Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատում «վիրաբուժական» միջամտության կարիք կա

Սեպտեմբեր 09,2017 14:15

Փաստաբանների մի մասը կարծում է, որ պալատը չի պաշտպանում իրենց իրավունքները

Այսօր ՀՀ փաստաբանների պալատի ընտրություններն են: Թեկնածուն մեկն է՝ պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը: Մեկ թեկնածու լինելու պատճառը, ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի, Փաստաբանների պալատում տիրող անառողջ մթնոլորտն է: «Առավոտի» հետ զրույցում նա ասում է. «Պալատի ներկայիս ղեկավարությունը եւ խորհուրդն ամենեւին չեն զբաղվում փաստաբանների իրավունքների պաշտպանությամբ: Պալատում առկա մթնոլորտը կասկած է հարուցում առ այն, որ ընտրությունները կարող են լինել ազատ եւ անկախ: Նկատենք՝ պալատի խորհրդի կազմում կարող էին լինել երկու տասնյակի հասնող արժանավոր անձինք, սակայն նրանք են, ովքեր աջակցում են պալատի նախագահին»:

Այս պայմաններում, ըստ Արայիկ Պապիկյանի, միամտություն էր ակնկալել, որ այլ անձ կառաջադրվի պալատի նախագահի պաշտոնում. «Միաժամանակ, գտնում եմ, որ իրավիճակը ճիշտ է, երբ հարգարժան ինչ-որ թեկնածու իր թեկնածությունը չառաջադրեց: Դրանով ակնհայտ դարձավ՝ պալատում այնպիսի վիճակ է, որ լուրջ «վիրաբուժական» միջամտության կարիք կա: Հակառակ դեպքում անունը կդնենք ընտրություն, որը ձեւական բնույթ կկրի եւ չի վերաբերի փաստաբանների իրավունքների պաշտպանությանը: Փոխարենը՝ Փաստաբանների պալատի գործունեությունը միտված կլինի պետական իշխանության հետ հարաբերություններն ավելի սերտացնելուն՝ ի վնաս փաստաբանների»:

Պապիկյանի համոզմամբ՝ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններով փորձ է արվելու լեգիտիմացնել ներկայիս նախագահի լիազորությունների ժամկետը. «Վստահ եմ, որ դա փաստաբանների մեծամասնության կամքը չէ»:

Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ, ով եւս «Սասնա ծռերի» գործով պաշտպաններից է, մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ ընտրություններին չի մասնակցելու. «Չի հետաքրքրում, թե ով կլինի պալատի նախագահը, որովհետեւ չեմ տեսնում օբյեկտիվ գործընթաց: Միայն տեսնում եմ փաստաբանների հանդեպ պատժիչ միջոցներ, հետապնդումներ, կարգապահական վարույթներ: Չգիտենք՝ ինչպե՞ս դրանք կանդրադառնան մեր վրա»:

Ղարագյոզյանի խոսքով՝ այդպես խոչընդոտվում է «Սասնա ծռերի» փաստաբանների գործունեությունը. «Մենք անպաշտպան ենք եւ որեւէ կառույց չկա, որը մեզ կպաշտպաներ»: Հավելենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների արդյունքները պարզ կլինեն այսօր երեկոյան: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

09.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նույն իրավիճակն է, որի մասին իտալական “Միլան” ֆուտբոլի թիմի նախկին սեփականատեր Բեռլուսկոնին ասել է թիմի նախկին ֆուտբոլիստ Բալոտելլիի մասին՝ նրան համեմատելով փչացող խնձորի հետ…Կարծում եմ բարդ չէ ասված և փաստաբանները կհասկանան ում և ինչի մասին է ասվածը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930