Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարվա օգոստոսի համեմատ մեր գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 25 տոկոսով. »Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 21,2017 11:34

Այս տարվա օգոստոսին մեր գյուղատնտեսությունը բնական աղետ է վերապրել։ Այսպիսի տպավորություն է ստեղծվում, երբ ուսումնասիրում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ ներկայացրած ցուցանիշները։

Ըստ այդմ, անցած տարվա օգոստոսի համեմատ մեր գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 25 տոկոսով։ Թե ինչի հետեւանք է սա, դժվար է ասել։ Եթե տվյալները ճիշտ են արտացոլում վիճակը, ապա այսպիսի գահավիժման միակ բացատրությունը կարող է լինել համատարած երաշտը։ Անցած ամիս, իհարկե, տարբեր գյուղերից ստացվել են տեղեկություններ, որ ոռոգման ջրի լուրջ դեֆիցիտ կա, սակայն պատկան մարմինների կողմից չեն եղել հայտարարություններ այն մասին, որ Հայաստանում մասշտաբային երաշտ է։ Միայն այդպիսի երաշտը կարող էր հանգեցնել գյուղոլորտի արտադրանքի 25 տոկոս անկման։

Դրանից ավելի մեծ անկում անցած մեկ տարվա ընթացքում գրանցվել էր նաեւ 2016 թվականի հոկտեմբերին։ Այդ ամիս գրանցվեց մոտ 30 տոկոս անկում  նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ։ Սակայն այդ անկումը, ճիշտն ասած, այնքան էլ արժանահավատ չէր թվում։

Խնդիրն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին ձեւավորվել էր Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը եւ, բնականաբար, նոր կառավարությունը ձգտում էր «գույքագրել» տնտեսական ցուցանիշները եւ դրանք հնարավորինս մաքրել նախկինների հավելագրումներից, հետագայում ավելի տպավորիչ աճեր ստանալու ակնկալիքով։ Ավելի պարզ ասած, գյուղատնտեսական ցուցանիշների անցած տարվա հոկտեմբերին եւ նոյեմբերին արձանագրված գահավիժումները ավելի շատ ներքաղաքական ենթատեքստ ունեին։ Իսկ ահա այս տարվա օգոստոսին արձանագրված 25 տոկոս անկման արժանահավատության աստիճանը կարծես թե ավելի բարձր է։

Առաջին հերթին հենց գյուղատնտեսությունում արձանագրված այս գահավիժումը հանգեցրել է նրան, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճի տեմպը ամենացածրն է եղել այս տարվա ընթացքում։ Օգոստոսին, ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, ՏԱՑ-ը անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է ընդամենը 2.4 տոկոսով։ Դա այն դեպքում, երբ առաջին 8 ամիսներին ՏԱՑ-ի միջին աճը կազմել է 5.5 տոկոս։ Այսինքն, օգոստոսին ՏԱՑ-ի աճի տեմպը ավելի քան երկու անգամ պակաս է եղել միջինից։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930