«Ժողովրդավարական դիմակայունության ապահովման երկու հիմնական գործոններից են մարդու իրավունքների պաշտպանների և անկախ լրատվամիջոցների պաշտպանությունը»,-Ստրասբուրգում անցկացվող «Նոր ժողովրդավարական պակտ Եվրոպայի համար» խորագրով Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2026-ի շրջանակներում անցկացված «Հասարակության դիմակայունության ամրապնդումը ապատեղեկատվության նկատմամբ՝ ապագայի վերաբերյալ տեղեկացված ընտրություն կատարելու համար» խորագրով քննարկման ժամանակ վստահեցրեց ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ծրագրերի ոլորտում ավագ քաղաքականության վերլուծաբան (Կանադա) Սուրենդրինի Վիջեյարաթնեն։
Նոյեմբերի 2-3-ին Եվրոպայի խորհրդում (ԵԽ) անցկացվող ֆորումը մեկ հարկի ներքո է համախմբել քաղաքական առաջնորդների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների։ Երկօրյա քննարկումների ընթացքում գնահատում են Եվրոպայում ժողովրդավարության ներկա վիճակը՝ համաշխարհային կարգի խաթարման պայմաններում, ինչպես նաև քննարկում են ապագա ժողովրդավարական անվտանգության ապահովման հնարավոր լուծումները։
Կանադացի փորձագետը նշեց, որ Կանադայի կառավարությունը ծրագրեր է իրականացնում այլ ԵԽ անդամ կառավարություններին աջակցելու ուղղությամբ արտաքին միջամտության դեմ պայքարի հարցում․ «Սակայն միայն կառավարությունների հնգամյա ծրագրերի իրականացումը չի կարող արդյունավետ լինել ապատեղեկատվության դեմ պայքարում։ Անհրաժեշտ են համակարգային գործողություններ»։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ պետական դերակատարներն օգտագործում են տեղեկատվության մանիպուլյացիայի մեթոդներ՝ հասարակական համերաշխությունը խաթարելու, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի լիարժեք իրացմանը խոչընդոտելու նպատակով․ «Մենք ականատես ենք եղել նման հարձակումների լայնածավալ դրսևորումների։ Կանադայի տեսանկյունից՝ առաջնահերթ խնդիրն այսօր ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումն է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ապագա մարտահրավերները։ Այս համատեքստում նշվում են երեք հիմնական ուղղություններ՝ տեղեկատվության ամբողջականության պաշտպանություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների (FIMI) դեմ պայքար, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքար»։
Ժողովրդավարության Ֆորումի շրջանակներում «Հասարակության դիմակայունության ամրապնդումը ապատեղեկատվության նկատմամբ՝ ապագայի վերաբերյալ տեղեկացված ընտրություն կատարելու համար» խորագրի ներքո քննարկումները ծավալվեցին այն հարցի շուրջ, թե ինչ մեխանիզմներ պետք է իրականացվեն ժողովրդավարական դիմակայություն ապահովելու համար, ո՞ր ոլորտներում պետք է ներդրումներ կատարվեն, մասնավորապես կարևորվեց անկախ մեդիային աջակցությունը։
Նորվեգիան ԵԽ անդամ եզակի երկրներից է, որը մշակել և ընդունել է ռազմավարական ծրագիր՝ ընդդեմ ապատեղեկատվության (2025–2030 թթ.)։ Նորվեգիայի դեսպան և Եվրոպայի խորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Վեբյորն Հայնեսի տեղեկացմամբ՝ անկախ լրատվամիջոցներին աջակցությունն այս ծրագրի կարևորագույն հիմնադրույթներից է․ «Ապատեղեկատվության դեմ պայքարում կարևորագույն մեխանիզմներից է անկախ լրատվամիջոցների ամրապնդումը ոչ միայն ազգային մակարդակում, այլև ավելի լայն շրջանակներում։ Մենք ուղիղ աջակցություն ենք ցուցաբերում լրատվամիջոցներին։ Սա նախատեսված է ռազմավարական ծրագրով։ Ապատեղեկատվությունը և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները (FIMI) անդրսահմանային բնույթ ունեցող մարտահրավերներ են, որոնց արդյունավետ դիմակայությունը պահանջում է միջազգային համագործակցություն»։
Գորիցիայի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի (ISIG) տնօրեն Դանիելե դել Բիանկոն կարևորեց, որ ապատեղեկատվության դեմ պայքարում դիմակայունության կարողությունների վերլուծությունից անցում կատարենք դեպի այն ուղիների առաջարկմանը, որոնք թույլ կտան բարելավել դիմակայունության արդյունավետությունը․ «Մենք հասարակության դիմակայունությունը դիտարկում ենք հինգ տարբեր ուղղությունների միջոցով՝ քաղաքացիական թվային կրթություն, անկախ լրատվամիջոցներին աջակցություն, մեդիա և տեղեկատվական գրագիտություն, երիտասարդների մասնակցություն և հզորացում, մշակութային ներառականություն։ Անհրաժեշտ է ինստիտուտների աշխատանքի գնահատում՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում նշանակում դիմակայունությունը։ Խոսքը ոչ միայն կարողությունների պակասը բացահայտելու մասին է, այլև այնպիսի համագործակցային ցանցի առկայության, որը բավականաչափ ամուր կլինի արժեքների պաշտպանության համար։ Ուստի մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են արձագանքում ինստիտուտները, ինչպես են իրականացվում քաղաքականությունները, և արդյոք այդ քաղաքականությունները համահունչ են միջազգային մեխանիզմներին։ Կարևոր հենասյուն է քաղաքացիական հասարակության դերակատարների, հասարակական կազմակերպությունների ներգրավվածությանը այս նախաձեռնության շրջանակներում»։
Հարցին՝ ի՞նչ անել, որ ապատեղեկատվության դեմ պայքարը չօգտագործվի մամուլին լռեցնելու համար, Դանիելե դել Բիանկոն պատասխանեց․ «Մենք խոսել ենք արգելքների սահմանման և սահմանագիծ գծելու մասին։ Իմ կարծիքով՝ այս փուլում խնդիրը սահմանագիծ գծելը չէ, այլ պետք է աշխատենք այդ սահմանագիծը սահմանելու լավագույն ուղին գտնելու ուղղությամբ, և դրանից հետո արդեն կորոշենք, թե որտեղով պետք է անցնի այդ սահմանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ





















































