Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը «Խավարում»-ի փակման մասին.«Որեւէ թանգարան իրավունք չունի ինքնուրույն քաղաքականություն վարելու» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2017 14:53

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրեց՝ Թումանյանի անվան թանգարանում խորհրդային բռնատիրության լուսավոր զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը, որը 22 օր ցուցադրվելուց հետո փակվեց, համաձայնեցված չի եղել նախարարության հետ:

Հարցին՝ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պնդում է, որ նախարարությանն օրեր առաջ իրազեկել է, նախարարը կրկին պնդեց՝ այն համաձայնեցված չի եղել: «Խոսքը վերաբերում է աշխատանքային ներքին կանոնակարգին, որեւէ ցուցադրություն` լինի ժամանակավոր, թե հիմնական, թանգարանը պարտավոր է համաձայնեցնել նախարարության հետ: Նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմանագրում կամ առանձին համաձայնությամբ որեւէ տեղ չկա նման ցուցադրության մասին»,-ասաց նախարարը:

Ամիրյանի ներկայացմամբ՝ ցանկացած թանգարան իրավունք չունի ինքնուրույն որոշելու, թե՝ ինչ քաղաքականություն է վարում, մշակույթի նախարարությունն է մշակութային քաղաքականությունը վարում.« Խոսքը մշակութային ազատության մասին չէ, խոսքը ձեւաչափի մասին է: Որեւէ ցուցադրություն ենթադրում է ծախսեր՝ բյուջեից կամ արտաբյուջեից: Այս ցուցահանդեսի ծախսը նախատեսված չի եղել»:

Արդյոք տարօրինա՞կ չէ, որ ցուցահանդեսը 22 օր տեղի է ունեցել, հետո նոր նախարարությունը որոշեց փակել այն, նախարարը դրական պատասխան տվեց:

Հարցին էլ՝ հնարավոր չէ՞ր առանց աղմուկի, ներքին պայմանավորվածությամբ խնդիրը լուծել եւ չփակել ցուցահանդեսը,Ամիրյանն ասաց.«Այո, համաձայն եմ ձեզ հետ»: Նախարարը վստահեցրեց` առաջիկայում ցուցահանդեսը վերաբացվելու է եւ նույն բովանդակությամբ:

«Մենք տարբեր առիթներով թեման արծարծել ենք, թանգարանային գիշերը այս թեմայով եղել է ցուցահանդես: Սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում լինելու է նույն ցուցահանդեսը: Նախագահի հանձնարարական կա՝ առանձին թանգարան հիմնել Խորհրդային բռնապետութան զոհերի հետ կապված»:

Ամիրյանը վստահեցրեց՝ ցուցահանդեսի բովանդակության հետ կապված որեւէ խնդիր չունի նախարարությունը.«Այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաեւ իմ ազգականների անունները»:

Նախարարը նաեւ վստահեցրեց, թե ցուցահանդեսի փակումը քաղաքական նպատակ չի ունեցել: Հարցին՝ այդ դեպքում ինչպես կմեկնաբանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հայտարարությունը՝ ցուցահանդեսը փակվել է, որովհետեւ այն քաղաքականացված էր, Ամիրյանն ասաց.«Չգիտեմ՝ ինչ է ասել, ես երեկ գիշեր եմ եկել: Հավանաբար նկատի է ունեցել քաղաքականացվել է ցուցահանդեսը, այսինքն՝ որոշ մարդիկ շահարկում են այս ցուցահանդեսի փակումը: Թույլ տվեք իմանամ ինչ է ասել, հետո մեկնաբանեմ»:

Թե ինչպիսի տնօրեն է Նարինե Թուխիկյանը, արդյոք նախարարը նրա հետ խնդիրներ ունի, եւ հնարավո՞ր է աշխատանքից ազատեն, այս հարցերին ի պատասխան նախարարն ասաց.«Նա մեր լավագույն տնօրեններից է: Ես բավարարվում եմ բանավոր մեր խոսակցությամբ եւ բանավոր դիտողությամբ: Հակառակ դեպքում, նման դեպքերում խիստ նկատողություն է լինում: Աշխատանքից ազատելու խնդիր չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930