Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Ինչքան փորձում ենք Էկոլոգիա առարկա մտցնել, ԿԳ նախարարությունը պայքարում է մեր դեմ»

Սեպտեմբեր 09,2017 13:23

Սեպտեմբերի 9-ին Ֆորում ակումբում շրջակա միջավայրի պահպանման, կանաչ տարածքների ոչնչացման ու ծառահատման խնդիրների շուրջ բնապահպան Կարինե Դանիելյանը փաստեց. «Կառավարությանն առընթեր անտառների երկու խորհուրդ, ես երկուսի խորհրդում էլ կամ: Ու անընդհատ հարց եմ բարձրացնում, բայց խորհրդի բոլոր անդամները ինձ ասում են՝ ոչ մի հարց չկա, երբ ասում եմ, թե մեքենաներով դուրս են հանում հատված ծառերը կամ օգտագործում խոշոր բիզնեսի մեջ, բոլորն ինձ ասում են՝ դա սանիտարական հատում է, ստացվում է` ես մենակ եմ: Մեր հիմնական խնդիրը խոշոր բիզնեսի սերտաճումն է իշխանական կառույցերի հետ: Մի անգամ էլ օղակաձեւ զբոսայգում ծառեր էին հատում, որովհետեւ շինարարություն էին անում, ինսպեկցիայից մեկին տեսա, ասեցի՝ եկեք մոտենանք, մոտեցանք, վախեցած ասաց՝ վայ, գիտեք, դա ումն է»:

Կարինե Դանիելյանի փաստմամբ, Անկախության շարժումը բնապահպանականից սկսվեց, այն ժամանակ մենք արժանապատիվ քաղաքացիներն էինք այս մոլորակի, մինչդեռ հիմա դարձել ենք ագահ, խժռող մի ազգ: Ու մինչեւ չվերագտնենք մեր բարոյական կերպարը, որ ունեինք 88-ին, նորմալ պետություն չենք դառնա: Հիմա ամբողջ մարդկությունն էլ մտել է գլոբալ էկոլոգիական ճգնաժամի մեջ, բնությունն էլ մեզ փորձում է դաստիարակել, ու դրա համար հարվածներ են, որ գալիս են»,- ասաց բնապահպանը: Ապա` հավելեց. «Ինչքան փորձում ենք էկոլոգիայի հիմունքներ առարկա մտցնել դպրոց, ԿԳ նախարարությունը պայքարում է մեր դեմ: Մի քանի անգամ բոլոր ԿԳ նախարարների մոտ էլ եղել եմ, հետները խոսել եմ,բայց ապարդյուն: Ի դեպ, աշխարհում մի քանի ձեւ կա էկոլոգիական կրթության. առաջին, երբ էկոլոգիական գաղափարախոսությունը բացվում է տարբեր առարկաների մեջ՝ կենսաբանություն, աշխարհագրություն, մաթեմատիկա:

Մյուսը՝ երբ առանձին էկոլոգիա առարկա կա: Եվ երրորդը, երբ երկուսը միացնում են իրար: Մեզանում երկրորդ տարբերակն է գործում՝ գաղափարախոսությունը բաշխված է այնպես, որ համակարգը չի գործում, մեզանում իններորդ դասարանի դասագրքում կենսաբանական էկոլոգիա է: Ներկայումս ես Մանկավարժական համալսարանում էկոլոգիայի կայուն զարգացման ամբիոնի վարիչն եմ, ու մի անհեթեթ բան եմ նկատել` մեր շրջանավարտներն իրավունք չունեն դպրոց մտնելու: Ի դեպ, շատ բուհերում ԿԳՆ առաջարկով էկոլոգիական մասնագիտացումները հանել են»:

Կարինե Դանիելյանն ասում է, որ մեր կենսաբազմազանությունը մեր հարստությունն է, որը աշխարհում բացառիկ է, իսկ մենք այս վերաբերմունքով հիմքից կտրում ենք Հայաստանի բնությունն ու ապագան. «Ամեն երկրի քաղաքաշինությունը ֆիքսում է, թե ինչ վիճակ է երկրում: Այն փաստում է, որ մեր երկրում օրենքները չեն գործում: Որտեղ շինարարը մտավ, ծառից ոչինչ չի մնում, տարածքում ամբողջ կանաչ տարածքը վերանում է, այնքան փոքր են թողնում ծառերի բնաբաժակը, որ ծառին չի բավարարում, ասֆալտը լցնում են ծառի արմատին: Վերջերս տեսել եմ, թե ինչքան հսկա ծառերի տերեւներ են դեղնել Երեւանում: Խոսեցի քաղաքապետարանի հետ, ասացին, որ օգոստոսին լինում է, կվերականգնվեն, բայց ես չեմ հավատում: Կոչ եմ անում Երեւանի բնակիչներին գոնե մեկ-երկու խմելու դույլ լցնեն այդ ծառերի տակ, որովհետեւ ուրիշ հնարավորություն չկա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930