Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունենալով ավելի խորը հետախուզման միջոցներ՝ ի վիճակի չենք եղել». ԼՂՀ ՊԲ գնդապետը՝ ապրիլյան պատերազմի մասին

Սեպտեմբեր 04,2017 11:58

Այսօր ՀՅԴ-ն կազմակերպել էր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողով՝ Արցախի հանրապետության հռչակման 26-ամյակին նվիրված:

Խորհրդաժողովի ժամանակ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը ներկայացրեց սահմանում իրավիճակը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հարցրեց՝ մեր գործողությունները Ադրբեջանի որոշումի՞ց են կախված, իրենք ուզում են խաղաղ ճանապարհո՞վ, թե՞ ռազմական գործողություններով խնդիրը կարգավորել՝ Առուստամյանը պատասխանեց, որ ապրիլյան պատերազմում իրենք դիմեցին գործողությունների՝ պատասխանը ստացան: Ինչ էլ լինի, մենք պետք է պատրաստ լինեք ռազմական լուծման:

Առուստամյանը հիշեցրեց, թե հայկական կողմն ինչպես է մարտին դիվերսիոն հետախուզական խմբեր հայտնաբերել եւ ջախջախել, դեռ պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ հետախուզման 5 անդամները մնան չեզոք գոտում:

Հարցին, թե ամեն օր տեղեկանում ենք, որ հակառակորդը կրակ է բացել սահմանի վրա, արդյոք մեր պատասխանը համաչա՞փ է նրանց գործողություններին, մենք պատասխանո՞ւմ ենք համապատասխանաբար՝ Վիկտոր Առուստամյանը պատասխանեց. «Մեր կողմից պատասխան կրակ է բացվում եւ արդեն չենք սահմանափակվում համաչափ զենք կիրառելու հարցում: 60 մմ ականանետից կրակ բացելու դեպքում պատասխան կրակը լինում է 120 մմ ականանետից, պատասխանը լինում է ավելի խիստ»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ի վերջո ի՞նչ խնդիր էր դրել Ադրբեջանը ապրիլյան պատերազմում, այս մասին տարբեր գնահատականներ կան, ռազմական փորձագետների մի մասն ասում է, որ դա հետախուզական նպատակով էր, մի մասը գտնում է, որ Ստեփանակերտը գրավելու, կապիտուլյացիայի ծրագիր էր: Դրանով Ադրբեջանը կարո՞ղ է փորձարկեց իրենց ուժերը եւ հիմա պատրաստվում են ավելի լուրջ գործողությունների»:

Առուստամյանը պատասխանեց, որ «Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ դա եղել է հետախուզության իմաստով: Կենտրոնական ենթակայության զորամասերի աստիճանաբար ներքաշումը գործողություններին, դրա մասին է խոսում խոշոր զորախմբավորում ստեղծելու, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառումը, իրենց համազորային ստորաբաժանումները պատրաստ չէին հետագա գործողությունների… Իրենք գնացել են ամբողջովին ռազմական ճանապարհով հարցի լուծման»:

Փաշինյանը նաեւ հարցրեց, ինչո՞ւ ստացվեց այնպես, որ հարձակման պահին մեր գործողությունները համարժեք չէին, անսպասելիության էֆեկտ առաջացավ եւ դրա մասին խոսում են սոցցանցերում, դուք կարո՞ղ եք բացառել, որ նման իրավիճակ կլինի այլեւս: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ հայկական-ադրբեջանական ռազմական բալանսը խախտվա՞ծ է, թե՞ մենք կարող ենք ասել, որ կա ռազմական հավասարակշռություն:

Գնդապետը պատասխանեց. «Պարբերաբար սրելով իրադրությունը առաջնային գծում, անընդհատ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերով՝ մեր ուշադրությունը սեւեռվել է դրա հակազդմանը: Չունենալով ավելի խորը հետախուզման միջոցներ՝ ի վիճակի չենք եղել: Օրինակ, առաջնագիծ է դուրս բերվել 2 տանկ, հաջորդ գիշերը ձայներ են լսվել, որ տանկեր են հետ գնում, զրահատեխնիկայի անընդհատ տեղաշարժերի մեջ նրանց հաջողվել է մեզ մոլորեցնել: Հետո նոր միայն զրահատեխնիկայի կիրառում հայտնաբերելով՝ անցել ենք գործողությունների: Մենք ունենք բավականին եւ հետախուզական միջոցներ, դիտարկման համակարգ է ստեղծված ամբողջովին, որ օնլայն ռեժիմով հրամանատարական կետից կարող են դիտարկել առաջնագծում իրավիճակը, այն վերահսկելի է»:

Ռազմական բալանսի առումով Առուստամյանն ասաց, որ դեռ 1994-ից միշտ էլ նրանց զինվածությունը, մարտական հզորությունը գերազանցել է, բայց դրանով գնահատել, որ պարտված ենք պատերազմում՝ չի կարելի, որովհետեւ ռազմական գործողությունների վարման մեջ բավականին այլ գործոններ կան, որոնց արդյունքում ռազմական գործողությունները այլ ելք կարող են ունենալ, դա զորքերի պատրաստվածությունն է եւ շատ այլ հարցեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930