Լրահոս
Օրվա լրահոսը

«Լենինգրադյան փողոցը պետք է վերանվանվի Սանկտ-Պետերբուրգի փողոց». Լավրենտի Միրզոյան

Օգոստոս 30,2017 15:53

Լեզվաբան, ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լավրենտի Միրզոյանը դեմ է Լենինգրադյան փողոցի անվանափոխմանը:

«Այս հարցում շտապողականություն չպետք է լինի»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց լեզվաբանը: Ըստ նրա՝ փոփոխությունները խորը ուսումնասիրություններից հետո պետք է կատարվեն. «Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց վաղուց պետք է ունենայինք, իսկ ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցին, այն պետք է վերանվանվի Սանկտ-Պետերբուրգի փողոց: Այսօր ամեն ինչ ուզում են անվանափոխել: Ի՞նչ է, նոր Երևան ենք կառուցելո՞ւ: Եթե փոխում ենք փողոցի անունը, արձաններն էլ պետք է փոխենք չէ՞»:

Նա պատմեց, որ 1990 թվականին ստեղծված ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն 100-ից ավելի փողոցների ու թաղամասերի անվանափոխման հավանություն է տվել. «Օրինակ՝ Սպանդարյան թաղամասը կոչվեց Սիլիկյան և այլն: Իսկ 1998 թվականին Կառավարության որոշմամբ՝ ստեղծվեց անվանակոչությունների և անվանափոխությունների հանձնաժողով, որն այսօր նույնպես գործում է: Պետք է նշեմ, որ ժամանակին Կասյան փողոցն անվանեցինք Սիամանթոյի փողոց, Իսկ, երբ քաղաքապետ ընտրվեց Վանո Սիրադեղյանը, նա ասաց, թե Երևանին պետք չէ Սիամանթոյի փողոց ու կրկին դարձրեց Կասյան: Նույնը նաև Ամիրյան փողոցի դեպքում»:

Լեզվաբանն ափսոսում է՝ Երեւանում մինչ օրս Եղիշեի անվան փողոց չկա. «Այն ժամանակ, երբ Լենինի պողոտան վերանվանեցին Մաշտոցի պողոտա, որոշեցինք, որ զուգահեռ կամ ուղղահայաց փողոցները կրեն 5-րդ դարի հայ պատմիչների անունները. Բուզանդի, Կորյունի, Կողբացու, Փարպեցու անունով ունեինք, ներկայիս Պուշկինի փողոցն էլ Եղիշեի անունով ցանկացանք կոչել, բայց չհամաձայնեցին: Բա ամոթ չէ՞ մեր ազգին: Լավագույն պատմիչներից մեկի անունով փողոց, դպրոց չունենք: Նույնը նաև Սահակ Պարթևի դեպքում»:

Լավրենտի Միրզոյանը ասուլիսի վերջում հավելեց, որ շատ կցանկանար՝ «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, բարեգործ Հրանտ Վարդանյանի անունով էլ փողոց անվանակոչել, ըստ նրա՝ բարեգործի տղաներն այսօր ամբողջ Տավուշի մարզն ու Շենգավիթ համայնքն են պահում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031