եւ հաջորդ իշխանությունը պետք է պատրաստ լիներ այդ իրավիճակի վերաբերյալ ծրագիր ունենալ: Ամեն մի իշխանություն հայտարարել է, որ ունի ծրագիր: Ես մեղավորությունն ավելի շատ այս կեղծիքի մեջ եմ տեսնում, քան թե բուն՝ հայեցողական, պասիվ, կրավորական, սպասողական դիրքորոշման մեջ:

Մեղավորության խնդիրն օրակարգից հանում եմ: Դարձյալ համաձայն չեմ պարոն Ֆարմանյանի հետ, որ չկան առաջարկներ, այլ խնդիր է, որ այդ առաջարկների նկատմամբ վերաբերմունք չկա: Միայն մեկ առաջարկի մասին ասեմ. 2000 թվականին, երբ բոլորովին այլ իրավիճակ էր, բոլորովին այլ արտագաղթային տրամադրություններ եւ այլն, մեր խումբը հետազոտել, շատ փաստարկված գրել, հրատարակել, հայտարարել է, որ եթե երկրում իրավունքի պետության խնդիրը չլուծվի, երբեք չի փոխվելու ժողովրդագրական խնդիրը: Այսինքն, անկյունաքարային է օրենքը: Մարդը պետք է իրեն պաշտպանված զգա: Այս թիվ մեկ խնդրի չլուծվածության պարագայում անհնար է ժողովրդագրական իրավիճակ փոխել: Եթե որեւէ իշխանություն պատրաստ չէ գնալ դրան, ուրիշ ինչի՞ մասին կարելի է խոսել:

Ս. Ֆ.– Համաձայն եմ:

Ն. Գ. – Պարոն Ֆարմանյան Դուք Ձե՞ր մտահոգությունն եք հնչեցրել, թե՝ ՀՀԿ-ի:

Ս. Ֆ.– Ժամանակ առ ժամանակ ժողովրդագրական միտումների վտանգավորության վերաբերյալ, այս կամ այն համատեքստով, այս կամ այն ուժգնությամբ, հայտարարություններ եղել են, այդ թվում նաեւ վերջին անգամ հանրապետության նախագահի կողմից, ԱԺ-ում…

Հ. Խ. –Երբ խոստացավ, որ 2040 թվականին 4 միլիոն բնակչություն կունենանք:

Ս. Ֆ.- Դա, խոշոր հաշվով, խորը մտահոգության արտացոլանք է:

Եվ երբ ես ասում է, որ առաջարկներ չեն եղել, ես տիկին Խառատյանի փորձագիտական խմբի վերլուծությունը նկատի չունեի: Ես ծանոթ եմ դրան դեռ ուսանողական տարիներից: Տարբեր մտավորականներ, ժամանակ առ ժամանակ, այդ մասին բավականին արժեքավոր աշխատանքներ կատարել են: Ես խնդիրը դիտում եմ շատ ավելի լայն համատեքստում. Մեր երկրում իշխանությունը կրում է թիվ մեկ պատասխանատվությունը եւ շատ լավ կլիներ, ինչպես տիկին Խառատյանն է ասում, որ որեւէ իշխանություն, որ Հայաստանում ձեւավորվում է, նախեւառաջ այս մայր մտահոգության դիմագրավման բանաձեւերը ներկայացներ: Ինձ համար, որպես ընտրող, եթե չզբաղվեմ քաղաքականությամբ, առաջին չափման միավորը կլինի դա՝ ի՞նչ պատասխաններ են տեսնում այս հարցին, ի՞նչ բանաձեւերով, թիմով եւ այլն:

Ն. Գ. – Երբ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն էր գրվում ինչո՞ւ չէիք բարձրաձայնում Ձեր մտահոգությունները:

Ս. Ֆ.- Դուք սխալվում եք, բարձրաձայնում էի: Հայաստանի նախորդ բոլոր կառավարությունների՝ ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրերում եղել եւ հաստատվել է իմ առաջարկությունը՝ կառավարությունը պետք է մշակի եւ իրականացնի ժողովրդագրական միտումների բարելավման ազգային ծրագիր:

Ն. Գ.– Բայց արդյունքը չի եղել:

Հ. Խ. – Կա այդպիսի ծրագիր, դրված է կայքում. Կետ առ կետ կարդաս՝ լացդ կգա:

Ս. Ֆ.– Եթե ժողովրդագրական միտումների խնդիրը պետք է դիտարկենք՝ օրվա իշխանություններն ի՞նչ են արել եւ ինչո՞վ են մեղավոր, խոսակցությունը կարող ենք չշարունակել: Ասել՝ այո, ժողովրդագրական միտումների համար, որքան էլ օբյեկտիվ հանգամանքներ կան՝ մենք մեղավոր ենք:

Զրույցն ամբողջությամբ՝

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

26.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031